Հետ կանչել Հայաստանի Հանրապետության ստորագրությունը 2009 թվականի հայ-թուրքական արձանագրություններից. բաց նամակ Սերժ Սարգսյանին
Մեծարգո պարոն Նախագահ,
– Հաշվի առնելով, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին թուրքական պետության ժխտողական քաղաքականությունը շարունակավում է, իսկ հայ-թուրքական արձանագրությունների տակ դեռեւս առկա է Հայաստանի Հանրապետության ստորագրությունը,
– Հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ թուրքական կողմը հրաժարվել է առանց նախապայմանների խելամիտ ժամկետներում արձանագրությունները վավերացնելու պարտավորություններից, հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը Թուրքիան պայմանավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութուն-Ադրբեջան հակամարտության կարգավորմամբ,
– Նկատի ունենալով “Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին” եւ “Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների զարգացման մասին” արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցնելու մասին ՀՀ նախագահի՝ 2010 թվականի ապրիլի 22-ին հրամանագիրը,
– Հաշվի առնելով 2013 թվականի հունվարի 21-ին Ձեր այն հայտարարությունը, համաձայն որի, եթե Թուրքիան մոտ ժամանակներում չվավերացնի փաստաթղթերը, Հայաստանը կարող է վերանայել որոշումը, հանել Ազգային Ժողովի օրակարգից արձանագրությունները, հետ կանչել ստորագրությունը,
– Հիմք ընդունելով ՀՀ նախագահի՝ 2011 թվականի հունվարի 17-ին Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատում արված հայտարարությունը. այն է` “Թուրքիայի հետ հարաբերությունները նույնիսկ փոքր քայլերով հարթելու մեր անկեղծ առաջարկով սկսված գործընթացն արագ խափանվեց: Իր հակասական կեցվածքով, իրարամերժ հայտարարություններով եւ գործընթացի անհիմն շահարկումներով Թուրքիան կործանեց այն: Թուրքիան հետ կանգնեց իր պարտավորություններից եւ ոչ միայն չվավերացրեց ստորագրված արձանագրությունները, այլեւ վերադարձավ գործընթացից առաջ որդեգրած իր հին դիրքերին”,
Պահանջում ենք` Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին, համայն հայության պահաջատիրական պայքարի շարունակականության, արդարության վերականգման, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանչման ու դատապարտման եւ ամբողջական փոխհատուցման աննկուն պայքարի, հետ կանչել Հայաստանի Հանրապետության ստորագրությունը 2009 թվականի հայ-թուրքական արձանագրություններից:
ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
ՀՅԴ “ՆԻԿՈԼ ԱՂԲԱԼՅԱՆ” ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ