Քաղաքապետ դառնալու ճամփան փշոտ է. ընտրական օրենսգիրք պետք է կարդալ
Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը, Կապանի ավագանու թեկնածու Գագիկ Ղահրամանյանը կոչով դիմել է քաղաքապետի միակ թեկնածու, ՀՀԿ-ական Աշոտ Հայրապետյանին` հրաժարվելու պայքարից:
Henaran.am-ը Աշոտ Հայրապետյանից փորձեց ճշտել, թե ինչպես է վերաբերում կոչին: Ըստ թեկնածուի, ինքը միանշանակ չի հրաժարվելու ընտրապայքարից, որովհետեւ այդ քայլին գնացել է իր գիտակից որոշմամբ եւ ամենեւին էլ ոչ պահի ազեցության տակ:
“Դա նաեւ փառասիրություն չէ: Ես համոզված էի, որ այդ ճանապարհին լինելու են նման խնդիրներ, որոնք պարզապես պետք է չնկատել, քանի որ դրանք համարում եմ ոչ լուրջ, այսինքն` արտահայտում են մեկ-երկու, կամ թեկուզ մի խումբ մարդկանց կարծիք, ինչը դեռեւս հասարակական կարծիք չէ:
Իսկ եթե դա լիներ, իրոք, այդպիսին, ես դրան դեմ գնալ չէի կարող: Չնայած, այսօր կա նաեւ հասարակական կարծիք ձեւավորելու խնդիր: Անհատը պետք է կարողանա հասարակությանը ճիշտ ներկայացնել իր կարծիքը եւ այնտեղ ցույց տալ հասարակական շահը:
Գագիկ Ղահրամանյանն իր կարծիքն է ասում, թող ասի: Այլ խնդիր է, թե Գագիկ Ղահրամանյանին, արդյոք, մտահոգում է հասարակության շահը: Նման քայլով նա ընդամենը փորձում է իր տեղը զբաղեցնել սեփական կուսակցության մեջ: Չեմ ժխտում, որ այդ կոչերը, այնուամենայնիվ, ընդունվում են հասարակության որոշ հատվածի կողմից, ինչը դեռեւս հասարակություն չէ: Իսկ հայտարարություններ անելուց առաջ լավ կլինի Գագիկ Ղահրամանյանը ծանոթանա Ընտրական օրենսգրքին”,-ասաց Ա. Հայրապետյանը: