29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ո՞ւմ է պետք այս Ազգային ժողովը. այն չի կարողանում կատարել իր կարևորագույն ֆունկցիան. Աղասի Ենոքյան

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը գրում է.

«Ինչպես և սպասվում էր, նորընտիր Ազգային ժողովը չդարձավ քաղաքական մարմին։ Անցյալ տարվա վերջին Նիկոլ Փաշինյանը բավականին մանրամասն ընտրեց «Իմ քայլի» անհատական ցուցակը, լուրջ քաստինգ անցան ԱԺ անցնող մյուս կուսակցությունները, ընտրությունները կազմակերպեց իր համար լավագույն ժամանակում՝ երբ ուներ ամենաբարձր վարկանիշ, իսկ շատ քաղաքական ուժեր պարզապես չէին հասցնում մասնակցել, այսինքն` ստացավ իր համար ամենացանկալի խորհրդարանը, սակայն այս մոդելը չի աշխատում։

Խորհրդարանական ընդդիմությունները քաղաքական պայքարի պատրանք ստեղծելու համար, սկզբում իրար էին ընդդիմանում։ Հետո քաղաքական պայքար ցուցադրելու համար մեկ-մեկ Նիկոլ Փաշինյանն էր հանդիմանում ընդդիմադիրներին։ Բայց միևնույնն է, այնքան անհետաքրքիր էր այստեղ կյանքն անցնում, որ իշխանական պատգամավորներն իրենց աշխատանքի ժամերին ինչ-որ էքսկուրսիաներ էին գնում։

Հետո ավելի հետաքրքիր քննարկումների հույսով ԱԺ բերեցին տրանսգենդեր, կազմակերպեցին այլ շոուներ։ Սրա միակ արդյունքը կողմնակի էր՝ Հայաստանի միջազգային հեղինակությանն ու պարտավորություններին հարվածը՝ իհարկե, չհաշված հասարակության պառակտվածության հետագա խորացումը։

Հիմա խորհրդարանում ընթանում են լուրջ բանավեճեր։ Կարևոր էլ չէ, թե ինչի մասին են դրանք, անգամ, մամուլը, ներկայացնելով այդ քննարկումները, առանձնապես չի էլ խորանում  բանավեճերի բովանդակության վրա, իր մեկնաբանությունների կենտրոնում պահելով ձևը։ Եվ ճիշտ է անում, քանի որ խորհրդարանական ներկա պասյանսում քաղաքական շեշտադրումները երկրորդական են, էականը երիտասարդների ինքնահաստատման ձգտումն է, իրենց հեղափոխական վճռականության մասին հայտարարությունները և ամենակարևորը՝ քաղաքականությունը սոցցանցերից, մամուլից ու փողոցից Ազգային ժողով տեղափոխելու ճիգերը։

Պարզ է, որ չի ստացվելու։ Ներկա Ազգային Ժողովը չի կարողանում կատարել այն կարևորագույն ֆունկցիան, որի համար ինքը ստեղծվել է՝ գործադիր իշխանության քաղաքական գայթումների համար պատասխանատվությունն իր վրա վերցնելու իմիտացիան։ Եվ ուրեմն նա չի արդարացնում իր գոյությունը։ Եթե անգամ այսքան մանրամասն մշակման դեպքում խորհրդարանը չի կատարում այդ ֆունկցիան, ապա խնդիրը խորհրդարանինը չէ, այլ Նիկոլ Փաշինյանինը, որը ժամանակին կամ սխալ ֆունկցիաներ է նախատեսել իր Ազգային ժողովի համար, կամ էլ սխալ դիզայն էր արել։ Սակայն եղածը եղած է, և ինքը առնվազն առաջիկա հինգ տարիների համար նոր ու ավելի ճիշտ խորհրդարան չի կարող ստանալ։

Հետաքրքիր է, որ այս մի քանի ամիսների ընթացքում այն ընդդիմությունը, որն սկզբում անընդհատ փորձում էր ապացուցել, որ ինքն էլ է հեղափոխական, հետո ձայնը կտրում էր վարչապետի սաստելուց, այժմ դարձել է ակտիվ, անվախ ու էլ չի վախենում իմքայլականների դիտողություններից։ Իհարկե, նրանք էլ են զգում, որ արդեն վերջի սկիզբն է մեկնարկել, և փորձում են ապահովել իրենց տեղը հաջորդ արևի տակ։ Ի դեպ, չպետք է բացառել, որ ապագայում ճամբարափոխության փորձեր կլինեն նաև «Իմ Քայլը» դաշինքի անդամների կողմից։  Զգացվում է, որ ակամա խորհրդարանական դարձած երիտասարդներից շատերին է դուր եկել իրենց նոր աշխատանքը, և իրենք կփորձեն շարունակել քաղաքական գործչի իրենց հաճելի կարիերան։

Հեղափոխությունից մեկ տարի անց հեղափոխականների կրեատիվությունը կտրուկ ընկել է և կարելի է կանխատեսել, թե ինչպիսի քայլեր կարող է ձեռնարկել Նիկոլ Փաշինյանը այսպիսի խորհրդարանի հետ։ Նա կրկին իր ֆրակցիայի ծնողական ժողով կհրավիրի, որտեղ կհորդորի, բայց ավելի շատ կսպառնա իր խորհրդարանականներին ավելի խելոք լինել։ Պարզ է, որ սպառնալիքները չեն օգնելու, և Նիկոլ Փաշինյանն ստիպված է լինելու հնարավորինս նվազեցնել Ազգային ժողովի դերը հայկական քաղաքականության մեջ։ Ինչն, ի դեպ, հեշտ խնդիր չի լինելու, քանի որ «արա Մխոն» այլևս համոզվել է, որ ինքը մեծ ասելիք ունի մեծ քաղաքականության մեջ։

Հաջորդ քայլով «Առինջ մոլից» և «Արարատ ցեմենտից» բացի սանկցիաներ կկիրառվեն Գագիկ Ծառուկյանի և նախկին ռեժիմի այլ ներկայացուցիչների ունեցվածքի և անձերի նկատմամբ, միգուցե հերթական անգամ կձերբակալեն Սաշիկ Սարգսյանին։ Նիկոլ Փաշինյանի բարեկամի և Դավիթ Սանասարյանի հանդեպ քրեական գործեր հարուցելը հուշում է, որ ռեպրեսիաների այս ալիքից անմասն չեն մնա նաև իր թիմակիցները։

Եվ իհարկե՝ հիմնական ոլորտը, որը Նիկոլ Փաշինյանի կարծիքով խանգարում է իր կառավարմանը՝ ազատ խոսքը։ Անհայտ բլոգերի ձերբակալությունը և #sutNikol ակցիայի կազմակերպիչների վարչական ձերբակալությունը հուշում է, որ քաղաքացիների ազատ արտահայտման իրավունքի դեմ պատրաստվում են նոր գործողություններ։

Միաժամանակ, բոլորի համար էլ ակնհայտ է, որ իշխանությունների կողմից այս ֆլեշմոբերի բեմադրությունն իրավիճակը չի փոխելու։ Նման գործողություններ չանելու միակ այլընտրանքը կառավարման որակի կտրուկ բարձրացումն է, որին իշխանությունները պարզապես ունակ չեն։

Բայց իրավիճակի վերահսկման իմիտացիայի համար ինչ-որ քայլեր նրանք, այնուամենայնիվ, պարտավոր են անել»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ