Դարձյալ կոկորդիլոսներն ու Արարատի մարզպետը. բնապահպաններն ահազանգում են /տեսանյութ/
Արարատի մարզում բացվող կոկորդիլոսաբուծարանի թեման շարունակում է ակտուալ մնալ: Լրագրողների հետ հանդիպմանը թեմայի վերաբերյալ խոսելով բնապահպանները նշեցին՝ այս ընթացքում մի շարք ուսումնասիրություններ են կատարել և պարզել՝ կոկորդիլոսաբուծարան բացելը շատ վտանգավոր ծրագիր է:
«Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանը պատմեց, որ հասարակությանը մանրամասն չեն ներկայացրել, թե ինչ առանձնահատկություններ ունի նեղոսյան կոկորդիլոսը:«Մենք բազմաթիվ գիտական գրականություն ենք ուսումնասիրել: Պարզվում է, որ նեղոսյան կոկորդիլոսն ամենաագրեսիվ տեսակն է: Այս տեսակի կոկորդիլոսների մոտ ամենաշատ հարձակումներն են լինում մարդկանց վրա»,- ասաց Սիլվա Ադամյանը:
Ադամյանը շեշտեց, որ կոկորդիլոսաբուծարան բացելը շատ վտանգավոր ծրագիր է: Կենդանասերներին նաև շատ է վրդովեցրել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի վերաբերմունքն այդ խնդրի նկատմամբ.
«Չունենալով որևէ տեսակի փաստաթուղթ, ո՛չ փորձաքննություն, ո՛չ ջրօգտագործման թույլտվություն ու ո՛չ հողհատկացում՝ նա հայտարարություններ է անում, որ ներդրումներ են անում Արարատի մարզում և փորձելու են կոկորդիլոսաբուծարանի խնդիրները լուծել»,-նշեց նա: