Ադրբեջանը փորձում է շահարկել իր անդամակցությունը Չմիացած երկրների շարժմանը. ԱԳ նախարար
Օգոստոսի 30-31-ը Թեհրանում տեղի ունեցավ Չմիացած երկրների շարժման 16-րդ գագաթաժողովը, որին ներկա էին կազմակերպության 120 անդամ եւ 17 դիտորդ երկրների բարձրաստիճան պատվիրակությունները, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը:
Գագաթաժողովի աշխատանքներին Հայաստանի պատվիրակությունը գլխավորող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը օգոստոսի 31-ին հանդես եկավ ելույթով, որը որպես գագաթաժողովի պաշտոնական փաստաթուղթ տարածվեց մասնակից պետությունների պատվիրակություններին:
Իր խոսքում նախարար Նալբանդյանը մասնավորապես նշեց. “Հանդիսանալով Չմիացած երկրների շարժման դիտորդ, Հայաստանը կիսում է այդ կազմակերպության արժեքները, որոնք հիմնված են ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների եւ սկզբունքների, մարդու հիմնարար իրավունքների հանդեպ հարգանքի վրա”:
Անդրադառնալով արցախյան հիմնախնդրին` Էդվարդ Նալբանդյանը դիմելով ներկա բարձրաստիճան պատվիրակություններին նշեց. “Համոզված եմ, որ կարեւոր է այս հարգարժան լսարանին ներկայացնել Ադրբեջանի կողմից գագաթաժողովի հայտարարության 391-րդ պարբերության շուրջ իրականացված մանիպուլյացիաների վերաբերյալ իրողությունը: Ադրբեջանը ընդամենը մեկ տարի առաջ դարձավ Չմիացած երկրների շարժման անդամ, եւ արդեն փորձում է շահարկելով իր անդամակցությունը, թյուրիմացության մեջ գցել կազմակերպության անդամ երկրներին` ուղղորդելով նրանց միջազգային հանրության դիրքորոշումների դեմ:
Այս պարբերությունը հակասության մեջ է մտնում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի տրամաբանությանը, ոգուն ու ձեւակերպումներին, որոնք արտացոլված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` Ռուսաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների ղեկավարների լ՛Աքվիլայում, Մուսկոկայում, Դովիլում եւ Լոս – Կաբոսում ընդունված հայտարարություններում, ինչպես նաեւ ԵԱՀԿ շրջանակներում` Աստանայի գագաթաժողովի, Հելսինկիի, Աթենքի, Ալմաթիի, Վինլյուսի նախարարական հանդիպումների շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ընդունված հայտարարություններում:
Այս փաստաթղթերը կարևորում են միջազգային իրավունքի երեք սկզբունքների` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականության` որպես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման անկյունաքարային տարրեր:
Ցավոք, 391-րդ պարբերությունը անտեսում է ինքնորոշման իրավունքի սկզբունքը եւ չի օգտագործում միջազգայինորեն ընդունված “Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր” եզրույթը:
Նման մոտեցումը ոչ միայն վտանգում է բանակցային գործընթացը եւ փխրուն իրավիճակը հակամարտության գոտում, այլեւ հակասում է Չմիացած երկրների շարժման հիմնարար սկզբունքներին: Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը շարժման հիմնադրման օրվանից եղել և մնում է վերջինիս հիմնասյուներից մեկը, որն ընդգծված է բոլոր գագաթաժողովների եւ նախարարական հանդիպումների փաստաթղթերում:
Ադրբեջանի համար սովորական է դարձել միջազգային իրավունքի հիմնարար նորմերի եւ ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումը: Այդ առումով որեւիցե մեկի համար անակնկալ չէ, որ Ադրբեջանը, հանդիսանալով Չմիացած երկրների շարժման անդամ, շարունակաբար խախտում է “Բանդունգի սկզբունքները”` խտրականություն եւ ազգային ատելություն քարոզելով: Միջազգային կազմակերպությունները բազմիցս համապատասխան գնահատականներ են տվել Ադրբեջանում քսենոֆոբիայի, ռասիզմի եւ անհանդուրժողականության դրսեւորումներին:
Իր ողջ պատմության ընթացքում Չմիացած երկրների շարժումը աջակցել է հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորմանը, մինչ Ադրբեջանը իր ամենօրյա ռազմատենչ հայտարարություններով, ռազմական բյուջեի բազմապատկմամբ՝ քսան անգամ վերջին հինգ տարում, հարձակողական սպառազինությունների հսկայական քանակի ձեռքբերմամբ՝ ի խախտումն իր միջազգային պարտավորությունների, ուժի կիրառման շարունակական սպառնալիքներով` վտանգում է ոչ միայն տարածաշրջանային, այլեւ միջազգային կայունությանը և անվտանգությանը: Նման վարքագիծը հարիր չէ Չմիացած երկրների շարժման անդամ պետությանը և ավելին, հարված է հասցնում այս կազմակերպության հեղինակությանը”, – ընդգծեց Հայաստանի արտգործնախարարը: