Թքած
Հայաստանում Արցախի նախագահ Բակո Սահակյանի ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանի համոզմամբ`քանի դատարանը գործը վարույթ ընդունելու մասին որոշում չի կայացրել, գործը դատարանի վարույթում չէ, նշանակում է, որ դատարանը չի կարող այս պահին որոշում կայացնել խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ, հետեւաբար այն գտնվում է նախաքննության մարմնի՝ դատախազի տիրույթում.
«Դատախազը բացարձակ ստում է, որովհետեւ այն պահին, երբ գրվել է այս ուղերձը, դիմումը, խնդրանքը, գործը դատարանի վարույթում չէր, նախկին դատավորը ինքնաբացարկ էր հայտնել, եւ դժվար էր կանխատեսել, որ երկու ժամվա ընթացքում գործը կմակագրվի ինչ որ դատավորի վրա»,-ասել է Իսագուլյանը`մեկնաբանելով ՀՀ գլխավոր դատախազի պատասխանը` ուղղված Արցախի ներկա եւ նախկին նախագահներ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի խնդրանքն ուղղված Արթուր Դավթյանին: Հիշեցնենք, վերջիններս դիմել էին դատախազին`խնդրելով փոխել ՀՀ երկրորդ նախագահ, Արցախի նախագահ, Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը:
Գլխավոր դատախազությունը արձագանքել է նախագահների դիմումին․
«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի համաձայն՝ խափանման միջոցը կարող է փոփոխվել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախաքննությունը մեղադրական եզրակացության կազմմամբ ավարտված քրեական գործը՝ ըստ մեղադրանքի նաեւ Ռոբերտ Քոչարյանի, 2019 թվականի ապրիլի 29-ին ըստ էության քննելու համար ուղարկվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:
Քանի որ տվյալ քրեական գործը ներկայումս գտնվում է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, ՀՀ դատախազությունը տվյալ քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը չէ, հետեւաբար նախագահների կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումի քննարկումը ներկա փուլում դուրս է ՀՀ դատախազության լիազորությունների տիրույթից»:
Գառնիկ Իսագուլյանի խոսքով՝ առհասարակ կարեւոր չէ, թե Արցախի նախկին եւ ներկա նախագաները ում անունով են դիմումը հղել, դա ուղղված է առհասարակ Հայաստանի հանրապետությանը, իշխանություններին, ՀՀ քաղաքացիներին: Դատախազության մեկնաբանությունը նրա կարծիքով՝ ակնհայտ խուսափոխականություն է խնդիրը ոչ կառուցողական դաշտ մտցնելու ուղղությամբ.
«ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, արդարադատության նախարարը, ԱԱԾ պետը, գլխավոր դատախազը, ոստիկանապետը, բոլորը պատասխանատվություն են կրելու: Սա ոչ թե Պուտինի կամ Թրամփի խնդրանքի մերժում է, այլ Արցախի ուրացում կնշանակի, որովհետեւ այս մարդիկ ցույց են տալիս, որ ընդհանրապես թքած ունեն Արցախի՝ որպես անկախ հռչակած հանրապետության վրա, սրանով Արցախի հարցի հետագա լուծումն էլ դարձնում են շատ մութ: Այս կոչ-խնդրանքի մեջ շատ լուրջ գաղափար կար դրված, եթե սա չեն հասկանում հայաստանյան իշխանությունները, նշանակում է ոչ միայն Արցախը, այլ Հայաստանը տանում են կործանման:Օր առաջ պետք է սրանցից ազատվել»: