“Բարգավաճ Հայաստան”-ը մեզ թշնամի կուսակցություն չէ և ոչ էլ հակառակորդ. Սերժ Սարգսյան
Գյումրիում քաղաքապետի ընտրություններ են: Հանրապետական կուսակցությունը սատարում է Սամվել Բալասանյանին: Ինչո՞ւ ոչ սեփական թեկնածուով: Այսօր Շիրակի մարզ աշխատանքային այց կատարած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողի խնդարնքով անդրադառնալով այս հարցին մասնավորապես նշել է.
“Իսկ ո՞վ է ասել, որ Սամվել Բալասանյանը օտար մարդ է: Եվ ի՞նչ է նշանակում, ընդհանրապես, սեփական թեկնածու: Գիտեք, այս առիթով ես ուզում եմ, որպեսզի մեկ անգամ ևս անդրադառնանք վերջին շրջանում տարբեր ժարգոններով հրապարակվող նյութերին՝ հենց այս “սեփական”, “օտար”, այսպես ասած՝ “դաբրո”, “զապրետ” գողական տերմիններին:
Ուզում եմ, որպեսզի բոլորի համար պարզ, հստակ, հասկանալի լինի, որ կուսակցությունները ստեղծվում են նրա համար, որպեսզի կարողանան ակտիվորեն մասնակցել քաղաքական կյանքին: Մարդիկ մտնում են կուսակցություններ, որպեսզի իրենք ևս ակտիվորեն մասնակցեն քաղաքական իրադարձություններին:
Իսկ ընտրություններից առավել քաղաքական իրադարձություններ չեն կարող լինել: Ուստի, բնական է, որ կուսակցությունը, կուսակցության ղեկավար մարմինը կամ կուսակցության ղեկավարը պետք է սատարի կոնկրետ կուսակցականի կամ կոնկրետ անհատի: Սա´ այս մասով:
Նախագահը հաստատել է մամուլի այն պնդումները, որ Սամվել Բալասանյանին ինքն է առաջարկել առաջադրվել քաղաքապետի թեկնածու: Այո՛, դա այդպես է: Նախ համարում եմ, որ “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը մեզ թշնամի կուսակցություն չէ և ոչ էլ հակառակորդ:
“Մենք աշխատում ենք ընդհանրապես կայացնել արդյունավետ որոշում, օպտիմալ տարբերակ և եթե որևէ տեղ առաջադրում ենք թեկնածու, ապա ծանրութեթև ենք անում, նկատի ունեմ, իհարկե, խոշոր համայնքները, և հաշվի առնելով բոլոր “թեր” ու “դեմ”-երը, նոր միայն առաջադրում ենք քաղաքապետի թեկնածու:
Կոնկրետ պարագայում, իմ կարծիքով, Սամվել Բալասանյանը լավագույնս կարող է լուծել այս համայնքում առկա խնդիրները: Նախ մթնոլորտ պետք է փոխվի Գյումրիում, և կարծում եմ, որ Սամվել Բալասանյանը կարող է այդ մթնոլորտը փոխել”,-ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ ասել է Սերժ Սարգսյանը: