“Թղթե շերեփն” ու միջազգային կուրությունը
Մինչ Հունգարիան ներողամտություն է հայցում, իսկ Հայաստանը դադարեցնում է այդ երկրի հետ դիվանագիտական հարաբերությունների հետագա ընթացքը, Ադրբեջանում ցնծում են` իրենք էլ ապշած ` այսպես ասած “ազգային հերոսի” անսպասելի ազատության մեջ հայտնվելը: Ադրբեջանցի պաշտոնյաների համար էլ սա առիթ է գովաբանելու նախագահ Իլհամ Ալիեւին` նրան վերագրելով “ազգին նվիրված” սպայի ազատության շնորհումը:
“Սաֆարովի վերադարձը հայրենիք նախագահ Իլհամ Ալիեւի դրսեւորած քաղաքական կամքի եւ անհատական բարձր վարկանիշի շնորհիվ է”,-“Trend” կայքին տված հարցազրույցում նշում է Ալիեւի աշխատակազմի իրավապահ մարմինների ղեկավար Ֆաուդ Ալեսկերովը: Նա նաեւ հավելում է, որ “Ալիեւը միշտ էլ սկզբունքայնություն է ցուցաբերում Ադրբեջանի քաղաքացիների շահերի եւ մարդու իրավունքների նկատմամբ”:
Այս խոսքերը հավանաբար շփոթության մեջ են գցում ոչ միայն հայերին, այլ նաեւ ողջ միջազգային հանրությանը, քանի որ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող աշխարհի գրեթե բոլոր կազմակերպությունների ցուցանիշներով` Ադրբեջանն առաջնային տեղ է զբաղեցնում մարդու իրավունքների մեղմ ասած` ոտնահարմամբ:
Միգուցե Ալեսկերովը եւ Ալիեւի աշխատակազմի մյուս աշխատակիցները եւս կարիք ունեն հիշողությունը թարմացնելու, քանի որ ոչ վաղ անցյալում` մայիսին Բաքվում կայանալիք “Եվրատեսիլ” երգի մրցույթին նախապատրաստվելիս այդ նույն վարչակազմի հրամանով ավիրվում էին իր իսկ ժողովրդի տները, իսկ մարդիկ պարզապես փողոց էն վռնդվում, քանի որ ադրբեջանական կառավարությունը մեծ եռանդով շքեղ կառույցներ էր կառուցում` փողոցում մնացած բնակիչների դժբախտության գնով եվրոպացիներին հաճոյանալու համար: Եվ դա միայն մեկ օրինակ է:
Ինչ վերաբերում է ոճրագործ Սաֆարովին, ապա նա իր երախտագիտությունն է հայտնել Ալիեւին իր երկար սպասված ազատության համար: Այս պարագայում հավանաբար տեղին չէ ասել “ի սրտե”, քանի որ նման ոճրագործների դեպքում սիրտ ունենալու մասին խոսելն իսկ հանցանք է: Նա, բնականաբար, իր պատրաստակամությունն է հայտնել այսուհետ եւս “ծառայել” իր հայրենիքին: Չնայած “APA” գործակալության` սպանության վերաբերյալ հարցին ի պատասխան Սաֆարովն ասել է. “Ես չեմ ուզում հիշել այդ օրը”: Անհասկանալի պատասխան է զինվորականի համար, ով իբր թե ծառայություն է մատուցել իր հայրենիքին, սակայն, չգիտես ինչու, չի ցանկանում հիշել դրա մասին:
Դա էլ հենց ամենից շատ զայրացնող եւ վիրավորական փաստն է, որ թե մարդասպանը, թե նրա երկրի կառավարությունը, որի պատվերով էլ կատարվել էր սպանությունը, իրենց հաղթանակած են զգում ակնհայտ ոճրագործության մեջ արդարացված լինելով:
Հետաքրքիր է` ինչպես են արձագանքում նույն հունգարացիները, մարդու իրավունքների պաշտպանները եւ ընդհանրապես մոլորակի յուրաքանչյուր բնակիչ, երբ իրենց աչքերով ադրբեջանական լրատվամիջոցներում ընթերցում են հենց ադրբեջանցիների ձեռքով գրված հետեւյալ տողերը. ” … նա սպանել է հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին, ով նույնպես նույն կուրսերին էր մասնակցում”: Եվ ոչ մի պատճառ, ոչ մի բացատրություն, կարծես թե դա այդպես էլ պետք է լիներ:
Հարկ է նշել, որ նման անհեթեթ վճիռների ընդունումը միջազգային հանրության կողմից հող է նախապատրաստում Ադրբեջանի համար ավելի “ակտիվ գործել”, ինչի իրականացման դեպքում հետեւանքներն անկանխատեսելի կինեն:
… Ակամայից հիշեցի Խրիմյան Հայրիկի “թղթե շերեփն” ու միջազգային հանրության կուրությունը …