12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու նրա գլխավորած խումբը տապալել են սահմանադրական կարգը և յուրացրել իշխանությունը

2018թ. դեկտեմբերի 6-ին Yerevan.today-ում հրապարակված «Տաս տարի անց կամ Փաշինյանի «թավշյա» ռեցիդիվը» հոդվածիս «Դե´, պարոն Դավթյան, դուխով» մասում ՀՀ գլխավոր դատախազի ուշադրությունն եմ հրավիրել այն փաստի վրա, որ 2018թ. ապրիլ-մայիս ամիսների ընթացքում ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու նրա գլխավորած խումբը տապալել են սահմանադրական կարգը և յուրացրել իշխանությունը: Դա, ըստ էության, հաղորդում էր՝ կատարված հանցագործության մասին (ՀՀ քր. դատ. օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված է. «լրատվության միջոցների հաղորդումներ են հանդիսանում կատարված կամ նախատեսվող հանցագործությունների մասին հաղորդումները մամուլում, ռադիոյով, հեռուստատեսությամբ, ինչպես նաև լրատվության միջոցներին հասցեագրված և չհրապարակված հաղորդակցություններում»): Ըստ այդմ, ՀՀ գլխավոր դատախազության ուղղակի պարտականություններն են (ՀՀ քր. դատ. օրենսգիրք, 27-րդ հոդված) անհապաղ քննարկել և լուծել այդ հաղորդումը, ինչը օրենքի ուղղակի պահանջն է. «Հանցագործության մասին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու անհրաժեշտության դեպքում` դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում» (ՀՀ քր. դատ. օրենսգիրք, 180-րդ հոդված, 1-ին կետ):

Եվ` «Հանցագործության մասին տեղեկություն ստանալու յուրաքանչյուր դեպքում ընդունվում է որոշումներից մեկը` 1) քրեական գործ հարուցելու մասին, 2) քրեական գործ հարուցելը մերժելու մասին, 3) հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին» (ՀՀ քր. դատ. օրենսգիրք, 181-րդ հոդված):

Սակայն, առ այսօր, ՀՀ գլխավոր դատախազությունը չի անդրադարձել այդ հաղորդմանը, պահպանում է քար լռություն, ինչով կատարել է ՀՀ քր. օրենսգրքի 315-րդ հոդվածով նախատեսված արարք` պաշտոնեական անփութություն:

Հիանալ կարելի է միայն ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի խիզախությամբ, որը հանդգնել է չկատարել Վարչապետի կամքը և պատերին չի ծեփել հաղորդման մեջ նշված անձանց, անկախ նրանց անուն-ազգանունների և զբաղեցրած պաշտոններից, կամա թե ակամա ինքն իրեն դարձնելով ասֆալտին փռելու հումք:

Ես դիմում եմ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ հորդորով՝ անդրադառնալ Yerevan.today.am-ում 2018թ. դեկտեմբերի 6-ին հրապարակված իմ «Տաս տարի անց, կամ Փաշինյանի «թավշյա» ռեցիդիվը» հոդվածին, և, թող ների ինձ Ա. Դավթյանը, բայց ստիպված եմ դիմել դուզ խոսքով. պարոն Ա. Դավթյան, այս հոդվածը իրենից ներկայացնում է հանցագործության մասին հաղորդում (ՀՀ քր. դատ. օրենսգիրք 179 հոդված, 1-ին կետ): Հաղորդում, պարոն Դավթյան, որի առթիվ դուք պարտավոր եք իրականացնել օրենքով նախատեսված գործողություններ:

Մնում է ավելացնել միայն, որ այս անգամ դուք պետք է ձեռքի հետ անդրադառնաք նաև վերը նշված Ձեր կողմից թույլ տված պաշտոնեական անփութության դեպքին: Սա նույնպես հաղորդում է, պարոն Դավթյան, հաղորդում:

Այնպես որ, այս անգամ հարկադրված եք լինելու ոչ միայն ծեփել, այլ նաև ինքնածեփվել:

Դե´, պարոն Դավթյան, դուխո´վ…

Նախորդ՝ «Տաս տարի անց կամ Փաշինյանի «թավշյա» ռեցիդիվը» հոդվածը՝ այստեղ։ 

 

Վարդան Պետրոսյան

«Հայոց Տուն» կենտրոն

իրավապաշտպան

Աղբյուրը՝ yerevan.today

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ