Իրանի նախագահը հավաստիացրել է` ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ իր երկրի դիրքորոշումը մնում է անփոփոխ
Թեհրանում Չմիացած երկրների շարժման գագաթաժողովի աշխատանքներին մասնակցող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին օգոստոսի 31-ին ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:
Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին Իրանի նախագահը ջերմությամբ հիշեց անցյալ դեկտեմբերին իր այցելությունը Հայաստան եւ գոհունակությամբ նշեց, որ Հայաստանի Նախագահի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները արդեն կյանքի են կոչվում: Իրանի նախագահը խնդրեց իր ջերմ ողջույներն ու բարեմաղթանքները փոխանցել Հայաստանի ղեկավարին:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Էդվարդ Նալբանդյանը Մահմուդ Ահմադինեժադին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը եւ շնորհավորեց Չմիացած երկրների շարժման նախագահությունը ստանձնելու եւ կազմակերպության գագաթաժողովի բարձր մակարդակով կազմակերպելու համար:
Իրանի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը կարեւորեցին երկու երկրների միջեւ զարգացող համագործակցությունը, քննարկեցին համատեղ տնտեսական ծրագրերի իրականացման ընթացքը, անդրադարձան Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի, Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայանի, նավթամթերքների խողովակաշարի կառուցման նախագծերին:
Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, Իրանի նախագահն ընդգծեց, որ իր երկրի դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ այն պետք է կարգավորվի արդարացիորեն եւ խաղաղ բանակցությունների միջոցով:
Թեհրանում նախարար Նալբանդյանը հանդիպում ունեցավ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ:
Հանդիպմանը նախարար Նալբանդյանը կարեւորեց երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում ՀՀ և ԻԻՀ օրենսդիր մարմինների արդյունավետ համագործակցությունը, երկու երկրների նորընտիր խորհրդարաններում բարեկամական խմբերի ձևավորումը:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի հարցերի շուրջ, անդրադարձան մի շարք տարածաշրջանային խնդիրներին:
Էդվարդ Նալբանդյանի թեհրանյան օրակարգում էր հանդիպումը Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհիի հետ:
Նախարարները անդրադարձան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի, տարածաշրջանային մի շարք խնդիրների: