Ստամբուլի Թաքսիմ հրապարակում ոգեկոչել են Ցեղասպանության զոհերին
Արդեն 3-րդ տարին է, ինչ Ստամբուլի Թաքսիմ հրապարակում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառում է իրականացվում: Ապրիլի 24-ին Թաքսիմում հավաքվել էին Թուրքիայի հարյուրավոր քաղաքացիներ` մասնակցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատկման արարողությանը, գրում է Ermenihaber.am-ը:
Թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականի տեղեկացմամբ` զոհերի հիշատակը սգացող ավելի քան 1000 մարդ շուրջ 1 ժամ նստացույց են արել: Իրենց առջև պարզելով 1915-ին գազանաբար սպանված հայ մտավորականների նկարները` մեկ առ մեկ ընթերցել են նրանց անունները: Նստացուցի մասնակցիներն իրենց հետ բերել էին նաև հանրապետական Թուրքիայում սպանված Դինքի և Սևակ Շահին Բալըքչըի լուսանկարները: Զոհերի նկարների վրա մեխակներ են դրվել և կատարվել է մոմավառություն:
Ի պատասխան Թաքսիմում կազմակերպված այդ ոգեկոչման արարողությանը` մերձակայքում 10-15 հոգանոց մի խումբ «Հայոց ցեղասպանությունը սուտ է» խորագրող ակցիա է իրականացրել: Խմբի անդամները եղել են «Ժողովրդի ազատագրում» կուսակցության անդամներ: Ոստիկանությունը այդ երկու հակադիր խմբերի միջև բարիկադներ է դրել` կանխելու հնարավոր որևէ բախում կամ անկարգություն: