15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Յուրաքանչյուր խաղի մենք դուրս ենք գալու հաղթանակի ձգտումով եւ դա խոսք ենք տալիս. Վարդան Մինասյան


Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի բացառիկ հարցազրույցը ՀՖՖ պաշտոնական կայքին` 2014 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկից առաջ

Սեպտեմբերի 7-ին Մալթա-Հայաստան հանդիպմամբ մեկնարկում է 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլը: Ինչպես է Հայաստանի ազգային հավաքականը նախապատրաստվել դեպի Բրազիլիա դժվարին պայքարին:

Իսկապես, պայքարը խմբում դժվարին է լինելու, քանի որ Աշխարհի առաջնությունն այն իրադարձությունն է, այն մեծ ֆուտբոլը, որի եզրափակիչում լինել ձգտելու են բոլորը: Աշխարհի առաջնության ընտրական փուլի նախապատրաստական շրջանը մեր ազգային հավաքականը սկսել է Եվրոպայի առաջնության ընտրական փուլի ավարտից անմիջապես հետո, չնայած որ մեր ծրագրերը եւ մտահղացումները վերջնականապես դետալավորել ենք 2014թ. Աշխարհի գավաթի ընտրական մրցաշարի վիճակահանությունից հետո:

Մեր մարզչական շտաբի գլխավոր նպատակն է եղել պահպանել, ավելացնել և կատարելագործել այն որակները, այն խաղամակարդակը, որին մենք հասել էինք Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի ընթացքում: Այն արդյունքները, որ մենք ցույց ենք տվել Եվրո 2012-ի ընտրական փուլում, այն ֆուտբոլը, որ խաղացել ենք, մեր առաջիկա մրցակիցներին ստիպելու է այսօր մեզ ավելի լուրջ վերաբերվել, քան անցյալում: Բնականաբար, նրանք ուսումնասիրել են մեր ֆուտբոլը, մեր հավաքականի ուժեղ եւ թույլ կողմերը եւ բնականաբար, իրենք նույնպես ձգտելու են առավելության, ինչպես մենք:

Նախապատրաստական փուլում մեր մարզչական շտաբը կատարել է նաեւ նոր սելեկցիա: Փորձել ենք ուժեղացնել որոշ խաղային դիրքեր և մրցակցություն ստեղծել տարբեր խաղային օղակներում: Շարունակել ենք հետեւել աշխարհի տարբեր երկրներում հանդես եկող այն ֆուտբոլիստներին, ովքեր կարող են դիտարկվել որպես ազգային հավաքականի թեկնածուներ:

Ժամանակակից ֆուտբոլն այսօր պահանջում է վերլուծությունների լուրջ մեխանիզմներ ու խիստ պրոֆեսիոնալ մոտեցումներ: Այս ուղղությամբ ևս կատարել ենք մեծ ծավալի աշխատանք: Ձեռք են բերված ժամանակակից ֆուտբոլի կառավարման ծրագրային փաթեթներ, մեր մարզչական շտաբը համալրվել է լուրջ մասնագիտական գիտելիքներ եւ պրոֆեսիոնալ մեծ փորձ ունեցող ֆիզիկական պատրաստության մասնագետով:

Չկա որևէ կազմակերպչական, տեխնիկական կամ որեւէ այլ խնդիր, որը մեզ խանգարել կամ անհանգստացրել է եւ ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, որն ընդառաջել է մեր բոլոր պահանջներին եւ արել է ամեն ինչ, որ թե հավաքականը, թե մարզչական շտաբը կարողանան ունենալ լիարժեք աշխատանքային եւ պրոֆեսիոնալ պայմաններ: Սա վերաբերվում է թե ուսումնամարզական հավաքների անցկացմանը, թե մեզ համար շատ կարեւոր ընկերական խաղերի կազմակերպմանը: Ինչպես գիտեք, մենք անցկացրել ենք հինգ ընկերական հանդիպում: Ինչպես արդեն ասացի, մեզ հարկավոր էր շատ լուրջ մրցակցություն ստեղծել հավաքականում եւ այս առումով ընկերական հանդիպումները շատ կարեւոր էին եւ միաժամանակ ուսուցողական: Ճիշտ է, արդյունքի առումով գուցե այդքան էլ լավ չէր, եթե նկատի ունենանք, որ մենք հինգ խաղում երկու հաղթանակ ենք տարել եւ կրել ենք երեք պարտություն, սակայն ընկերական խաղերի իմաստն ու փիլիսոփայությունն այն է, որ կատարվեն փորձարկումներ, թե մարտավարության տեսակետից, թե դիրքային, որ իրականացվեն մտահղացումներ, որ դիտարկվեն ֆուտբոլիստներ եւ այլն: Բելառուսի հավաքականի հետ խաղից հետո մեր մարզչական շտաբը ստացավ ավելի ամբողջական պատկեր:

Ինչ կասեք Հայաստանի ազգային հավաքականի ներկա կազմի մասին

Գիտեք մարզչական շտաբը կարող է զանազան մտահղացումներ ունենալ, տարբեր տակտիկական հնարքներ կիրառել, սակայն ես միշտ նշել եմ, որ ֆուտբոլիստը պետք է լինի ֆունկցիոնալ լավ մարզավիճակում եւ վնասվածք չունենա: Սրանք ամենակարևոր պայմաններից են, որոնց վրա հիմնվելով մարզիչը կարողանում է ընտրություն կատարել: Այս առումով մենք դեռեւս խնդիրներ ունենք: Մի կողմից, անշուշտ, ողջունելի է, որ այսօր մենք մոտավորապես 15 լեգիոներ ունենք: Դա բարձրացնում է մեր ֆուտբոլի վարկանիշը, և այսօր հայ ֆուտբոլիստների նկատմամբ միջազգային ուշադրությունը շատ մեծ է: Սակայն սրա մյուս կողմը բացասական է, եւ դա այն է, որ ոչ միշտ են մեր ֆուտբոլիստները հայտնվում իրենց թիմերի հիմնական կազմերում եւ այդ պատճառով նրանց ֆունկցիոնալ մարզավիճակը ինչ որ տեղ չի բավականացնում: Այնուամենայնիվ, մենք կփորձենք գտնել հարցի լուծման օպտիմալ տարբերակը:

Իսկ ինչ կասեք նորեկների մասին:

Նորեկների մասին կարող եմ ասել, որ նրանք այն ֆուտբոլիստներն են, ովքեր արդեն դարձել են հավաքականի լիիրավ անդամներ՝ Արաս Օզբիլիսը և Կամո Հովհաննիսյանը: Մի քանի ֆուտբոլիստներ կան նաեւ երիտասարդական հավաքականում, ովքեր Մոնտենեգրոյի ընտրանու հետ խաղից հետո լինելու են մեր թեկնածուների շարքում: Մենք այսօր ունենք 25-26 թեկնածու, դեռ սպասում ենք Մամեդովի փաստաթղթային հարցերի լուծմանը: Հիմնականում հավաքականի կորիզը ձևավորված է, բայց փոփոխությունները չեն բացառվում, որովհետև երկու տարին երկար ժամանակ է: Մանավանդ, որ մեր փնտրտուքները շարունակվում են եւ լինելու են միշտ:

Ինչ կասեք Ալեքս Էնրիկե դա Սիլվայի Հայաստանի ազգային հավաքական հրավերի մասին:

Ես հետեւել եմ Ալեքսի խաղերին եւ կարող եմ ասել, որ նա լավ խաղ է ցուցադրում Հայաստանի ազգային առաջնության հանդիպումներում: Մենք հրավիրել ենք չորս կենտրոնական պաշտպան: Գիտեք որ վերջերս Ռոբերտ Արզումանյանն է պայմանագիր կնքել «ԲՄԱ-Էներգիա» թիմի հետ: Չորս կենտրոնական պաշտպան ենք ունենալու այս երկու խաղերի համար, որոնցից կընտրենք երկուսին:

Եվ այնուամենայնիվ, ինչպիսի եք գնահատում Հայաստանի ազգային հավաքականի հնարավորություններն այս ընտրական փուլում:

Ես բազմիցս ասել եմ, որ այս խումբը շատ ավելի բարդ է, քան նախորդ եվրոպականը՝ եթե համեմատենք մեր մրցակիցներին: Եվ այդ առումով կրկնակի, եռակի անգամ բարդ է լինելու այս անգամ: Դուք գիտեք, որ Հայաստանի մարզիչների պատվիրակությունը, այդ թվում և ես, եւ մեր մարզչական շտաբի անդամները, հնարավորություն ենք ունեցել ներկա լինել Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի խաղերին և ուսումնասիրել ենք մեր մրցակիցներին՝ հատկապես Չեխիային, Դանիային և Իտալիային: Մենք, անշուշտ, գործ ունենք Եվրոպական ֆուտբոլի լրջագույն ներկայացուցիչների հետ` բարձրակարգ եւ տակտիկապես հագեցած, Եվրոպայի եւ աշխարհի եզրափակիչների մեծ փորձով թիմեր են: Չպետք է մոռանալ նաև Բուլղարիային և Մալթային. մենք պարտավոր ենք հարգել բոլոր մրցակիցներին:

Մեկնարկը մենք սկսում ենք Մալթայի և Բուլղարիայի հավաքականների հետ հանդիպումներով: Դա Ձեզ ինչ որ բան ասում է:

Մալթայի և Բուլղարիայի հավաքականների մասնակցությամբ շատ խաղեր ենք դիտել և լավ ուսումնասիրել ենք մեր հակառակորդների խաղաոճը: Բուլղարիան ունի նոր մարզիչ, սերնդափոխություն է կատարվել թիմում և նոր ֆուտբոլիստները ավելի մեծ մոտիվացիայով կխաղան, ինչը շատ կարևոր գործոն է: Մալթայի վերջին չորս-հինգ հանդիպումները դիտել եմ: Նրանք էլ բավականին մոտիվացված են և կարող են ցանկացած հավաքականի անակնկալներ մատուցել քանի որ պինդ թիմ է:
Բացի դրանից Բուլղարիա-Իտալիա ընտրական խաղին ներկա է լինելու մեր մարզիչներից մեկը, քանի որ Մալթայից հետո խաղում ենք Բուլղարիայի, ապա մեկ ամիս անց Իտալիայի հետ: Կրկին նշեմ որ Իտալիայի հավաքականի խաղերը շատ եմ դիտել, իրենց մարզիչն էլ չի փոխվել ուստի իրենց խաղային փիլիսոփայության մեջ փոփոխություն չի լինի:

Ինչ կասեք մեր ազգային հավաքականի երկրպագուներին մեկնարկից առաջ:

Ֆուտբոլում լինում են պարտություններ, ոչ-ոքի-ներ, հաղթանակներ: Անհաջողություններից ոչ ոք ապահովագրված չէ, բայց մենք խոստանում ենք որ անելու ենք առավելագույնը, խաղալու ենք մեծ նվիրումով, և երկրպագուն կհամոզվի դրանում: Մենք ամեն խաղի դուրս ենք գալու հաղթանակի ձգտումով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ