Մենք չենք կարող նույն գործը մի քանի անգամ անել. Նիկոլ Փաշինյան
«Լրացավ մեր կառավարության կամ հետհեղափոխական կառավարության գործունեության մեկ տարին և, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ համատեղ աշխատանքի համար: Իհարկե, այս ընթացքում կառավարության կազմում փոփոխություններ են տեղի ունեցել, կառավարության գործող անդամների մի մասը հենց ամենասկզբից են ընդգրկված կառավարության կազմում կամ առընթեր մարմիններում, այն մարդկանց, ում հետ այս ընթացքում աշխատել ենք, ուզում եմ շնորհակալություն հայտնել»,- այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով երկու օր առաջ իր մամլո ասուլիսին՝ վարչապետը նշեց, որ հրապարակել է 100 փաստ կառավարության գործունեության մասին. «Այդ փաստաթուղթը շատ կարևորում եմ, որովհետև դա շատ կոնկրետ ցույց է տալիս, թե ինչ ենք արել այս մեկ տարվա ընթացքում մենք: Բայց, ըստ էության, դրանով նոր հաշվետվողականության նշաձող է սահմանվել»:
Ըստ նրա՝ տարեվերջյան ասուլիսում բոլորը միասին պետք է ևս 100 փաստ ունենան հրապարակելու նոր Հայաստանի մասին: Ն.Փաշինյանը նշեց, որ այսօր ևս ունեն այլ փաստեր, բայց որոշել էին ներառել այն փաստերը, որոնք շատ կոնկրետ են մարդկանց կյանքում և ապագայի համար. «Ակնկալում եմ, որ կառավարության բոլոր անդամները պետք է հենց այս չափանիշով աշխատեն»:
Ն.Փաշինյանը հույս հայտնեց, որ կաշխատեն այդ ձևաչափով, փաստերի հավաքագրումը, ստեղծումը կլինի իրենց ամենօրյա աշխատանքի մասը.
«Ընդհանուր առմամբ մենք տարվա արդյունքներով կարող ենք արձանագրել, որ այս մեկ տարին, իհարկե, շատ կարևոր շրջան էր, չեմ զլանա ասել՝ տեղի են ունեցել բուռն քաղաքական իրադարձություններ՝ վարչապետի հինգ, քաղաքապետի, ԱԺ ընտրություններ, ՏԻՄ ընտրություններ, և մեր կառավարությունը ձևավորվել է հենց դեկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով: Ակնկալում եմ, որ առաջիկայում մեր աշխատանքի տեմպն ավելի բարձր կլինի»:
Ն.Փաշինյանը նշեց, որ Աժ-ն վերջնական ընդունել է կառավարության նոր կառուցվածքի մասին օրենքը, և փոփոխություններն առաջիկայում պետք է կյանքի կոչեն:
Նա շեշտեց, որ այդ գործընթացը չպետք է որևէ կերպ նվազեցնի իրենց առօրյա կյանքի տեմպը: Վարչապետի խոսքով՝ առաջիկայում իրենց ամենակարևոր խնդիրը բյուջեի ծախսային մասի բնականոն ընթացքն է, պետք է կարողանան ապահովել ոչ միայն ծախսային մասը, այլև այն հավելյալ 62 մլրդ դրամը, որ գեներացվում է, պետք է այդ միջոցները արդյունավետ ծախսելու միջոց գտնեն, որի համար լուրջ քննարկումներ պետք է տեղի ունենան: Այս գործի համակարգումը վարչապետը հանձնարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանին:
Ն.Փաշինյանը նշեց, որ ճանապարհաշինարարության ոլորտում շատ կարևոր գործընթացներ պետք է սկսվեն, լայնածավալ շինարարական աշխատանքները կսկսվեն մայիսի 15-ից, և կառավարության կառուցվածքի փոփոխությունը որևէ կերպ չպետք է ազդի: Նա կարևորեց, որ եթե որևէ կառուցապատող իր պարտավորությունները դիտավորյալ կերպով չի կատարում, անորակ ճանապարհ է կառուցում, ապա գիտի դա, և պետք է պատասխանատվության միջոցներ լինեն. «Մենք չենք կարող նույն գործը մի քանի անգամ անել»: