Աշխարհը տղամարդկանց եւ կանանց աչքերում տարբեր է.մեղավորը` ուղեղն է
Այն , ինչի մասին երկար ժամանակ պնդում էին գեղեցիկ սեռի ներկայացուցիչները, վերջապես հաստատվեց գիտականորեն` կանայք եւ տղամարդիկ աշխարհը տարբեր ձեւ են տեսնում: Հետազոտությունները պարզել են, որ 2 սեռերի մոտ տարբեր է գույների ընկալումը ուղեղի կողմից: Օրինակ` եթե տղամարդուն եւ կնոջը ցույց տան նարնջագույն գույնը, ապա տղամարդն այն ավելի “կարմրավուն” է տեսնում, քան կինը: Նույն կերպ խոտը ուժեղ սեռի ներկայացուցիչներին ավելի “դեղնավուն” է երեւում, քան կանանց:
Սակայն սրանով չի սահմանփակվում գույների ընկալման տարբերությունները: Նյու Յորքի համալսարանի գիտնականները բավականին հետաքրքիրր արդյունքներ են գրանցել` առկայծման գիտափորձի արդյունքում: Հետազոտման մասնակիցներին, ովքեր նորմալ տեսողություն են ունեցել` առանց շեղումների, որոնք, ի դեպ, ավելի հաճախ հանդիպում են տղամարդկանց մոտ, ցույց են տվել լույսի առկայծումը, իսկ հետո հարցրել` ինչ գույներ են նրանք տեսել: Արդյունքում պարզվել է, որ տղամարդկանց համար շատ դժվար է տարբերակել դեղինի, կանաչի եւ կապույտի միջեւ առկա նուրբ երանգները: Այս հատկությունը, ընդհանուր առմամբ, ոչ մի բանի վրա չի ազդում, սակայն օրինակ պատերի ներկի գույնը որոշելն ավելի լավ է թողնել կանանց:
Հետազոտության ղեկավարները պարզաբանում են, որ գույները տարբեր կերպ ընկալելը չի կարող կապված լինել աչքերի կառուցվածքի տարբերության հետ: Այդ պատճառով էլ նրանք եզրակացնում են, որ խնդիրը նրանում է, թե ինչպես է ուղեղը` արական սեռական տեստոստերոն հորմոնի ազդեցության տակ ընկալում եւ մշակում ինֆորմացիան, որն ստանում է աչքերի օգնությամբ:
Միաժամանակ պարզվել է, որ կանանց մոտ ավելի զարգացած է ոչ միայն տեսողությունը: “Biology of Sex Differences” ամսագրի վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն առանձնանում են նաեւ լավ լսողությամբ, համի եւ հոտի գերազանց ընկալմամբ: Տղամարդիկ եւս առավելություններ ունեն: Նրանց մոտ լավ է ստացվում տարբերակել շարժվող առարկաների մանրամասները: Այդ հատկությունն օգնել է մեր նախնիներին դառնալ լավ որսորդներ, իսկ այժմ այն կիրառվում է հեռուստատեսությամբ ֆուտբոլ դիտելիս: