Փաշինյանը կարող է ներկայացնել Արցախի տեսակետը, բայց չի կարող բանակցել. քաղտեխնոլոգ
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը որակում է կոշտ։ Չնայած որևէ նոր ասելիք չկա, սակայն անսպասելի էր հայաստանյան լսարանի համար:
«ՄԽ համանախագահները առաջարկում են թե՛ Ադրբեջանին, թե՛ Հայաստանին վերսկսել բանակցություններն այն կետից, որում նրանք փաստացի ավարտվել էին: Մինչդեռ, Նիկոլ Փաշինյանը կոշտ հայտարարել է, որ Հայաստանը չի կարող ներկայացնել Արցախին՝ բանակցային գործընթացում: Իրանում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սպասվող հանդիպումը նույնիսկ չունի օրակարգ և դա լինելու է ընդամենը ֆորմատի շուրջ բանակցություն, որում Հայաստանյան կողմը պնդելու է, որ բանակցություններում պետք է մասնակցի երրորդ կողմը՝ Արցախի Հանրապետությունը»,- ասաց նա։
Քաղտեխնոլոգի կարծիքով, Նիկոլ Փաշինյանը Արցախի Հանրապետությունից պետք է ստանա որոշակի մանդատ՝ Արցախի իշխանությունների տեսակետը ներկայացնելու համար, որն է՝ տարածքային զիջումների չգնալ, սակայն նրա անունից չի կարող բանակցել:
«Ճիշտ կլինի՝ Հայաստանի իշխանությունը հրապարակայնորեն երկիրը պատրաստի պատերազմի՝ցույց տալով, որ եթե բանակցային գործընթացը հեռանկար չունենա, մենք պատրաստվելու ենք հնարավոր պատերազմի: Սա կարևոր մեսիջ կարող է լինել միջազգային կազմակերպությունների համար», – նկատեց նա։