Արծվիկ Մինասյանը չբացառեց հետագա իրավական զարգացումը
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը չի փոշմանել DIY ակումբի պայթեցման միջադեպի եւ ակումբի տնօրեն Ծոմակի` Արմինե Օգանեզովայի վերաբերյալ իր արտահայտած կարծիքի համար, անգամ եթե իր արտահայտած կարծիքը ԱԺ էթիկայի հանձնաժողովի քննարկման նյութ է դառնալու:
“Իհարկե, ես չէի կարող փոշմանել եւ չեմ էլ պատրաստվում փոշմանել, եթե սխալ հասկացվածություն կա, դա այն մարդկանց խնդիրն է, ովքեր չեն էլ հասկացել իմ գործողությունների տրամաբանությունն ու իրավաչափ լինելը: Մյուս կողմից ես չեմ ուզում այս հարցի մասին խոսել, որովհետեւ դրանով գովազդում ենք այն անձանց եւ կազմակերպություններին, որոնք զբաղված են, այո, հենց հակապետական, հակաիրավական վարքագծով”,- Henaran.am-ին ասել է Արծվիկ Մինասյանը:
Հիշեցնենք, որ PINK Armenia /Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք/ ՀԿ-ն DIY –ի հետ կապված միջադեպի եւ Ծոմակի վերաբերյալ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի եւ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի արտահայտած կարծիքների մասին դիմում –բողոք է ներկայացրել ԱԺ էթիկայի հանձնաժողովին:
Ի դեպ, Արծվիկ Մինասյանն ինքն էլ հիշյալ հանձանժողովի անդամ է: ՀՅԴ-ական պատգամավորը Henaran.am-ին ասաց, որ դիմում-բողոքի հրապարակումից հետո հասարակությունը կտեսնի բազմաթիվ վիրավորական արտահայտություններ իր եւ Շարմազանովի հասցեին: “Դրանք կարող են հիմք հանդիսանալ առանձին իրավական վարույթ հարուցելու արդեն մեր կողմից”,-նկատեց Արծվիկ Մինասյանը` չբացառելով իրավական զարգացման հնարավորությունը:
Միեւնույն ժամանակ, Արծվիկ Մինասյանը նշեց, որ չի ցանկանում ժամանակից շուտ կարծիք արտահայտել եւ խոսել հնարավոր գործողությունների մասին` մինչեւ ԱԺ էթիկայի հանձնաժողովի որոշումը:
“Մի բան հստակ է, թե Շարմազանովի, թե իմ արտահայտած տեսակետներում եւ գործողություններում չկա որեւէ հակաիրավական բան, ես դա պնդում եմ”,- Henaran.am-ին ասաց ՀՅԴ-ական պատգամավորը:
Նշենք, որ ԱԺ էթիկայի հանձնաժողովը կամ դիմում- բողոքը պետք է վարույթ ընդունի, կամ մերժի: Դիմումը վարույթ ընդունելուց հետո ուսումնասիրի այն եւ որոշում կայացնի, թե արդյոք պատգամավորները խախտել են էթիկայի կանոնները:
Նշենք, որ ԱԺ Էթիկայի հանձնաժողովի որոշումը իրավական հետեւանք ունենալ չի կարող: Այն կարող է ունենալ միայն բարոյական ազդեցություն պատգամավորների եւ հասարակության համար:
Ի դեպ, Արծվիկ Մինասյանը մեր միջոցով դիմեց ԶԼՄ- ներին հետեւյալ կոչով.”Մի գովազդեք հակահասարակական, հակասոցիալական մի բան, որն ուզում են այն անձինք եւ կազմակերպությունները, որոնք դրանով լրացուցիչ ֆինանսական միջոցներ հայթայթելու եւ անհարկի հեղինակություն ձեռք բերելու նպատակ են հետապնդում”:
Հավելենք, որ DIY –ի պայթեցմանը հաջորդած աղմուկի շրջանում Արծվիկ Մինասյանը լրատվամիջոցներին ասել էր, որ “Ծոմակի տեսակը ոչնչացնում է հայ հասարակությանը”, իսկ Էդուարդ Շարմազանովը համասեռամոլներին “հասարակությունն այլասերող” էր անվանել: