Այս խմորը շատ ջուր կքաշի
Երեւանի քաղաքապետն իրավունք չուներ սրճարաններն ապամոնտաժելու որոշում կայացնել։ Հայկ Մարությանի ոչ իրավաչափ որոշման հետեւանքով կոպտորեն խախտվել է սեփականության իրավունքը։ «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասել է փաստաբան, միջազգային օրենսդրության փորձագետ Արթուր Գրիգորյանը։
«Իրավական կամայականության գծով նա միանշանակ առաջ անցավ նախորդ քաղաքապետերից։ Քաղաքապետը, կարելի է ասել՝ ռեկորդ սահմանեց այդ հարցում. «կարգին բեսպրեդել» «կարգին Հայկոյից»,- ասաց փաստաբանը։ Ի դեպ, վերջինս մի շարք գանգատենր է ներկայացրել ՄԻԵԴ՝ նախորդ իշխանությունների օրոք պետական կարիքների համար քաղաքացիների սեփականության իրավունքը խախտելու հիմքով եւ հաղթել։
Սրճարանների ապամոնտաժումը քաղաքական լուրջ քննարկումների տեղիք տվեց ու մարեց, սակայն առաջիկայում այն կտեղափոխվի իրավական հարթություն։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ առաջիկայում հայցեր կներկայացվեն դատարաններ՝ վիճարկելու քաղաքապետի գործողությունների օրինականությունը։
Փորձագետը նկատեց, որ սրճարանների ապամոնտաժման բուն փաստը կարող էր տեղի ունենալ բացառապես «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի շրջանակներում, որը, ի թիվս այլոց, սահմանում է, որ ունեցվածքի օտարումը հասարակական կամ պետական կարիքների համար հնարավոր է միայն կառավարության համապատասխան որոշման հիման վրա։ Այսինքն կառավարական որոշմամբ պետք է նախորոշվի և պատճառաբանվի բացառիկ, գերակշռող պետական շահի փաստը այն տարածքների նկատմամբ, որտեղ գտնվում էին սրճարանները։
Իսկ եթե կառավարական որոշումը չեղարկված չէ դատական կարգով, օրակարգ է մտցվում փոխհատուցումներ վճարելու հարցը։ Ընդ որում՝ պետք է քննվեր օբյեկտի ոչ միայն շուկայական արժեքի վճարման, այլև բաց թողնված շահը փոխհատուցելու հարցը. չէ՞ որ դադարում է սեփականատիրոջը կամ վարձակալողին եկամուտ բերող բիզնեսը։
Ա.Գրիգորյանը վկայակոչեց ՀՀ սահմանադրության 3-րդ հոդվածը, որը երաշխավորում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների գերկայությունը։ Այսինքն հանրային իշխանության համար երկրում բարձրագույն արժեք պետք է լինեն մարդկանց իրավունքներն ու ազատությունները՝ որպես անմիջականորեն գործող իրավունք։ Ակնհայտ է, որ վարձակալները ժամանակին ստացել են համապատասխան քաղաքաշինական փաստաթղթեր, այդ թվում նաև կառուցապատման թույլտվություն։ Պայմանագրերը կնքվել են համաձայն այդ պահին գործող օրենսդրության։
Այսինքն խոսքը, բնականաբար, ապօրինի շինությունների մասին չէ։ Իսկ եթե ամեն ինչ արվել է օրենքին համապատասխան, ապա սեփականատերերը (վարձակալները) օժտված են տվյալ անշարժ գույքի նկատմամբ որոշակի իրավունքներով։
«Համաձայն Եվրակոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի, ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ իրավունք ունի անարգել օգտվելու իր ունեցվածքից, և նրան ոչ մի կերպ չի կարելի զրկել այդ ունեցվածքից, բացառությամբ այն դեպքերի, երբ դա արվում է ի նպաստ հասարակության շահերի և այն պայմաններով,որոնք նախատեսված են օրենքով կամ միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքներով։ Սրանից հետևում է, որ ունեցվածքից օգտվելու իրավունքին միջամտությունն առաջին հերթին պետք է իրականացվի ազգային օրենսդրության նորմերին համապատասխան»,- ասաց Ա.Գրիգորյանը։
Նա արձանագրեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմաթիվ գործերով, այդ թվում՝«Իատրիդիսն ընդդեմ Հունաստանի», «Մինասյանը և Սեմերջյանը ընդդեմ Հայաստանի», բազմիցս պարզաբանել է, որ«ունեցվածք» հասկացությունը Եվրակոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի իմաստով ունի ինքնուրույննշանակություն և կախված չէ երկրի ազգային օրենսդրությամբ այդ հասկացությանը տրված դասակարգումներից։
Ինչպես նյութական իրերը, այնպես էլ ունեցվածքային բնույթի որոշակի իրավունքներն ու շահերը կարող են համարվել ունեցվածքային իրավունքներ և, հետևաբար, ունեցվածք՝ կոնվենցիայի տեսանկյունից։ Զարգացնելով այս տրամաբանությունը, ՄԻԵԴ-ը եկել է այն եզրահանգման, որ բիզնեսը որպես այդպիսին նույնպես գտնվում էԵրակոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի պաշտպանության ներքո, քանի որ ձեռներեցականգործունեությունից ստացվող եկամուտն, անկասկած, նույնպես ունեցվածք է։
Ակներև է, որ ավելի քան 10 տարի առաջ որոշակի ձեռներեցներ քաղաքային իշխանությունների հետ կնքել են պայմանագրեր, որոնց հիման վրա էլ ձեռներեցականգործունեություն են իրականացրել դիտարկվող տարածքներում։ Հետևաբար, միջամտությունը նրանց գործունեությանը,համաձայն կոնվենցիայի, միջամտություն է նաև նրանց ունեցվածքային իրավունքներին։
Իսկ Սահմանադրության 60-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված է, որ ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից որևէ այլ կերպ, քան դատական կարգով և այն դեպքերում, որոնք նախատեսված են օրենսդրությամբ։ Հետևաբար, քաղաքապետի որոշումը չի կարող լինել այն ակտը, որի հիման վրա անձին կարելի է զրկել ունեցվածքից։ Նման որոշումը, համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 62-րդհոդվածի 1-ին մասի բ կետի, առ ոչինչ լինելու ենթակա վարչական ակտ է, որովհետև կայացվել է մի մարմնի կողմից, որը դրա իրավունքը չունի։
Նույն օրենքի 2-րդ մասն ամրագրում է, որ առ ոչինչ վարչական ակտն ընդունման պահից իրավաբանական ուժ չունի և ենթակա չէ կատարման կամ կիրառման։ Այդպիսի ակտը չկատարելը չի կարող առաջացնել որևէ պատասխանատվություն այն անձանց համար, ում հասցեագրված է։ Ավելին, առ ոչինչ վարչական ակտի կատարումը կամ կիրառումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն։ Այսինքն վերաբերվում է Քրեական օրենսգրքով սահմանված պաշտոնեական հանցագործությունների կարգին (ծառայողական լիազորություններիգերազանցում կամ պաշտոնեական դիրքի չարաշահում)։
«Այդ առումով նախադեպ արդեն կա։ Իմ պաշտպանյալ Լյուբով Փիլոյանի գործում՝ նմանատիպ սցենարով, երբ Երևանի քաղաքապետն իր որոշմամբ նրան զրկեց հողակտորի վարձակալման իրավունքից, Սահմանադրական դատարանը 2015թ. դեկտեմբերի 1-ի որոշմամբ վճռեց, որ Փիլոյանը տվյալ հողակտորի նկատմամբ ունի սեփականության իրավունք՝ համաձայն Եվրակոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի, և քաղաքապետը իրավունք չուներ զրկել նրան ունեցվածքից։
Սահմանադրական դատարանի վճռի հիման վրա Վարչական դատարանը քաղաքապետի որոշումը ճանաչեց առ ոչինչ վարչական ակտ, իսկ այդ որոշման հիման վրա 2018 թվականի հուլիսին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունը քրեական գործ հարուցեց քաղաքապետի դեմ,- ասաց Ա. Գրիգորյանը՝ ավելացնելով,- Քաղաքապետ Մարությանը պետք է նկատի ունենա, որ կարող է բախվել քրեական պատասխանատվության, և արժե, որ շատ լուրջ մտորի արդեն արվածի իրավական հետևանքների մասին, որովհետև ինքն իրավունք չունի միանձնյա կարգով միջամտել սեփականության իրավունքներին և մարդկանց զրկել սեփականությունից։
Կամայականությունը՝ այն հիմնավորումով, թե նախկին իշխանություններն էլ են գործել կամայականորեն, հարցի լուծման ճանապարհ չէ և կհանգեցնի ՄԻԵԴ ուղարկվող հայցերի քանակի բազմակի աճի՝ միանշանակ հաջողության հեռանկարով»։