Օտարերկրյա գործակալներից խոսում է մի մարդ, ում նշանակած կադրերը զբաղված են եղել պետության հիմքերը քանդելով. Շարմազանով
Սպահանում հայ համայնքի հետ երեկ կայացած հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտել էր, որ «մենք, որպես ժողովուրդ, այլևս թույլ չենք տալու դավադրություններ մեր պետականության նկատմամբ», նա նշել էր՝ չպետք է թույլ տալ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում գործեն քաղաքական գործիչներ, որոնք ավելի շատ օտարերկրյա գործակալներ են, քան իրենց սեփական երկրի քաղաքացիներ:
Henaran.am-ի հետ զրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գնահատելով վարչապետի այս հայտարարությունը ասաց, իր համար կրկնակի վտանգավոր է պետության ղեկավարից լսել նման գնահատականներ:
«Օտարերկրյա գործակալներից խոսում է մի մարդ, ում իշխանազավթման պրոցեսին ակտիվ մասնակցել են գործիչներ, որոնք հրապարակային գումար են ստացել օտարերկրյա ֆոնդերից: Օտարերկրյա գործակալներից խոսում է մի մարդ, որը պետական պաշտոնների է նշանակում մարդկանց, ովքեր սնվել են օտարերկրյա գրանտներով և մեր իշխանության տարիներին զբաղված են եղել ո՛չ միասնություն քարոզելու և ո՛չ պետություն ամրապնդելու գործերով, իսկ եթե ինձ լսեք զբաղված են եղել պետության հիմքերը քանդելով և այսօր խոսում է պետության միասնության մասին: Ո՞ւմ նկատի ունի պարոն Փաշինյանը, որդյո՞ք իր նշանակած կադրերից մի քանիսին»,-նշեց ՀՀԿ խոսնակը: