Վերջին կիբեր-պատերազմը ցույց տվեց, որ հայկական կայքերն ավելի պաշտպանված են. Սամվել Մարտիրոսյան /վիդեո/
Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին գազանաբար կացնահարած ադրբեջանցի ստահակի արտահանձնմանը եւ Ադրբեջանի նախագահի կողմից նրան ներում շնորհելուն հաջորդեց հայ եւ ադրբեջանցի հաքերների “փոխհրաձգությունը“ : Անցած երկու օրերի ընթացքում սկսվեց իսկական կիբեր-պատերազմ, որից մեր մասնագետները պատվով դուրս եկան:
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ թե հայ, թե ադրբեջանցի հաքերները երկու տիպի հարձակումներ են իրականացրել` DDoS հարձակումները, երբ կայքը չի աշխատում եւ, երբ կայքը կոտրվում է եւ կայքի վրա ինչ-որ բան է տեղադրվում:
Սամվել Մարտիրոսյանի խոսքով, չնայած նրան, որ ադրբեջանական հաքերները մոտ 40 հայկական, իսկ հայ հաքերները` շուրջ 20 ադրբեջանական կայք են կոտրել, մեր մասնագետների աշխատանքի արդյունքը որակապես տարբերվում է: Հայ հաքերները հիմնականում աշխատել են ադրբեջանական պետական ու լրատվական կայքերի ուղղությամբ:
“Մերոնք Ադրբեջանի նախագահի կայքի վրա հարձակվեցին, ինչի հետեւանքով վախեցան եւ անջատեցին կայքը, մեկ օրից ավել կայքը չէր աշխատում: Մերոնք պառկեցրին երեք նախարարությունների` Ադրբեջանի մշակույթի եւ տուրիզմի, արդարադատության, կապի եւ տրանսպորտի նախարարությունների, պետական հեռուստաընկերության կայքերը: Ինչ վերաբերվում է DDoS հարձակումներին, ադրբեջանցիները հայկական լրատվական կայքերի ուղղությամբ էին աշխատում, ինչը չհաջողվեց, իսկ հայերը պառկեցրին չորս ադրբեջանական հիմնական լրատվական կայքեր, ինչի հետեւանքով մեկին` Vesti.az-ին ընդհանրապես հոսթինգից զրկեցին”,-Henaran.am-ին ասաց Սամվել Մարտիրոսյանը :
Հայ հաքերները կոտրել են ադրբեջանական Vesti.az, 1News. az, Day.az-ը եւ APA գործակալության կայքերը, ինչպես նաեւ Trend .az-ը, որը ի տարբերություն նախորդների, համեմատաբար արագ է վերականգնվել: Լրատվական կայքերի դեմ ուղղված արշավին հաջորդել են հարձակումները ֆորումների վրա: Հայ հաքերները երկար ժամանակով տապալել են ադրբեջանական Disput.az, Atc.az ֆորումները, իսկ հակառակորդին հաջողվել է մի քանի ժամով վնասել OpenArmenia.com-ը :
Սամվել Մարտիրոսյանի խոսքով, այժմ համացանցում հարաբերական անդորր է: “Ադրբեջանցիները միշտ գրոհում են հայկական կայքերը, իրենց մոտ կարծես պլան է դրված, իսկ մեր կողմից սա պատժիչ գործողություն էր: Շատ կարեւոր էր, որ ադրբեջանցիները չկարողացան պառկեցնել մեր լրատվականները: Հազար ու մի կայք կա, բայց իրականում, երբ գրում են, թե 120 հայկական կայք է կոտրվել, իրականում դա ոչինչ չի նշանակում, որովհետեւ կարեւոր է, թե ինչ կայքեր են:
Լրատվականները այդ առումով ամենավտանգավորն են: Փորձը ցույց տվեց, որ մենք ավելի պաշտպանված ենք: Չնայած պարսկական հաքերները կես տարի առաջ ադրբեջանական պետական կայքերը կոտրել էին, եւ ադրբեջանցիները մեծ աղմուկով հայտարարել էին, որ շատ լուրջ կերպով պաշտպանվում են, գործը ցույց տվեց, որ հայկական կողմին կրկին հաջողվեց մի քանի կարեւոր պետական կայք կոտրել”,-ընդգծեց Սամվել Մարտիրոսյանը:
Կոտրված ադրբեջանական կայքերի վրա հայ հաքերները տեղադրել են Գուրգեն Մարգարյանի նկարը կամ Մոնթե Մելքոնյանի ու մարդասպան Ռամիլ Սաֆարովի նկարները` “Ինչպիսին երկիրն է, այնպիսին էլ նրա հերոսներն են” մակագրությամբ, որտեղ ցույց է տրվել կրթված հայ հերոսի եւ անգրագետ ադրբեջանցի մարդասպան “հերոսի” տարբերությունը: