Նախընտրական կրակոցներ Խաչիկյանի ուղղությամբ. հակասական տեղեկություններ
Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում ահազանգ է ստացվել այն մասին, որ կրակոցներ են հնչել Ախթալայում: Ախթալայից Henaran.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ հարձակվել են Վազգեն Խաչիկյանի կրտսեր եղբոր` Ախթալայի գործող քաղաքապետ, սեպտեմբերի 9-ին Ախթալայում սպասվող քաղաքապետի ընտրություններում առաջադրված Հայկազն Խաչիկյանի վրա:
Նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Փոխարենը եղբայրը` Վազգեն Խաչիկյանը հաստատեց, որ իրոք հարձակում եղել է: “Նախ մտել է եղբորս տունը, տանը մարդ չի եղել, կինն ու երեխան փախել են հարեւանի տուն: Կրակել են տան մեջ: Դրանից հետո կրակել է քաղաքապետի ծառայողական մեքենայի վրա, բայց դրա մեջ էլ մարդ չի եղել”,-Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց Խաչիկյանը:
Նախնական տեղեկություններով, կրակողը եղել է Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի անվտանգության ծառության պետ Արսեն Չիթչյանը, մականունը` Բոդոլ: Ըստ Վազգեն Խաչիկյանի, նա դեռ կալանավորված չէ: Ի դեպ, Խաչիկյանի տնից, Բոդոլը անցել է նաեւ հարեւանի տուն, ահաբեկել նրանց:
Ըստ լուրերի` կրակոցները քաղաքական հողի վրա են: Ախթալեցիները պատմում են, որ Սերոբ Տեր-Պողոսյանի կողմնակիցները պաշտպանում են քաղաքապետի թեկնածու, Ախթալայի նախկին քաղաքապետ Սուրեն Թամազյանին: “Սերոբը իրենց պապան էր, ավելի շուտ ամուսինը: Խմել են, կատարները տաքացրել եւ հիշել, որ մի հատ շխուր անեն”,-ասաց Խաչիկյանը:
Ոստիկանության Ալավերդու բաժանմունքի պետ Արթուր Հարությունյանը Henaran.am-ի հետ զրույցում հերքեց, որ կրակել են են Ախթալայի քաղաքապետ Հայկազն Խաչիկյանի վրա: “Պարզապես վիճաբանություն է եղել, ծեծկռտուք, կրակոցներ չեն եղել: խնդրում եմ ոստիկանություն զանգեք, ես զբաղված եմ այլ բան ասել չեմ կարող”-եզրափակեց նա: