Ո՞վ է հաջորդ զոհը. Հրապարակ
Առողջապահության փոխնախարարը, ապա՝ ՊՎԾ պետը… Ո՞վ է հաջորդը։ Կոռուպցիայի դեմ պայքարում արդյոք նոր իշխանությունները շատ չոգևորվեցի՞ն և այժմ, հեղափոխության դասական կանոնների շրջանակներում, հեղափոխության զավակներին են զոհաբերում։
Պատմությունը նման բազում օրինակներ գիտի, իսկ հոկտեմբերյան հեղափոխությունից 4-5 տարի անց Լենինի նախկին զինակիցներից գրեթե ոչ ոք չէր մնացել նրա կողքին։ Բայց մեկ այլ ճշմարտություն էլ կա՝ մարդն ագահ արարած է, իսկ աղքատ մարդն ագահ է կրկնակի, և նրա անգամ ամենագաղափարական անհատները, որպես կանոն, գայթակղվում են, երբ գործ են ունենում մեծ փողերի հետ։
Ոչ ոք կոռուպցիոներ չի ծնվում, այդպիսին դառնում են ժամանակի ընթացքում։ Նախ փոքրիկ նվերներ են ընդունում և բնամթերքով կաշառք վերցնում, ապա՝ տարբեր հյուրասիրություններ, ուղևորություններ, անվճար ծառայություններ, ծանոթ-բարեկամներին գործի տեղավորել։ Իսկ վերջում արդեն գալիս է մեծ կոռուպցիոն գործարքների, բազմամիլիոնանոց ատկատների ու կաշառքների ժամանակը, երբ մարդը կորցնում է զգոնությունը։
Կարծում է, որ հերթն իրեն չի հասնի, և ոչ մեկին չի վնասում իր գործունեությամբ։ Առավել ևս՝ չէ՞ որ աշխատում է և արժանի է այդ աշխատանքի դիմաց լավ վարձատրվելու, բարեկեցիկ կյանքով ապրելու, թանկ ավտոմեքենա վարելու, մի քանի հարկանի դղյակում ապրելու։ Ո՞վ, եթե ոչ ես՝ հարցնում է նա և արդարացնում իր բոլոր արարքները։ Կա՞ արդյոք այն բանաձևը, որը կստիպի մարդուն լավ ապրելու համար օրինական աշխատավարձից դուրս փող չաշխատել, պաշտոնը չչարաշահել, պաշտոնի ընձեռած հնարավորություններից չօգտվել։ Բանաձևը, իհարկե, օրենքի առաջ բոլորի հավասարությունն է և համոզվածությունը, որ ոչինչ թաքուն չի մնում, և միշտ գալիս է պատասխան տալու ժամանակը:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: