Ով ում վրա է գործ կարում, ով ում վրա է թիմակիցներին մոբիլիզացնում. դատաիրավական համակարգի կոլապսի ծանր հետեւանքները
Մի քանի օր շարունակ երկրի պետական մարմինների ներկայացուցիչները միմյանց նկատմամբ անվստահություն են հայտնում, հրապարակային մեղադրանքներ ներկայացնում, դատավորները, չնայած իրենց պատասխանատու կոչմանը, համարձակություն չեն գտնում քննելու հնչեղություն ունեցող գործեր եւ իրար հաջորդող ինքնաբացարկներ են ներկայացնում: Սա շատ լուրջ խնդրի մասին է խոսում։ Զգույշ եղեք։
Խնդիրն այստեղ ամենեւին անհատների մեջ չէ: Խնդիրը կառույցների եւ համակարգերի նկատմամբ անվստահության, իսկ դրա արդյունքում նաեւ արժեզրկման մեջ է: Սա բերելու է դատաիրավական համակարգի հեղինակության եւ վստահելիության կոլապսի:
Կայացվող որոշումներից յուրաքանչյուրը հասարակության այս կամ այն խմբի կողմից անընդհատ կասկածի տակ է դրվելու:
Եւ սա ամենեւին մեկ օրվա, կամ վերջին մի քանի օրերի գործընթաց չէ: Այս գործընթացը սկսել է վաղուց, ինչի մասին դեռ ամիսներ առաջ բազմաթիվ անգամ զգուշացրել եմ։ Իրավապահ մարմինների լրահոսները, մեկ տարի շարունակ հեղեղված են այսինչ դպրոցում կամ այսինչ մանկապարտեզում ու պոլիկլինիկայում պահակի, հավաքարարի հանդեպ քրեական հետապնդում սկսելու մասին հայտարարություններով, տարբեր ՍՊԸ-ներում հանցագործութունների բացահայտելու, գյուղապետարաններում դարի հանցագործներ բացահայտելու չդադարող տեղեկատվական հոսքերով: Ոլորտի հետ առնչություն ունեցող մարդիկ լուրջ չեն վերաբերում իրավապահ մարմինների նման գործելաոճին: Սրանք սխալներ էին, որոնց հետեւանքներն ենք մենք հիմա տեսնում։
Երբ ամեն նորանշանակ պաշտոնյա իր խնդիրն էր համարում առանց հիմք ու առանց ապացույց աջ ու ձախ բոլորին մեղադրել կոռուպցիայի ու այլ մեղքերի մեջ, ապա պարզ էր, որ գործընթացը դրանով չէր կանգնելու եւ ունենալու էր իր ծանր հետեւանքները։
Արդյունքում անհետանում է վստահությունը պետական բազմաթիվ մարմինների, նրանց գործառույթների եւ հեղինակության նկատմամբ:
Ինչպես վերաբերել պետական լրջագույն մարմիններին, որոնք պատասխանատու են անվտանգության, կոռուպցիայի դեմ պայքարի համար, սակայն մի քանի օր է իրար մեջ վիճում են, թե ով է ավելի ճիշտ, ով՝ ավելի սխալ, ով ում վրա է գործ կարում, ով ում վրա է իր թիմակիցներին մոբիլիզացնում։ Սա արվում է անթաքույց, հասարակության՝ բոլորիս աչքի առաջ։
Կամ ինչպես վերաբերել դատական համակարգին, երբ դատավորը, որի կայացրած որոշումը ճակատագրերի հետ կապ ունի, բժշկից տեղեկանք է ներկայացնում, միայն թե աղմակահարույց գործի քննությունն իրեն չվստահվի: Բա ո՞ւր մնաց այս մամինների առաքելությունն ու կոչումը:
Մյուս կողմից ձեւավորվել է մի այնպիսի իրավիճակ, երբ քաղաքական իշխանությունը մանրամասն իրազեկ է քննվող գործերի մեծ մասից, այնպիսի մանրուքներից, որ թվում է, թե գործերը գտնվում են ոչ թե իրավապահ համակարգի, այլ հենց իրենց վարույթում: Թվում է, թե բոլոր գործերը մանրամասն զեկուցվում, համաձայնեցվում են:
Պարզապես եւս մեկ անգամ հարկ եմ համարում զգուշացնել. եթե այսպես շարունակվի, ապա լուրջ հետեւանքները սպասեցնել չեն տալու: Պետական ինստիտուտների նկատմամբ հանրային վստահության կորուստը չի կարող իր ազդեցությունը չունենալ պետականության հիմքերի վրա: Մասնավորապես, դատաիրավական համակարգի հեղինակության կոլապսը հանգեցնելու է չափազանց ծանր հետեւանքների։
Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»