22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հանգիստ նստած տեղները՝ հանցագործ աշխարհը վայելում է հաճույքները

ՀԱՆՑԱՎՈՐ ԱՇԽԱՐՀԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՆԳԻՍՏ ՆՍՏԱԾ ԵՆ ԻՐԵՆՑ ՏԵՂԵՐՈՒՄ, ԱՅԼԵՎ ՇԱՏ ՀԱՆԳԻՍՏ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՎԱՅԵԼԵԼ ԻՐԵՆՑ ՀԱՃՈՒՅՔՆԵՐԸ.

Ժամանակին Վրաստանում կոռուպցիայի դեմ պայքարում արձանագրված հաջողությունն ինչ-որ առումով պայմանավորված էր նաև նախագահ Մ. Սահակաշվիլու վերաբերմունքով գողական աշխարհի և դրա վառ ներկայացուցիչների նկատմամբ:

Սահակաշվիլու իշխանությունն անգամ օրենսդրորեն քրեական պատասխանատվություն նախատեսեց օրենքով գողերի համար միայն այն բանի համար, որ նշված անձինք իրենց համարում էին օրենքով գողեր:

Տառացիորեն երկու ամիս առաջ ՌԴ նախագահ Վ. Պուտինը հանդես եկավ գրեթե նույն նախաձեռնությամբ՝ Ռուսաստանում նույնպես նման օրենք ընդունելու համար:

…Մինչև իշխանափոխությունն անընդհատ խոսվում էր, որ Հայաստանում ձևավորվել էր քրեաօլիգարխիկ համակարգ, որ քրեածին տարրերը ձեռք են բերել քաղաքական լծակներ և ներթափանցել անգամ օրենսդիր ու գործադիր մարմիններ և իրենց կրած արժեհամակարգով խաթարում են պետական ապարատի բնականոն ընթացքը: Եվ դա իսկապես այդպես էր:

Իսկ ի՞նչ ենք արել մենք վերջին մեկ տարվա ընթացքում քրեական աշխարհի դեմ պայքարում:

Միայն ամենահամարձակները կարող են արձանագրել, որ այս ոլորտում մենք ունենք շոշափելի արդյունքներ:

Այդ աշխարհի ներկայացուցիչները ոչ միայն հանգիստ նստած են իրենց տեղերում, այլև շատ հանգիստ վայելում են իրենց հաճույքները՝ պահպանելով իրենց ազդեցությունը հանրային կյանքի տարբեր ոլորտներում:

Գոնե իմ համոզմամբ կոռուպցիայի դեմ իրական պայքարի ընթացքում հանցավոր աշխարհը չի կարող դուրս մնալ այդ պայքարի տեսադաշտից:

Չէ՞ որ այդ մարդիկ պետական համակարգում գտնվող կոռուպցիոներների հետ միասին ընդգրկված են եղել տարբեր տեսակի կոռուպցիոն սխեմաների մեջ՝ ունենալով իրենց փայաբաժինը…

Ոչ մի կասկած չունեմ, որ այս համակարգի դեմ անհրաժեշտ է իրականացնել մշտական, տեսանելի, արդյունավետ ու հետևողական պայքար:

Միայն այն հանգամանքը, որ քրեակատարողական հիմնարկներում բազմաթիվ հարցեր շարունակվում են լուծվել ոչ թե ՀՀ օրենքներով, այլ այդ աշխարհի բարքերին հարիր կանոններով, խոսում է այն մասին, որ այդ համակարգը շարունակում է մնալ որպես լրջագույն մարտահրավեր հանրության համար:

Քրեակատարողական հիմնարկներից հանրություն տեղափոխվող բարքերն իրենց վնասարարությամբ չեն զիջում ծանր հանցագործություններին:

Այդ բարքերի զոհերն ու թիրախները հիմնականում երիտասարդներն են…

Բայց ինձ ամենից շատ մտահոգում է, որ այդ արժեքները ներթափանցել են նաև զինված ուժեր:
Մեղրիում տեղակայված զորամասում վերջերս տեղի ունեցած ամոթալի իրադարձությունները դրա վառ ապացույցն են:

…Տղե՛րք, շատ լավ հնարավորություն է ստեղծվել՝ բացառապես օրինականության վրա հիմնված պետություն կառուցելու համար:

Եկե՛ք այս հնարավորոությունը չմսխենք և օր ու գիշեր աշխատենք՝ մեր կյանքի որակը փոխելու և մեր երազանքի Հայաստանը կառուցելու համար…

 Նորայր Նորիկյան

փաստաբան

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ