“Սիվիլիթաս”-ում ստուգումները շարունակվում են
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով “Սիվիլիթաս” հիմնադրամում պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումների կասեցումը երկարաձգվել է եւս 30 աշխատանքային օրով: Պետական եկամուտների կոմիտեն Սիվիլիթաս հիմնադրամի՝ բյուջեի հետ փոխհարաբերությունների ստուգումներն սկսել էր 22.06.2012թ., որոնք 21.07.2012թ. կասեցվել էին 30 աշխատանքային օրով:
“Սա արդեն անհասկանալի է: Հայաստանի նույնիսկ ամենամեծ ձեռնարկություններում, որոնք մի քանի հազար աշխատատեղ ունեն, ստուգումներն անհիմն այսքան չեն ձգձգվում: Այս ամենը վկայում է, որ ստուգումների հետեւում այլ նպատակ կա, քան բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտումն է””- ասել է “Սիվիլիթաս” հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 25-ին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը փողերի լվացման հատկանիշներով քրեական գործ է հարուցել, որն առնչվում է “Սիվիլիթաս” հիմնադրամին եւ նրա հիմնադիր Վարդան Օսկանյանին:
Henaran.am-ին տեղեկացնում են “Սիվիլիթաս” հիմնադրամից: