“Արմավիա”-ն չգիտի, թե երբ կվերականգնվեն դեպի Հալեպ չվերթները
“Արմավիա” միջազգային ավիաընկերությունը դեպի Հալեպ չվերթները դադարեցրել է անորոշ ժամանակով: Այսօր պատասխանելով չվերթների դադարեցման ժամկետի մասին Henaran.am-ի հարցին, ասել է “Արմավիա” միջազգային ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան:
“Ոչ ոք ոչինչ չի կարող ասել, մենք սպասում ենք, թե երբ իրավիճակը կբարելավվի”,- Henaran.am-ին փոխանցել է նա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ “Արմավիա” ավիաընկերությունը սեպտեմբերի 3-ից դադարեցրել է դեպի Հալեպ չվերթները` հիմնավորելով, որ նման որոշումն ընդունվել է ուղեւորների անվտանգության նկատառումներից ելնելով:
Ավիաընկերությունն այս որոշումը կայացրել էր քաղաքացիական ինքնաթիռներին հարվածելու հնարավորության մասին սիրիական ընդդիմության հայտարարությունից հետո:
Մեր հարցին, թե ինչպե՞ս է լուծվելու սիրիահայերի տեղափոխության խնդիրը, Նանա Ավետիսովան ասել է հետեւյալը. “Այդ հարցը ուղարկեք, ես կտամ, թող ղեկավարությունը նայի եւ պատասխանի: Ամեն դեպքում այն, ինչ մենք անում ենք, անում ենք` ելնելով մեր ուղեւորների անվտանգությունից”: