15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Գործողությունն ուներ իր գինը` երեք միլիարդ եվրո

Րոպեներ   առաջ  Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը  ֆեյսբուք  սոցցանցում  հաղորդագրություն  է  տարածել  Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովի՝  Ադրբեջան տեղափոխելու փաստի   և   Հայաստանի  հետագա  անելիքների  վերաբերյալ.

՛՛Ռամիլ Սաֆարովն Ադրբեջանում է, իսկ ադրբեջանցիները սկսել են ավանդական տոնախմբություններն ու արնախում խրախճանքները: Ավանդական, ինչպիսին եղան Սումգայիթում, Բաքվում իրականացրած կոտորածներից և 1988 թ. Հայաստանին պատուհասած երկրաշարժի լուրը ստանալուց հետո:

Առաջին զգացումը, որն ունենում է ցանկացած հայ մարդ այս լուրը լսելուց հետո` բողոքն ու ցասումն է: Եվ դա արդարացված զգացում է: Եվրոպայի մայրաքաղաքներից մեկում քնած հայ սպային կացնահարած այս բորենուն կմեծարեն ու կրկին կհերոսացնեն` աշխարհին ի ցույց դնելով, թե ինչպիսի “հրաշքներ” կարող են գործել նավթային եկամուտները:

Սակայն զայրույթի ու ցասման առաջին զգացումներն ապրելուց հետո, ժամանակն է, որպեսզի սառը դատելով, անհրաժեշտ հետևություններ անենք: Իսկ այդ հետևություններն անպայման պետք է արվեն ու որևէ հիմք չկա դրանք մեղմելու կամ անտեսելու համար:

Սա իսկական ճշմարտության պահ է բոլորիս համար:

Իսկ հետևությունները հետևյալն են`

• Ռ. Սաֆարովին ներում շնորհելու Իլհամ Ալիևի որոշումը Հայաստանի դեմ նոր պատերազմ սանձազերծելու մտադրությանը հավասարազոր պատերազմական ակտ է,

• Ադրբեջանի նախագահը Ռ. Սաֆարովին ներելով, փաստորեն ստորագրեց մի փաստաթղթի տակ, որով Ադրբեջանի և ոչ մի քաղաքացու անձնական անվտանգությունը երաշխավորված չի լինի աշխարհի որ անկյունում էլ որ նա գտնվի,

• Ռ. Սաֆարովին արտահանձնելու որոշումը ոչ միայն հունգարական արդարադատության ջախջախիչ պարտությունն էր, այլև ազդարարեց համաեվրոպական արժեքների ու արդարադատության սկզբունքների կատարյալ բռնաբարումը: Այդ գործողությունն ուներ իր գինը` երեք միլիարդ եվրո: Այսքան արժեր Ռ. Սաֆարովն Իլհամ Ալիևի համար, այդքան արժեր նաև եվրոպական արդարադատությունը` կոռուպցիայի վրա հիմնված մի բռնապետության համար:

• Ռ. Սաֆարովը դարձավ ոչ միայն եվրոպական արդարադատության անաչառության ու անկաշառության փոփոխականության ցուցիչը, այլև համամարդկային արժեքներ դավանող Եվրոպայի անվտանգության գաղափարի ու սկզբունքների ամոթն ու խարանը: Ռ. Սաֆարովը, ինչպես հայտնել էր իր նախնական ցուցմունքներում, տարբեր գործիքներով մարդ սպանելու արվեստին հասու էր դարձել Եվրամիության տարածք հանդիսացող Հյուսիսային Կիպրոսն օկուպացրած թուրքական բանակի հատուկ ռազմաբազաներում:

Ստացվում է կատարյալ մի աբսուրդ. Թուրքիայի կողմից ռազմակալված Եվրոմիության տարածքում մեկ այլ երկրի` Ադրբեջանի զինվորներն ու սպաները մարդասպանության կուրսեր անցնելուց և Եվրոպայի սրտում սահմռկեցուցիչ հանցագործություն իրականացնելուց հետո, փաստորեն, այդ նույն եվրոպական արդարադատության կողմից հանձնվում են Ադրբեջանին` շատ լավ պատկերացնելով իր երկրում հերոսացված հանցագործին ներելու ու արդարացնելու հեռանկարը:

• Այսքանից հետո, կարծում եմ, որևէ եվրոչինովնիկ իրավունք չունի խոսելու մարդու իրավունքների, սահմանների անձեռնմխելիության կամ ղարաբաղյան հիմնահարցի` փոխզիջումների հիման վրա լուծումներ գտնելու մասին: Ալիևյան այսօրվա փաստաթուղթն ազդարարեց փոխզիջումների մասին խոսելու ավարտը: Ավելին, ներում շնորհելու այդ որոշումն հաստատագրեց ադրբեջանական հասարակության նոր պարտությունը, քանի որ դրանով, ոչ ուղղակիորեն, ալիևյան վարչակարգն ընդունեց իր պարտությունը պատերազմում և հայկական կողմի տարած հաղթանակի արդարացի ու բարոյական լինելը:

Այս պատմության մեջ մի բան շատ հստակ է ու պարզ. Ադրբեջանը կարող է գնել Եվրոտեսիլ, օլիմպիական ոսկե մեդալներ, փրկագնել ստահակ ու վախկոտ մի մարդասպանի, սակայն Ադրբեջանին երբեք չի հաջողվի գնել այն հաղթանակը, որն ընդունակ չէ ապահովել սաֆարովների նման զինվորներ ու սպաներ ունեցող բանակն ու հասարակությունը՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ