Ստավրոպոլում վթարի ենթարկված միկրոավտոբուսի տուժածների մեջ կան հայեր
Հայաստանից մեկնած միկրոավտոբուսը չորեքշաբթի ցերեկը վթարի է ենթարկվել Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասում, կան տուժածներ, «Интерфакс»-ին հայտնել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության երկրամասի գլխավոր վարչության մամուլի ծառայության ղեկավար Օլեգ Դեգտարյովը:
«Մոսկվայի ժամանակով ժամը 12:10-ին տեղեկատվություն է ստացվել առ այն, որ «Կավկազ» ֆեդերալ ավտոճանապարհի 223-րդ կիլոմետրի վրա՝ Կոչուբեեւսկոյե գյուղից ոչ հեռու, «Մերսեդես-Վիտո» միկոավտոբուսը, որը պատկանում էր Հայաստանից մասնավոր անձի, շրջվել է կյուվետի մեջ», – ասել է նա:
Ըստ նրա՝ միկրոավտոբուսում եղել է վեց մարդ, ներառյալ վարորդը:
«Բոլոր վեցն էլ՝ երեք տղամարդ և երեք կին, տուժել են: Նրանց տեղափոխել են Նեվիննոմիսկի քաղաքային հիվանդանոց», – նշել է գործակալության զրուցակիցը:
Նա նաև նշել է, որ «փոխգործակցություն է կազմակերպվել հայկական համայնքի հետ»:
«Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը շրջափակված է ոստիկանության ուժերով, աշխատում են բոլոր արտակարգ ծառայությունները», – հավելել է Դեգտարյովը:
Իր հերթին իրազեկ աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ բոլոր տուժածները Հայաստանի քաղաքացիներ են: