Արցախի Կոլխոզաշեն համայնքում հուշակոթող է բացվել. Ներկա են եղել Բակո Սահակյանն ու Սերժ Սարգսյանը
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 11-ին այցելել է Մարտունու շրջանի Կոլխոզաշեն համայնք եւ մասնակցել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողի եւ թանգարանի հանդիսավոր բացմանը:
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար Նախագահը պետական բարձր պարգեւներ է հանձնել մի խումբ ազատամարտիկների եւ հանդես եկել ելույթով:
«Կոլխոզաշենը Արցախի հինավուրց բնակավայրերից է, եւ նրա բնակիչներին միշտ հատուկ է եղել աշխատասիրությունը, պարկեշտությունը, նվիրվածությունը հայրենիքին եւ հարազատ օջախին: Դուք ունեք ձեր բնակավայրով հպարտանալու ամուր հիմքեր», – ընդգծել է իր ելույթում երկրի ղեկավարը՝ համոզմունք հայտնելով, որ այս հուշահամալիրը կդառնա ուխտավայր ե՛ւ կոլխոզաշենցիների, ե՛ւ ողջ Արցախի համար:
Միջոցառմանը ներկա է եղել նաև Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը։
news.am