Գալուստ Սահակյանը բախումները չի բացառում
Քաղաքական մեծամասնությունը ամեն ինչ անելու է, որպեսզի ՏԻՄ ընտրությունները ավելի լավը լինեն: Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով սպասվող ընտրական գործընթացներին, ասել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: “Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի այն որոշ բացերը, որ դրսեւորվեցին խորհրդարանական ընտրություններին, չկրկնվեն: Սա էլ հիմք կհանդիսանա հետագայում նախագահական ընտրությունների համար”,-ասել է նա:
Գալուստ Սահակյանի համոզմամբ, մինչ այս տեղի ունեցած առանձին միջադեպերը չեն կարող որակական ազդեցություն ունենալ ընտրական գործընթացի վրա: ՀՀԿ փոխնախագահի դիտարկմամբ, նախագահական ընտրությունների նախաշեմին, բնականաբար քաղաքական ուժերն ավելի կակտիվանան եւ գործող նախագահից բացի, կլինեն նաեւ այլընտրանքային թեկնածուներ:
Ինչ վերաբերվում է քաղաքական ուժերի, մասնավորապես ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ հարաբերությունների սրման հավանականությանը, Գալուստ Սահակյանը կարծում է. ”Ավելի բարեկիրթ ընտրությունների նախադեպը մենք ունենք եւ ավելի քաղաքակիրթ ընտրություններ կլինեն, չնայած, որ քաղաքական ուժեր են եւ քաղաքակիրթ բախումները չեն բացառվում”: