Դավիթ Սանասարյանին առաջադրվել է հանիրավի մեղադրանք. կորցրել ենք վստահությունը ԱԱԾ-ի նկատմամբ. փաստաբան

Դավիթ Սանասարյանին առաջադրվել է հանիրավի մեղադրանք, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց վերջինիս փաստաբան Ինեսսա Պետրոսյանը։
«Նա որևէ արարք չի կատարել, ինչի համար կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել, այս ամենը շինծու է, որը իրականացվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից», – ասաց նա։
Փաստաբանի խոսքով՝ ուղղորդված մոտեցում կա իր պաշտպանյալի նկատմամբ։
Փաստաբանն ասաց, թե կորցրել են վստահությունը ԱԱԾ-ի քննչականի նկատմամբ։
«Հիմա թե քննչական մարմինն է այսպիսի կոպիտ սխալ թույլ տալիս պաշտոնյայի նկատմանբ, թե ինչ-որ ստորգետնյա ջրեր կան, որ չենք տեսնում, այնուամենայնիվ, մենք ունենք փաստ՝ անձն, ով իր ամբողջ կյանքը նվիրել է պայքարին, հենց նույն պայքարի ընթացքում սկսում է քրեական հետապնդման ենթարկվել», – ասաց Արսեն Սարդարյանը։
Դավիթ Սանասարյանն էլ ասաց, թե երբ պետք է սկսեին ուսումնասիրությունը հեմոդիալիզի պարագաների վերաբերյալ, իրեն զգուշացրել են, որ մտնում է մի դաշտ, որտեղ լուրջ հակահարձակում է լինում։
«Իմ պատասխանը հստակ է եղել՝ մեզ չի հետաքրքրում՝ ովքեր են, ինչ են, օրինականությունը, ամեն դեպքում, պետք է պահպանվի», – ասաց Սանասարյանը։