Նախկին պատգամավորը սպառնացե՞լ է կուսակցության առաջնորդին
“Հզոր ապագա” կուսակցության նախագահ Արկադի Կիրակոսյանը Ֆեյսբուքի իր տարեգրքում հայտարարություն է տարածել, ըստ որի, սպառնում են նրան:
“Ես Արկադի Գեւորգի Կիրակոսյանս, երկու տարի գտնվել եմ ՌԴ-ում որտեղ կարողացել եմ հայ համայնքի հետ շփումների արդյունքում մեր երկիր բերել ներդրումններ: Սույն թվականի փետրվար ամսին փորձեցի վարձակալել գեղեցկության սրահ, որի դիմաց վճարել եմ երկու ամսվա վարձավճար: Ելնելով մի շարք հանգամանքներից վարձատուին տեղեկացրեցի վարձակալումից հրաժարվելու համար: Ապրիլի 21-ին ստացա հեռախոսազանգ՝ 093450327 հեռախոսահամարից եւ զանգահարողը ներկայացավ Արայիկ, հրավիրեց ինձ “Անի” հյուրանոցի սրճարան խոսելու համար, որտեղ ինձանից պահաջեց կամ եւս երկու ամիս շարունակել կամ հավելյալ գումար վճարել: Ես հրաժարվեցի, քանզի չունեմ վարձակալման պայմանագիր եւ ուստի ոչ մի պարտավորություն, սակայն ամսի 22-ին երեկոյան զանգահարեց կրկին եւ սկսեց ահաբեկել որ կզղջամ: Եվ երբ նրան ասացի որ ես այս հարցը կտեղափոխեմ իրավական հարթություն, նա սպառնաց ինձ, որ գիտի իմ տեղը եւ ես դեռ չգիտեմ ում հետ գործ ունեմ: Ուստի խնդրում եմ Ձեզ ձեռնարկել համապատասխան միջոցներ որ այդ մարդը չանհանգստացնի ինձ կամ եթե մեղավոր եմ թող հարցերը լուծի բացառապես օրենքի շրջանակում:Իմ կոնտակտային տվյալներն են 093270206: Արկադի Կիրակոսյան”,-գրել է նա: Ըստ Կիրակոսյանի, ինքը դիմելու է նաեւ ոստիկանություն եւ գլխավոր դատախազություն:
Henaran.am-ը զանգահարեց Արայիկի հեռախոսահամարով: “Ես Արայիկ Սիմոնյանի օգնականն եմ, ես կասեմ, ինքը հետ կզանգի”,-ասաց նրա հեռախոսին պատասխանողը:
Երկու-երեք ժամ հետո նորից զանգեցինք: Արայիկ Սիմոնյանը նշեց, որ ինքը չի ճանաչում ոչ մի Արկադի Կիրակոսյան, չի զանգել ոչ մեկին: “Ում եմ սպառնել, ինչի համար, ով ա ինքը, ինչ ա իրենից ներկայացնում, թող բողոքի ուր ուզում ա, հո ասելով չի՞”,-ասաց նա:
Խոսեցինք նաեւ Արկադի Կիրակոսյանի հետ: “Ավելին ասեմ, այդ Արայիկը Ազգային ժողովի չորրորդ գումարման պատգամավոր Արա Սիմոնյանն է՝ “Ազգային միաբանություն”-ից: Ես դուրս կգրեմ իմ հեռախոսահամարների վերծանումը, եթե անհրաժեշտություն լինի”,- ասաց Արկադի Կիրակոսյանը: