27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Իշխանությունը շարունակում է չհասկանալ, թե ինչու՞ է դժգոհում ժողովուրդը

Երկար տարիներ մեր իշխանությունների հիմնական խնդիրն այն է, որ չեն կարողանում հասկանալ թե ինչու՞ է ժողովուրդը դժգոհում իրենց որոշումներից և գործողություններից: Ընդ որում իշխանությունը համոզված է, որ իր այս կամ այն որոշումը ուղղակի բխում է ժողովրդի շահերից և հետապնդում է ազնիվ նպատակներ, ուստի հանրային դժգոհությունը իր համար դառնում է էլ ավելի անհասկանալի և անբնական:

Իրականում ժողովուրդը ընդամենը ցանկանում է լսված լինել, մասնակիցը լինել այս կամ այն իր շահերից բխող որոշումների կայացմանը, մասնակցել հանրային բարիքի բաշխմանը, չլինել արհամարված:
Նախկին իշխանությունների հիմնական խնդիրներից մեկը հենց սա էր և այս պարագայում նույնիսկ լավագույն որոշումը հանդիպում էր հակազդեցության, քանի որ հիմնական շահառուն դուրս էր մնացել որոշման կայացման գործընթացից: «Հեղափոխության» ժամանակ ժողովուրդը ստացավ այդ խոստումը՝ «ուղիղ ժողովրդավարություն», «հանրաքվեների միջոցով որոշումների կայացում», «առանց ժողովրդի կարծիքի՝ ոչինչ»:

Նոր իշխանությունը սկսեց գործել, կայացվեցին որոշումներ՝ կրկին ազնիվ մղումներով և կրկին առանց ժողովրդին մասնակից դարձնելու: Ժողովուրդը կրկին սկսում է բարձրաձայնել իր դժգոհությունը կառավարման գործընթացից դուրս մնալու վերաբերյալ, իսկ իշխանությունը շարունակում է չհասկանալ թե ինչու՞ է դժգոհում ժողովուրդը:

Թերևս չհասկանալն է պատճառը, որ իշխանությունը որոշեց ժողովրդին բաժանել «սևերի» և «սպիտակների» և բոլոր դժգոհողներին դասել «սևերի» շարքը: Եվ այստեղ է հիմնական խնդիրը. թե «սևեր» կոչվող նախկին իշխանության շրջապատը և թե «սպիտակներ» կոչվող նոր իշխանության շրջապատը այս կամ այն չափով մասնակցել և մասնակցում են որոշումների կայացմանը, իսկ ժողովուրդը եղել և շարունակում է մնալ արհամարված:

Եվ ուրեմն պետք է հասկանալ, որ ժողովուրդը տարբերում է ձևականը բովանդակայինից, պետք է հասկանալ, որ ամոթ չէ լսել սեփական ժողովրդին, պետք չէ արհամարել ժողովրդի հավաքական կարծիքը, պետք չէ մտածել թե որևէ մեկը կարող է ժողովրդի փոխարեն ավելի լավ որոշում կայացնել, պետք չէ թիմային կարծիքը ներկայացնել որպես հանրային, հակառակ պարագայում, անկախ գունաբաժանումից, դժգոհությունը կավելանա, աղմուկը կմեծանա, իսկ շարունակությունը արդեն հայտնի է…

«Հանրային Շահերի Ազգային Կենտրոն» իրավունքների պաշտպանության ՀԿ

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ