Ախթալայում ծեծկռտուքի առիթը տեսագրությունն էր. Հայկական ժամանակ
“Հայկական ժամանակը” գրում է, որ ՏԻՄ ընտրություններին ընդառաջ` երեկ երեկոյան Ախթալայում իրական մարտաֆիլմի սցենարով դեպքեր են կատարվել:
Նախ` ծեծկռտուք է տեղի ունեցել Ախթալայի քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Հայկազ Խաչիկյանի տանը, ըստ որոշ տեղեկությունների` հնչել են նաեւ կրակոցներ:
Հաջորդ ծեծկռտուքը ծավալվել է Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի անվտանգության ծառայության պետ, Բոդոլ մականունով հայտնի Արսեն Չիթչյանի տանը: Հենց տան մեջ ծեծի են ենթարկվել նրա մայրը` Նինա Չիթչյանը, հայրը` Բենիկ Չիթչյանը, տատը` Բավական Չիթչյանը եւ քույրը` Անուշ Չիթչյանը: Չորսն էլ երեկ տեղափոխվել են քաղաքի բժշկական կենտրոն:
Թերթի տեղեկություններով, այս ամենի պատճառ են հանդիսացել Խաչիկյանների կողմի սպառնալիքները Չիթչյանի հասցեին: Քաղաքում տարածված լուրերի համաձայն, ՏԻՄ ընտրություններին Չիթչյանի ակտիվության դեպքում` Խաչիկյանները սպառնացել են հրապարակել ինչ-որ տեսագրություն, որից հետո Չիթչյանը կարող է մեղադրվել այն նույն բանի համար, ինչի համար ազատազրկման է դատապարտվել կոմբինատի նախկին տնօրեն Սերոբ Տեր-Պողոսյանը: Եվ ահա, իմանալով այդ մասին, երեկ երեկոյան Չիթչյանը գնացել է Խաչիկյանների տուն` պատիվ պահանջելու:
Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, տանը իրեր են կոտրվել, ասում են` նաեւ կրակոցներ են հնչել, ինչից հետո Չիթչյանը դիմել է փախուստի:
Դրանից հետո Խաչիկյանների կողմնակիցները մուտք են գործել Չիթչյանների տուն եւ դաժան ծեծի ենթարկել տանը գտնվող ընտանիքի բոլոր անդամներին: Երեկ թերթին չի հաջողվել պարզել, թե Ախթալայի քաղաքապետ եւ միաժամանակ քաղաքապետի թեկնածու Հայկազ Խաչիկյանը եւ նրա եղբայրը` սոցապ հիմնադրամի նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանը, անձամբ մասնակցե՞լ են Չիթչյանի տան վրա կազմակերպված գրոհին, թե՞ ոչ: Հարկ է նկատել, որ իրավապահները այս դեպքում նույնպես “չեն կարողանում” պարզել, թե ինչ է տեղի ունեցել: Խնդիրն այն է, որ Հայկազ Խաչիկյանը Ախթալայի քաղաքապետի` “Սերժի դաբրոն” ստացած թեկնածուն է, ինչն էլ երաշխիք է, որ այդպես էլ գործը չի բացահայտվելու:
Կատարվածի մասին երեկ ոստիկանությունը որեւէ տեղեկություն չի հայտնել: Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը թերթի թղթակցին ասել է, որ ոստիկանները գտնվում են դեպքի վայրում, հանգամանքները ճշտվում են:
Կեսգիշերին հիվանդանոցից հայտնել են, որ քիչ առաջ Չիթչյանները գնացել են տուն: “Նրանք սրսկումներ ստացան, բայց չհամաձայնեցին մնալ, գնացին”,- ասել է ընդունարանի աշխատակցուհին` խուսափելով թերթի թղթակցին հայտնել, թե կոնկրետ ինչ վնասվածքներ են ստացել ընտանիքի անդամները: Թերթի ունեցած տեղեկությունների համաձայն, տատը` Բավական Չիթչյանը, բավական լուրջ վնասվածքներ է ստացել:
Լուսանկարը՝ Էդվարդ Արզումանյանի