28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մոսկվայից ստացվում էին առաջարկներ, ադրբեջանական կողմը դիմում է զինադադարի համար: Բաքվի ողջ ռազմագործողությունը տապալված էր. ապրիլյան քրոնիկոն

Ապրիլյան պատերազմի դրդապատճառների քաղաքական ասպեկտները տևական ժամանակ դեռ կքննարկվեն, անշուշտ, առաջ կքաշվեն աշխարհաքաղաքական, տնտեսական և բազում այլ դրդապատճառներ: Սակայն փաստն այն է, որ Ադրբեջանը իր հարձակումից առաջ մի քանի հանգամանք հստակորեն հաշվարկել էր: Անցած տարիների ընթացքում Ադրբեջանը ձեռք էր բերել մեծաքանակ նորագույն զինատեսակներ, դրանք նրանց մեծ վստահություն էին ներշնչել, ընդհուպ, որ կարող են իրենց հաղթանակն ապահովել:

Միաժամանակ նրանք գիտեին, որ հայկական կողմը ևս բավականին ձեռքբերումներ ունի, սակայն դրանց զգալի մասը դեռևս ճանապարհին է: Եթե սրան հավելենք, որ ադրբեջանական բանակի ծախսերը շեշտակիորեն կրճատվել էին, ապա կարելի է ենթադրել, որ, ըստ իրավիճակի, նրանց կարծիքով՝ ճիշտ ժամանակն էր բլիցկրիգ (կայծակնային հաղթական պատերազմ) մղելու:

Ադրբեջանական կողմը վերջին երկու տարվա ընթացքում կատարել էր առնվազն 180 դիվերսիոն ներթափանցման փորձ, կիրառվող կրակային միջոցների քանակն ու հզորությունը նույն ժամանակ մեծանում ու մեծանում էր: Դիպուկահարները ժամանակի հետ իրենց տեղը զիջեցին հրետանային միջոցներին: Ոմանք այս պատերազմի ակտիվ փուլը, առաջին չորս օրն անվանում են ՙհետախուզություն մարտով՚, որը որոշակիորեն ճիշտ է:

Սակայն դասական իմաստով այդպես չէ: Ադրբեջանը շուրջ երկու տարի մշտական լարվածությամբ, դիվերսիաներով և հրետանու կրակով փորձեց հայկական բանակի ուշադրությունը բթացնել: Ընտելացնելով նման լարված իրավիճակին՝ նրանք ժամանակի հետ սկսեցին նաև որոշակի ուժերի առաջքաշումը, հետո դրանց ակտիվ խուսավարումը հյուսիսից հարավ, այս զորամիավորումից այն զորամիավորում: Սա հին մեթոդ է, որով դիմացինին մոլորեցնում են:

Սակայն ադրբեջանական ԶՈւ-ն միևնույն ժամանակ դիմեց նաև ռազմարվեստի նորարարական լուծումների: Դեռևս 1990-ականների երկրորդ կեսից ռազմարվեստում կիրառվում է առկա կարողություններով, առանց մեծ ուժերի ու միջոցների ներգրավման հիմնական հարված հասցնելու մարտավարությունը: Առանձին ու հատուկ կուտակումներ տեղի չեն ունենում: Ադրբեջանը այս անգամ հենց այդպես գործեց. տեղում եղած բանակային կորպուսները հետզհետե համալրելով ոչ մեծ ուժերով՝ նման հարված հասցրեց: Օպերատիվ շարվածքում առկա ուժերով ու միջոցներով փորձեց անակնկալ և որոշիչ հարված հասցնել, մարտավարական բնագիծը ճեղքելով դուրս գալ օպերատիվ խորություն: Դրա հաստատումն են հավաքված զորախբերի ուժերը, ինչը հաստատվում է նաև հայկական ԶՈւ-ի հետախուզական տվյալներով:

Հատկապես կարևոր էր կենտրոնական հատվածում կուտակած զորախումբը, որը, ըստ պլանի, պիտի աշխատեր մարտական գործողությունների միայն երկրորդ օրվանից հետո: Այս ամենը ապացուցվեց նաև խոցված մարտական ուղղաթիռի օդաչուների մոտ հայտնաբերված փաստաթղթերով:

Բացի դրանից՝ ակնհայտ է մի հետաքրքիր առանձնահատկություն ևս: Ադրբեջանական լրատվամիջոցները առաջին օրը մինչև կեսօր լռում էին: Կեսօրին միանգամից անցան հարձակողական տեղեկատվական տեղատարափի, ընդ որում՝ սկզբում անթաքույց հպարտանալով, որ իրենք հարձակվել են և գրավել ինչ-որ բնակավայրեր ու բնագծեր: Նույն պլանի համաձայն էին գործում նաև Թուրքիայի լրատվամիջոցները: Սա նշանակում է, որ տեղեկատվական գործողությունները ևս նախօրոք պլանավորված են եղել՝ մարտական գործողություններին համահունչ սցենարով: Ադրբեջանական զորքերի հաջողությունները պետք է ուղեկցվեին համապատասխան տեղեկատվությամբ, սակայն երբ դրանք սկսեցին հաղորդվել ըստ նախնական մշակված պլանի, արդեն չէին համընկնում մարտական գործողությունների հետ:

Այդ են վկայում հենց երկու ուղղությունում կենտրոնանալը և այդ ուղղությունների համեմատաբար հարթավայրային մասերում տանկային ուժերով հիմնական հարվածները, օրինակ՝ Սեյսուլանի ուղղությամբ ճեղքման հարվածը տանկերով ու հետևակով: Հարվածների ուղղությունները ենթադրում են, որ հյուսիսից ու արևելքից հասցվող հարվածները Արցախի հյուսիում նպատակ ունեին գրավելու Մարտակերտը, Սարսանգի ջրամբարով և այլն: Ըստ ադրբեջանական տվյալների՝ յուրաքանչյուր հատվածում գործի են դրվել առաջին շարակազմի մեկական մոտահրաձգային բրիգադի ուժեր ու միջոցներ:

Դրանք ուժեղացված են եղել հատուկ նշանակության երկու բրիգադներով, այդ թվում 777-րդ բրիգադի, ինչպես նաև 191-րդ լեռնահրաձգային բրիգադի ուժերով, որոնք հիմնականում գործել են հյուսիսում: Ադրբեջանական զորքերի առաջին շարակազմում հիմնականում գործել են այս արհեստավարժ ուժերը, գրեթե չեն օգտագործվել ժամկետային ծառայողներ, որոնք հավանաբար պիտի լինեին հաջողությունը զարգացնող շարակազմում: Ասվածը հիմնավորվում է նրանով, որ հիմնական զոհերը արհեստավարժներ են, նույնն է այն դիրքերում, որտեղ մերձամարտից են զոհվել. բոլորը դիվերսիոն հետախուզական խմբերի ծառայողներ են:

Բոլոր ուղղություններով կենտրոնացված էին նաև կորպուսների ողջ տանկային և հրետանային ուժերը: Փաստորեն, ամեն կողմից գործել է մոտ երկու բրիգադ, կորպուսի ողջ հրետանու և տանկային ուժերի հետ համատեղ: Այս ամենի մասին է փաստում նաև հակառակորդի կողմից հրետանային կրակի ինտենսիվությունը: Ըստ որոշ տեղեկությունների՝ չորս օրվա ընթացքում հակառակորդը կիրառել է 120 մմ-ից բարձր ավելի քան 30 000 հրետանային արկ, ինչը միջինից բարձր մեկ օպերատիվ ռազմագործողության համար նախատեսված զինամթերքի ծախս է:

Որպես ելակետային հաշվարկ նշենք, որ մեկ հրետանային համակարգի մարտապաշարը հաշվարկվում է 60-80 արկ: Եթե այս հաշվարկով դիտարկենք ու հաշվենք, որ մեկ հրանոթը կարող է կրակել օրական առավելագույնը մեկ մարտապաշար, ապա ստացվում է, որ մարտական ակտիվ չորս օրում գործի է դրվել 120 մմ-ից բարձր մոտ 100 միավոր հրանոթ: Ավելի ցածր ակտիվության դեպքում, ինչը ավելի հավանական է, կիրառվել է ավելի քան 150 հրանոթ:

Ադրբեջանական ԶՈւ-ն, գործելով հինգերրորդ սերնդի պատերազմների տրամաբանությամբ, կիրառելով նոր օպերատիվ լուծումներ, փորձել է նաև կատարել մարտավարական հնարամտության, որի մի քանի փայլուն դրսևորումները հայտնի են ռազմարվեստի պատմության մեջ: Նման մարտավարությամբ ժամանակին հաղթանակի են հասել իսրայելական բանակը՝ 1973 թ., իրաքյան բանակը՝ 1986-1987 թթ. և ամերիկյան բանակը՝ 2003 թ.: Հարվածող խմբավորումների առաջին շարակազմում կիրառվել են միայն հատուկ նշանակության ուժեր, այդ թվում կատարվել է փորձ՝ օդային դեսանտ իջեցնել մարտավարական խորքում: Ապրիլի 2-ի առավոտյան խոցված ուղղաթիռը հենց այս փորձի ժամանակ է խփվել:

Անցած ամիսների ընթացքում ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումները փորձում էին նաև լուծել խորքային դիվերսիաների խնդիրը: Ողջ 2012-2015 թթ. կատարելով մարտավարական դիվերսիաներ անմիջապես դիրքապահների ուղղությամբ՝ 2015թ ավարտից սկսած նրանք փորձում էին խորը ներթափանցումներ իրականացնել: Այս ամբողջ դիվերսիաների ընթացքում ադրբեջանական ուժերը կրում էին ծանր կորուստներ, սակայն միևնույն ժամանակ հետախուզում էին մեր ողջ պաշտպանության շերտը:

Այսինքն՝ այդ խմբերը խնդիր ունեին գրավել առաջին բնագծերը կամ բացվածքներ ապահովել այդ բնագծում և միաժամանակ թիկունքից հարված հասցնել գումարտակային խորությանն ու խուճապ առաջացնել: Հիմնական զրահատանկային միջոցները մոբիլ խմբերի հետ գործել են արդեն երկրորդ շարակազմում՝ փորձելով առաջին խմբերի հետ գործել բարձր ներդաշնակությամբ: Հյուսիսային ուղղությամբ ապրիլի 1-ի ուշ երեկոյան ու գիշերը դիվերսիոն խմբերը արդեն հասել են Թալիշ գյուղի հատված և բարձունքներում դիրքավորվելով՝ ապահովել են հրետանու կրակը, որն էլ իր հերթին համապատասխան պահին փորձել է արգելափակել ՊԲ-ի գումարտակների առաջխաղացումը: Այլ խմբեր փորձել են կատարել նույնը՝ ճանապարհների վրա ծուղակներ պատրաստելով: Առաջին հարվածների անակնկալությամբ և սրընթացությամբ ադրբեջանական հատուկ ստորաբաժանումներին հաջողվել է գրեթե գրավել Թալիշ գյուղը և ապահովել մոտակա գումարտակների արգելափակումը:

Գործելով այս կանոններով և ձգտելով քողարկել իրենց հարվածը, որպեսզի ապահովվի անակնկալի գործոնը, ադրբեջանական զորքերը նոր ուժերի ու միջոցների ներգրավումը իրականացրել են ընթացքում՝ մարտավարական խորությունում ունենալով պահեստային ուժեր: Մեծ ուժեր այս ընթացքում խորքից առաջ չի տեղափոխվել, առավելագույնը առանձին գումարտակներ, մաս-մաս և ուղղաթիռներ: Մեծ ուժերի շարժը սկսվել է միայն արդեն պատերազմի օրը:

Այսպիսով՝ ապրիլի առաջին օրվա գիշերը ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումները սկսում են իրենց գործողությունները: Որոշ խմբերի հենց սկզբից հաջողվում է ներթափանցել ու դարանակալել հայկական ստորաբաժանումների և բնակավայրերի ենթակառուցվածքների մոտ:

Ոգևորվելով այս խմբերի հաջողություններով՝ այլ խմբերը սկսել են անմիջապես կարևոր դիրքերի վրա գրոհը և նույնիսկ որոշ տեղերում ականազերծման աշխատանքները տանկային ստորաբաժանումների անցումները ապահովելու համար: Ըստ մանրակրկիտ պլանավորած գործողությունների՝ այն ժամանակ, երբ այս դիվերսիոն խմբերը փորձում էին գրավել կարևոր դիրքերը, իսկ արդեն խորքում եղածները փորձում էին խանգարել համալրմանն ու օգնությանը, հարվածի ուղղություններում՝ մասնավորապես Սեյսուլանի ուղղությամբ հյուսիսում և հարավում Արաքսի ափից դեպի հյուսիս մինչև մեկ-երկու վաշտային հենակետերի ճակատով սկսվել է տանկային հարձակումների նախապատրաստությունը: Առաջնագծին հրետանային կրակի տակ մոտեցել են ականազերծող մեքենաները և սկսել են անցուղիներ բանալ տանկերի համար: Սեյսուլանի ուղղությամբ է, օրինակ, գերակշիռ ուժերի կրակի տակ ընկել վաշտի հրամանատար կապիտան Արմենակ Ուրֆանյանն իր վաշտով:

Սակայն հենց առաջին ժամից պլանները սկսել են շեղվել:

*           Թալիշում հայկական հատուկ նշանակության փոքր ջոկատին հաջողվում է հետ շպրտել ադրբեջանական ջոկատներին գյուղի դիրքերից, նրանց փախուստի մատնել և անգամ հետապնդելով մի քանիսին ոչնչացնել:

*           Անգամ մի քանի անգամ գերակշռող ուժերով ադրբեջանական հատուկ նշանակության որոշ ջոկատների չի հաջողվել գրավել նախանշված բոլոր դիրքերը, հատկապես բարձունքների դիրքերը:

*           Հատուկ նշանակության ջոկատների և տանկային ուժերի համագործակցությունը սկսում է խափանվել, որը միևնույն ժամանակ խափանում է ողջ օպերացիայի սինխրոնիզացիան:

*           Հայկական ստորաբաժանումների հիմնականում գումարտակային հրետանին ոչ միայն ամբողջովին չի ճնշվում, այլ նաև սկսում է իր դիպուկ կրակով զգալիորեն խանգարել ադրբեջանական ստորաբաժանումների գործողություններին:

Այսինքն՝ չի իրականացվում գլխավորը՝ հիմնական հարվածային ուժերի ճանապարհը չի բացվում, ինչպես պլանավորած էր: Ավելին, արդեն մի քանի ժամից պլանները ավելի են խափանվում, երբ հայկական ստորաբաժանումներից շատերին հաջողվում է նույնիսկ գումարտակային պահեստային ուժերով հակագրոհներ անել: Իր բոլոր կորցրած դիրքերը հատկապես արագ հետ է վերցրել 5-րդ ՊՇ-ը: Այստեղ չափազանց գրագետ ու նախաձեռնողական է գործել ՊՇ հրամանատարը, նրա սպառազինության գծով տեղակալը և գումարտակի հրամանատարը:

Արդեն ապրիլի 2-ի ցերեկը հակառակորդը, սպառելով իր գրոհող խմբերի առաջին շարակազմի հիմնական ուժերը և կորցնելով անակնկալության տարրը, ևս մեկ անգամ փորձել է գրոհը զարգացնել նոր ուժեր մարտի մեջ նետելով: Այսպիսով ապրիլի 2-3-ը որոշ տեղերում կորցնելով իր գրաված դիրքերը, այլ տեղերում ենթարկվելով հայկական ստորաբաժանումների համառ հակագրոհներին՝ հակառակորդը ստիպված է եղել դիմել վերախմբավորումների: Երկու ուղղություններում էլ հայկական ուժերը, կիրառելով տանկեր ու հրետանի, անցել են հակահարձակման:

Հայկական ստորաբաժանումներին հանկարծակիի բերել չկարողանալով՝ հակառակորդը դիմել է ծայրահեղ մեթոդի, այսպես ասած, պլան ՙԲ՚-ի՝ հրետանային ինտենսիվ կրակով գոնե առաջին դիրքերը վերցնելու մարտավարությանը: Իհարկե, նման ինտենսիվ կրակով մի քանի տեղում հակառակորդին հաջողվել է ճեղքել առաջին բնագիծը, սակայն դրանով էլ տապալել է ամբողջ ռազմագործողությունը. քանի որ հիմնական ուժերը ոչ մի նշանակալի հաջողության չհասնելով, անգամ մարտավարական որևէ խորություն չգրավելով՝ ստիպված են եղել դիրքային մարտեր վարել: Ձախողելով պաշտպանական բնագծերի ճեղքումը առկա ուժերով ու միջոցներով՝ հակառակորդը ներգրավել է ավելի բարձր աստիճանի միջոցներ՝ հատկապես ծանր հրետանի, մարտական ԱԹՍ-ներ և այլն:

Հարավային ուղղությամբ ՊԲ հակաօդայինների կողմից ապրիլի 2-ին ժամը 12:30-ի սահմաններում խոցվել է հակառակորդի մեկ ռազմական ուղղաթիռ և 2 տանկ: Նույն ժամանակ հյուսիսային հատվածում էլ արդեն խոցվել էին մի քանի ԱԹՍ-ներ:

Ապրիլի 3-4-ին ադրբեջանական ԶՈւ-ն հատկապես մարտական ԱԹՍ-ների կիրառությամբ փորձեց հաջողության հասնել՝ հատկապես հոգեբանական ազդեցություն գործելով: Սակայն իրականում մի քանի տասնյակ կիրառության դեպքերից միայն մի դեպքում նրանց հաջողվել էր նման ԱԹՍ-ով հարված հասցնել քաղաքացիական ավտոբուսին, և մեկ զոհ էլ եղել էր 5-րդ ՊՇ-ի շտաբին հարվածելիս: Մյուս դեպքերում հարվածները ապարդյուն են եղել, քանի որ հարվածները հասցվել էին հայկական կողմի պատրաստած կեղծ թիրախներին:

Չկարողանալով կոտրել հայկական ստորաբաժանումների դիմադրությունը՝ ադրբեջանական ԶՈւ-ն ապրիլի 3-4-ին նորանոր ուժեր ու միջոցներ է նետել մարտի, սակայն կրկին ու կրկին անհաջողության է մատնվել:

Հատկապես ուշագրավ է կենտրոնական հատվածի ուժերի կուտակումը: Ապրիլի 2-ից սկսած ադրբեջանական զորամիավորումները սկսում են նոր կուտակումներ ու վերախմբավորումներ կատարել, մասնավորապես մարտական գործողությունների շրջան են բերվում երեք հրետանային բրիգադներ և համազորային այլ մեծ ուժեր: Կենտրոնական ճակատի ուղղությամբ տանկային գումարտակին հավասար ուժերը ամբողջ օրը խուսավարումներ են կատարում և կրակային դիրքերում երկար չմնալով՝ դիրքերը փոխում:

Ապրիլի 4-ին այդ կուտակումները հասնում են իրենց գագաթնակետին: Ռազմաճակատի կենտրոնական հատվածում արդեն կեսօրին ադրբեջանական ԶՈւ-ն կենտրոնացրել էր երկու լրացուցիչ համազորային բրիգադների ուժեր և միջոցներ՝ չհաշված նախորդ օրերի կուտակումները: Ժամը 18:00-ի սահմաններում կենտրոնական ենթակայության հրետանային բրիգադը ըստ հրամանի մեկ ռեակտիվ դիվիզիոնի և մեկ հեռահար հրանոթային դիվիզիոնի ուժերով համազարկային կրակ է բացում հակառակորդի այդ կուտակումների վրա: Դիվիզիոնին հաջողվում է ընդհանուր համատեղված համազարկով (ընդհանուր ծախսը՝ մոտ 500 արկ) ճնշել այդ ուժերին և ոչնչացնել բրիգադի հրամանատարական կետը: Ըստ որոշ տվյալների՝ մի քանի ժամվա տարբերությամբ զոհվում են ադրբեջանական բրիգադի հրամանատարը և շտաբի պետը:

Նույն ժամանակ ժամը 18:55-ի սահմաններում մեր հետախուզական միջոցները արձանագրում են հեռավոր թիվ 712 նշանակետը, որը հանդիսանում էր հեռահար հրթիռային համազարկային կայան: Հավանաբար այն եղել է «Սմերչ» կամ «Քասիրգա» հեռահար համալիր, որը Արցախի կենտրոնական պաշտպանական բնագծերի ուղղությամբ արձակել է երկու հրթիռ: Նշանակետը գտնվել է Սուլտանբուտյան արգելանոց անտառի հարավային հատվածում:

Մեր բրիգադի հրանոթներից մեկը անմիջապես կրակ է արձակում այդ նշանակետի ուղղությամբ, ուղղորդումներ մտցնելով՝ ևս երկու արկ է արձակվում, որից հետո ադրբեջանական կայանը անմիջապես լքում է կրակային դիրքը: Ըստ էության՝ հրետանային այս տարափը լիովին խափանել է կենտրոնական ճակատի հարձակման նախապատրաստությունը: Այդ երեկոյան Ադրբեջանի պաշտպանության նախարարը ջղաձիգ հայտարարություն արեց այն մասին, որ իրենք կարող են հարված հասցնել Ստեփանակերտին:

Նույն օրը, սակայն, Մոսկվայից ստացվում էին առաջարկներ, ըստ որոնց ադրբեջանական կողմը դիմում է զինադադարի համար: Սա արդեն հստակ վկայությունն էր այն բանի, որ ողջ ռազմագործողությունը տապալված է, իսկ հիմնական զորախմբերը ծանր կորուստներ են կրել: Դրան հետևեց հայկական կողմի չոր պատասխանը:

Ապրիլի 5-ին, ըստ էության սպառելով թևերում հաջողության հասնելու բոլոր հնարավորությունները և տապալելով հիմնական հարված հասցնելու նախապատրաստությունները, ադրբեջանական կողմը սկսեց ինտենսիվորեն դիմել զինադադար համար:

Կրակի դադարեցման պայմանավորվածության պահի դրությամբ ադրբեջանական կողմը կորցրել էր 24 տանկ, 1 ՀՄՄ, 6 զրահապատ մեքենա, 1 ինժեներական մեքենա, 1 «Գրադ» ՀԿՌՀ, 2 ուղղաթիռ և 12 անօդաչու թռչող սարք: Հատուկ նշենք, որ հայկական կողմը կորցրել է մեկ ԱԹՍ: Արցախյան կողմի տեխնիկական հագեցվածությունն այնքան խիտ էր, որ թշնամու համար գործնականում անհնար էր առանց մեծ կորուստների առաջ շարժվել, ինչն էլ ապացուցվեց կորուստների մեծ թվաքանակով:

Չորսօրյա մարտական գործողությունները փաստեցին, որ ադրբեջանական ԶՈւ-ն՝ բրիգադային ուժեղացված զորախմբերով, ներառյալ «վերադասի» կողմից տրված ուժերն ու միջոցները, հարձակում ձեռնարկելով ըստ էության վաշտային հենակետի վրա՝ հընթացս չի կարողացել գրավել այն, անգամ դուրս չի եկել վաշտի պաշտպանության հենակետի ամբողջ խորքը: Ադրբեջանական զորախմբերը մարտական գործողությունների երկրորդ օրը կիրառել են օպերատիվ ենթակայության ուժեր: Ծանր հրանետները, մարտական ԱԹՍ-ները և «Սմերչ» համակարգերը անգամ բրիգադի հրամանատարության ենթակայության ներքո չեն, այսինքն՝ կիրառվել են երկու-երեք աստիճան բարձր հրամանատարության կողմից տրված ուժեր և միջոցներ:

Փաստորեն, ապրիլի 5-ին ադրբեջանական ԶՈւ-ն, արցախյան բանակի երկու վաշտային ոչ լիարժեք հենակետ գրավելու համար կիրառելով 2-3 անգամ առավել մակարդակի, մինչև անգամ 10 անգամ գերազանցող ուժեր, չի կարողացել լուծել մարտավարական խնդիրը և ստիպված է եղել դիմակայել հայկական ուժերի հակագրոհներին: Կրակի դադարեցումը այդ սպառումը համալրելու փորձ էր:

Զինադադարից մի քանի օր անց, որը ադրբեջանական կողմը ուղղակի օգտագործեց գրավված դիրքերը ամրապնդելու համար, նրանք սկսեցին հրետանային հակամարտկոցային պայքարը: Դրանով փաստորեն պատերազմը շարունակվեց, այն չէր ավարտվել, դա ըստ էության հյուծման գործողություն է հիբրիդային պատերազմի տարրերով համատեղված, քանի որ շեշտը դրվում էր միայն կրակային ներգործության, հետախուզության և ՌԷՊ-ի վրա:

Հիմնական գործողությունները վարվում են գիշերը, ցերեկը համեմատական լռություն է, կատարվում էին հետախուզություն, ակտիվ խուսավարումներ ու համալրումներ: Մասնավորապես, ապրիլի վերջին օրերին ադրբեջանական հրետանին հարվածներ հասցրեց արցախյան հյուսիսային բնակավայրերին՝ կիրառելով մի քանր հարյուր հրետանային արկ: Դրանից հետո ստացավ հուժկու հակահարված մոտակա բնակավայրերի թիկունքում թաքնված հրետանային մարտկոցներին:

Հայկական բանակը, որոշակի տեխնիկական հարցերում զիջելով ադրբեջանական կողմին, գերազանցում է հաղթանակ ապահովող երկու կարևորագույն գործոնով՝ զորքերի և ռեզերվների մարտական բարձր ոգին և կառավարման բարձր մակարդակը՝ շնորհիվ պատրաստված ու վճռական հրամանատարների ու լավ փորձի:

 

Անդին 4, 2016

Արծրուն Հովհաննիսյան

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ