Էդվարդ Նալբանդյանը ընդունել է արգենտինացի գործընկերոջը
Սեպտեմբերի 4-ին կայացավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ պաշտոնական այցով Երեւան ժամանած Արգենտինայի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանի հանդիպումը:
Ողջունելով հյուրին, նախարար Նալբանդյանը ասաց. “Այս տարի մենք նշում ենք հայ-արգենտինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20 ամյակը, և կարող ենք արձանագրել, որ Արգենտինայի հետ այս տարիներին մենք ունեցել ենք բավական ինտենսիվ շփումներ:
Մենք կարևորում ենք հայ-արգենտինյան փոխգործակցության զարգացումը. դրա մասին խոսում է այն փաստը, որ Լատինական Ամերիկայում առաջին դեսպանատունը մենք բացեցինք հենց այդ երկրում, Արգենտինան առաջին լատինաամերիկյան երկիրն է, որի հետ մենք վերացրել ենք մուտքի արտոնագրային ռեժիմը: Իր հերթին, Արգենտինայի դեսպանատունը Հայաստանում առաջինն էր Հարավային Կովկասում: Երկու երկրների միջեւ ստորագրվել են երկու տասնյակից ավելի փաստաթղթեր, Արգենտինան Հայաստանի տնտեսության մեջ խոշոր ներդրողներից է”:
Շնորհակալություն հայտնելով Հայաստան այցելելու հրավերի և ջերմ ընդունելության համար նախարար Թիմերմանն ասաց, որ Արգենտինան ցանկանում է խորացնել համագործակցությունը բարեկամ Հայաստանի հետ եւ առավել բարձրացնել միջպետական փոխգործակցության մակարդակը:
Երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից նախարարները կարեւորեցին բազմահազարանոց արգենտինահայ համայնքի դերակատարությունը:
Հայաստանի եւ Արգենտինայի արտաքին գործերի նախարարները անդրադարձան երկկողմ փոխգործակցության զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակի: Պայմանավորվեցին շարունակել աշխատանքները երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտն ընդլայնելու ուղղությամբ, ամրապնդել միջազգային կազմակերպություններում համագործակցությունը, առևտրատնտեսական, մշակութային և գիտակրթական փոխգործակցությունը։
Հեկտոր Թիմերմանը Էդվարդ Նալբանդյանին տեղեկացրեց Արգենտինայի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների, լատինաամերիկյան տարածաշրջանում զարգացումների եւ դրանց վերաբերյալ իր երկրի մոտեցումների մասին:
Հայաստանի արտգործնախարարը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Նախարարները համակարծիք էին, որ հիմնախնդիրները պետք է լուծվեն միմիայն խաղաղ ճանապարհով եւ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա:
Հանդիպումից հետո նախարարները ստորագրեցին Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության և Արգենտինայի Հանրապետության սպորտի քարտուղարության միջև սպորտի բնագավառում համագործակցության մասին, ապա հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով: