Ռոբերտ Քոչարյանի գործը ջուր է. Yerevan.today
Համացանցում է հայտնվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների վերաքննիչ դատարանին ներկայացրած բողոքը:
Ըստ էության, բողոքում ներկայացված է Ռոբերտ Քոչարյանի գործը՝ մեղադրանքով և առարկություններով։ Ծավալուն փաստաթղթի ուսումնասիրությունը բավականին ուշագրավ բացահայտումներ է անում, գրում է Yerevan.today-ը:
Մենք կանդրադառնանք մեղադրանքներին ու փաստաբանների առարկություն-հակադարձումներին՝ հակիրճ․ փաստաթուղթը մի քանի տասնյակ էջերից է բաղկացած։
Ռոբերտ Քոչարյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով:
1․ ՄԵՂԱԴՐԱՆՔ – Սահմանադրական կարգի բռնությամբ տապալելուն ուղղված գործողությունները հանգեցրել են 2008 թ․ գործող Սահմանադրության 1-ին հոդվածով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական և իրավական պետություն է նորմի փաստացի վերացմանը և այդ ժամանակահատվածում իրավական համակարգում դրա գործողության դադարեցմամբ խախտմանը։
ԱՌԱՐԿՈւԹՅՈւՆ – Այսպիսի մեղադրանք հնարավոր կլիներ որևէ մեկին առաջադրել միայն այն դեպքում, եթե վերացվեին ժողովրդական պետությանը բնորոշ ինստիտուտները՝ խորհրդարանը, դատարանները, կամ՝ վերացված լիներ ընտրությունների միջոցով իշխանությունը ձևավորելու սկզբունքը և սահմանվեր այն ձևավորելու որևիցե այլ սկզբունք, կամ՝ դադարեցվեր Սահմանադրության 2-րդ գլխի գործողությունը: Այսպիսով, անհրաժեշտ է տարանջատել Սահմանադրության որևիցե նորմի խախտումը այդ նորմի գործողությունը իրավական համակարգում դադարեցվելուց:
Խմբագրության կողմից – 2018 թվականի ապրիլ-մայիսյան իրավիճակից հետո Հայաստանում ամբողջությամբ ձախողվեց կառավարության աշխատանքը, խորհրդարանի աշխատանքը, դրանք ամբողջությամբ փոխվեցին՝ հիմնովին։ Իրավական համակարգում ևս կատարվեցին անձանց փոփոխություններ։ ՀՔԾ տրամաբանությունը հաշվի առնելով՝ այդ իրավիճակն առավել մոտ է սահմանադրական կարգի տապալմանը։
Իսկ 2008 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա կողմնակիցների շուրջօրյա հանրահավաքներում հայտարարություններն ու հրապարակային կոչերը՝ պետական համակարգը կազմալուծելու, հրամանատարությանը չենթարկվելու մասին, սահմանադրական կարգը տապալելու փորձերի ապացույցներ են։
2․ ՄԵՂԱԴՐԱՆՔ – 2-րդ հոդվածով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին նորմի փաստացի վերացմանը և այդ ժամանակահատվածում իրավական համակարգում դրա գործողության դադարեցմամբ խախտմանը։
ԱՌԱՐԿՈւԹՅՈւՆ – Ի՞նչ է պետք հասկանալ «իշխանությունը պատկանում է ժողովրդին» ասելով՝ սահմանված է նույն հոդվածի 2-րդ մասում՝ «Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով»:
Այսինքն՝ որպեսզի այս մեղադրանքի առումով առկա լինի հիմնավոր կասկած, քննիչը պետք է ներկայացներ նյութեր, որոնցից հետևեր, որ մեղադրանքում նկարագրված գործողությունների հետևանքով խախտվել է ազատ ընտրությունների սկզբունքը, իշխանությունը ձևավորվել է ոչ ազատ ընտրությունների միջոցով: Նման հանգամանք մեղադրանքում նշված չէ, ավելին՝ չէր կարող նշվել, քանի որ 2008 թ. նախագահական ընտրությունների արդյունքները բողոքարկվել են ՀՀ Սահմանադրական դատարան և վերջինիս 08.08.2008 թվականի որոշմամբ ընտրությունները ճանաչվել են վավեր: Քանի դեռ այդ որոշումն ուժի մեջ է, որևիցե պետական մարմին կամ պաշտոնատար անձ չի կարող դրանք պաշտոնապես դնել կասկածի տակ: Հենց այդպիսի կասկածի տակ դնելը կարող է խաթարել իշխանությունների տարանջատման սահմանադրական սկզբունքը և առաջացնել հակասահմանադրական հետևանքներ:
Խմբագրության կողմից – Կարծում ենք` տրամաբանական է. քանի դեռ չկա որոշում, որով չեղարկվում է Սահմանադրական դատարանի՝ ընտրության օրինականության մասին որոշումը և ԿԸՀ որոշումը, որևէ մարմին, այդ թվում՝ ՀՔԾ-ն իրավունք չունի նշելու, թե ազատ ընտրությունների սկզբունքը խախտվել է։ Բայց արի ու տես` նշել է։ Դա, ի դեպ, իրավական հետևանք առաջացնող հայտարարություն է։
3․ ՄԵՂԱԴՐԱՆՔՈւՄ կենտրոնական տեղ է զբաղեցնում այն դրույթը, թե ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն, այլ անձանց հետ միասին, 23.02.2008 թվականից «փաստացի հաստատել են ռազմական դրություն», կամ՝ «փաստացի հաստատել է ռազմական դրությանը բնորոշ ռեժիմ»:
ԱՌԱՐԿՈւԹՅԱՆ մեջ նշվում է, որ 2008 թ. փետրվար-մարտ ամիսներին գործող խմբագրությամբ՝ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով սահմանվում էր, թե ինչ միջոցառումներ են իրականացվում և ինչ ժամանակավոր սահմանափակումներ են կիրառվում ռազմական դրության դեպքում։ Եվ այդ 15 սահմանափակումներից որևէ մեկը չի գործել։ «Անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին» քննիչի 02.11.2018 թվականի որոշման մեջ տեղ գտած այն գնահատականները, թե իբր 2008 թ. փետրվարի 23-ից ՀՀ ողջ տարածքում կամ Երևան քաղաքում փաստացի սահմանված է եղել ռազմական դրություն՝ ակնհայտ անհիմն է և մտացածին: Այդ մասով քննիչի կողմից դատարան չեն ներկայացվել որևէ նյութեր, հետևաբար՝ այդ մասով «հիմնավոր կասկած» լինել չի կարող»,- նշում են փաստաբանները։
Խմբագրության կողմից – Ընթերցեցինք «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի սահմանումները․ Հիմա թվարկենք ռազմական դրության էլեմենտներից մի քանիսը՝ ՀՀ զինված ուժերի և այլ զորքերի փոխադրում լիակատար մարտական պատրաստականության, ընդհանուր կամ մասնակի զորահավաքի հայտարարում և անցկացում, Հայաստանի փրկարար ծառայության ստորաբաժանումների համալրում, լիակատար պատրաստականության փոխադրում, ռազմական դրություն հայտարարված տարածքում տեղաշարժման ազատության սահմանափակում, ինչպես նաև նշված տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմի սահմանում, որը ներառում է օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց՝ տվյալ տարածք մուտք գործելու և այնտեղ գտնվելու սահմանափակումներ և այլն, սննդամթերքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգի սահմանում և այլն։ Փաստաբանները նշում են, որ որևէ դրույթ չի կիրառվել, քաղաքացիներս նույնպես, մեղմ ասած, նմանատիպ սահմանափակումների ականատես չենք եղել։
4․ ՄԵՂԱԴՐԱՆՔ – «Մտադրություն ունենալով ցանկացած գնով իշխանությունը փոխանցել Սերժ Սարգսյանին, օգտվելով այն հանգամանքից, որ ՀՀ Սահմանադրության 12-րդ հոդվածի համաձայն՝ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է և համակարգում է պաշտպանության բնագավառում պետական մարմինների գործունեությունը, 2008 թ. փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ խորհրդակցություն է անցկացրել և, ակնհայտ անցնելով իր լիազորությունները, բանավոր հրահանգել է՝ զորքերը բերել մարտական պատրաստվածության՝ հաջորդ օրը՝ ժամը 00:00-ից, հայտարարելով արտակարգ դրություն սահմանելու մասին»։
ԱՌԱՐԿՈւԹՅՈւՆ – «Ցանկացած գնով իշխանությունը Սերժ Սարգսյանին փոխանցելու» մտադրության մասին մեղադրանքի դրույթը ոչ մի ընդհանուր բան չունի իրականության հետ և չկա «հիմնավոր կասկած» առ այն, որ Ռոբերտ Քոչարյանի գործողությունները պայմանավորված են եղել նման մտադրությամբ: Այսպես, 2008 թ. փետրվարի 23-ին և դրանից հետո Ռոբերտ Քոչարյանը չէր կարող ունենալ նման մտադրություն և այդպիսի մտադրություն չէր կարող առհասարակ ծագել, քանի որ Սերժ Սարգսյանն արդեն իսկ ընտրվել էր ՀՀ նախագահ: Այս հանգամանքը հաստատվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 24.02.2008 թ․ 24-Ա որոշմամբ, որը ուժի մեջ է թողնվել Սահմանադրական դատարանի 08.03.2008 թ․ ՍԴՈ-736 որոշմամբ, իսկ ԵԽԽՎ-ի 18.04.2008 թ․ թիվ 1609 բանաձևով կոչ է արվել ընդդիմադիր բոլոր ուժերին ճանաչել Սահմանադրական դատարանի այդ որոշումը /տես՝ 1609 բանաձևի 9-րդ կետը/:
Հետևաբար՝ պարոն Ռ. Քոչարյանը չուներ և չէր կարող 2008 թվականի փետրվար-մարտ ամիսներին մտադրություն ունենալ՝ ամեն գնով իշխանությունը փոխանցել Սերժ Սարգսյանին: Նա կարող էր մտադրություն ունենալ պաշտպանելու սահմանադրական կարգը, որի բաղկացուցիչ մասն է կազմում այն, որպեսզի ժողովրդի ձայների մեծամասնությամբ ՀՀ նախագահ ընտրված անձը կարողանա ստանձնել իր պաշտոնը:
Չկան նյութեր, որոնք հիմնավոր կասկած կառաջացնեին, որ իբր՝ 23.02.2008 թվականին պարոն Ռ. Քոչարյանը բանավոր հրահանգել է՝ զորքերը բերել մարտական պատրաստվածության՝ հաջորդ օրը՝ ժամը 00:00-ից, հայտարարելով արտակարգ դրություն սահմանելու մասին: Մեղադրանքի այս դրույթը կառուցված է վկա Արշակ Կարապետյանի՝ իր տակ որևէ փաստական հիմք չունեցող, ներքին հակասություններով լի ցուցմունքի վրա: Այսպես, Զինված ուժերը 2008 թ․ փետրվար-մարտ ամիսներին մարտական պատրաստվածության բերված չեն եղել, այդպիսի դրույթներ թիվ 0038 հրամանը չի պարունակել, այլ հրաման, որով զորքերը բերված լինեն մարտական պատրաստվածության՝ քննիչը չի վկայակոչել: Ինչ վերաբերում է արտակարգ դրությանը, ապա 23.02.2008 թ․ մինչև 01.03.2008 թ․ արտակարգ դրություն սահմանված չի եղել: Այդ մասին է վկայում նախ այն հանգամանքը, որ արտակարգ դրություն կարող էր սահմանվել միայն նախագահի հրամանագրով, որը ընդունվել է միայն 01.03.2008 թ․: Դա հաստատվում է նաև այն հանգամանքով, որ մինչև 01.03.2008 թ․ մարդկանց իրավունքների և ազատությունների /մասնավորապես, հավաքների, ազատ տեղաշարժի, խոսքի ազատության, տեղեկատվություն տարածելու և ստանալու ազատության/ որևէ սահմանափակում մտցված չի եղել: Մարդկանց մեծ զանգված Երևանի Ազատության հրապարակում անժամկետ ցույցեր է անցկացրել, որի ընթացքում քննադատել է իշխող ուժին, ԶԼՄ-ներն աշխատել են անխափան, չի եղել տարածք, որտեղ տեղաշարժն արգելվի օրվա ցանկացած ժամի և այլն:
Խմբագրության կողմից – Փաստորեն, Արշակ Կարապետյանի ցուցմունքը՝ թե բանավոր կերպով հայտարարել է արտակարգ դրություն, հիմք է հանդիսացել մեղադրանքի համար։ Ըստ մամուլի հրապարակումների, որպես Ռոբերտ Քոչարյանի դեմ սուտ ցուցմունքի վարձատրություն՝ Արշակ Կարապետյանը նշանակվեց վարչապետի խորհրդական։
5․ ՄԵՂԱԴՐԱՆՔ – «Զինված ուժերն օգտագործել են քաղաքական հարցերում՝ խաղաղ հանրահավաքների մասնակից քաղաքացիների դեմ»։
ԱՌԱՐԿՈւԹՅՈւՆ – Այսպիսի մեղադրանք առաջադրելով քննիչը, իսկ նույն մեղադրանքը Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ որոշման մեջ հիմնավոր կասկածի մակարդակի հաստատված համարելով նաև դատարանը՝ խախտել են իրավական որոշակիության սկզբունքը, որը ցանկացած իրավական համակարգի հիմքերից մեկն է: Այսպես, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 22.06.2009 թվականի դատավճիռը, որը վերաբերում էր Ալեքսանդր Արզումանյանին, որը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասով այն արարքի համար, որ նա մի խումբ անձանց հետ կազմակերպել է զանգվածային անկարգություններ, որպիսի գործողություններն արտահայտվել են հետևյալում. Ալեքսանդր Արզումանյանը, Հակոբ Հակոբյանը, Սասուն Միքայելյանը, Մյասնիկ Մալխասյանը, Շանթ Հարությունյանը, Գրիգոր Ոսկերչյանը, Սուրեն Սիրունյանը, Նիկոլ Փաշինյանը, Խաչատուր Սուքիասյանը, Համլետ Հովհաննիսյանը, Վիրաբ Մանուկյանը և մյուսները երկրում ներքաղաքական վիճակն ապակայունացնելու և զանգվածային անկարգություններ հրահրելու դիտավորությամբ կազմակերպել ու անմիջականորեն իրականացրել են հանցավոր մտադրությունն ի կատար ածելուն ուղղված գործողություններ:
ԱՌԱՐԿՈւԹՅԱՆ մեջ փաստաբանները մեջբերում են անում 7-ի հայտնի գործից, որտեղ ապացուցված է համարվել, որ նրանք բազմությանը ներգրավել են 2008թ. փետրվարի 20-ից Երևան քաղաքում անցկացվող զանգվածային հրապարակային միջոցառումներին, որտեղ ամբոխավարական կրքեր հրահրելու եղանակով բազմությանը տրամադրել, նախապատրաստել են անհնազանդության և զանգվածային բռնարարքների: «2008թ. մարտի 1-ի վաղ առավոտյան, երբ ոստիկանության աշխատակիցները, իրացնելով Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու նպատակով հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի, պայթուցիկ սարքերի, մարմնական վնասվածքներ պատճառելու համար հարմարեցված այլ առարկաների ապօրինի շրջանառության մասին օպերատիվ տեղեկությունը, փորձել են Ազատության հրապարակում հայտնաբերել և առգրավել դրանք, զանգվածային միջոցառման կազմակերպիչների հրահանգով հրապարակում գտնվող բազմության մի ստվար զանգված հանրավտանգ հիշյալ պարագաների օգտագործմամբ դիմադրություն է ցույց տվել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրել վերջիններիս նկատմամբ: Ալեքսանդր Արզումանյանը Նիկոլ Փաշինյանի հետ համակարգել և ղեկավարել է մյուս հանցակիցների կազմակերպչական գործողությունները, զանգվածային անկարգությունների կենտրոնում գտնվող Սուրեն Սիրունյանից անմիջականորեն տեղեկություններ է ստացել Երևանի Գր. Լուսավորիչ, Մաշտոց, Լեո և Պարոնյան փողոցներում տեղի ունեցող ջարդերի, հրկիզումների, գույքի դիտավորյալ ոչնչացման, վնասելու և թալանելու գործողությունների ընթացքի մասին, խրախուսել է այդպիսիք և վերջինիս միջոցով նոր հրահանգներ տվել դրանց կատարումը վերահսկելու ուղղությամբ: Արդյունքում` 2008թ. մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Մյասնիկյանի արձանի և Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքում, Երևանի Գր.Լուսավորիչ, Մաշտոց, Լեո և Պարոնյան փողոցներում հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր և սարքեր գործադրելով կատարվել են զանգվածային անկարգություններ, որոնց ընթացքում զինված դիմադրություն է ցույց տրվել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին, ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողներին, տարբեր ծանրության աստիճանների մարմնական վնասվածքներ են ստացել 187 ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայող ու ոստիկանության աշխատակից, 32 քաղաքացիական անձ, ջարդերի, գույքի դիտավորյալ ոչնչացման, վնասելու և թալանելու հետևանքով ՀՀ ոստիկանությանը պատճառվել է 25.980.093 դրամի վնաս, Երևան քաղաքին և Կենտրոն թաղային համայնքին` 69.288.760 դրամի վնաս, իրավաբանական անձանց` 339.954.866 դրամի վնաս, հրկիզվել և վնասվել է 92 տրանսպորտային միջոց, որի հետևանքով ՀՀ ոստիկա-նությանը, քաղաքացիներին և ուղևորափոխադրող ընկերություններին պատճառվել է ընդհանուր առմամբ 70.854.525 դրամի վնաս:
Տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում ստացած մարմնական վնասվածքներից մահացել է 10 անձ:
Զինված հարձակումները և զանգվածային անկարգությունները դադարել են միայն արտակարգ դրություն հայտարարելուց և իրավապահների կողմից դրանք կանխելուց հետո»:
«Նման պայմաններում, քանի դեռ վերը հիշատակված դատավճիռները գտնվում են օրինական ուժի մեջ, ոչ քննիչը և ոչ էլ Դատարանը իրավունք չունեն և ի պաշտոնե լիազորված չեն կասկածի տակ դնելու այն փաստերը, որոնք հաստատված են համարվել այդ դատավճիռներում: Մասնավորապես, քննիչը իրավունք չունի անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման մեջ նշել, թե հանրահավաքը եղել է խաղաղ»:
Խմբագրության կողմից – Զինված ուժերը քաղաքական հարցերում օգտագործելու մեղադրանք ներկայացնելիս կարծես ՀՔԾ-ն փոխել է նախագահների տեղերը և առաջին նախագահի փոխարեն մեղադրանք առաջադրել երկրորդ նախագահին։
ԵԿՄ վարչության բարձրաստիճան զինվորականներ՝ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը, ով այդ պահին պաշտպանության փոխնախարարն էր, հայտարարել էր, որ միանում է ցուցարարների պահանջներին, ինչի մասին 2008-ի փետրվարի 20-21-ին հանրահավաքի ժամանակ հայտարարում էր Լևոն Տեր-Պետրոսյանը: Դա են փաստում թե՛ հանրահավաքի ականատեսները թե՛ բազմաթիվ տեսանյութեր, որոնք մինչև այժմ համացանցում առկա են։ Ցուցարարների պահանջներին միանալու մասին էր հայտարարել նաև պաշտպանության մեկ այլ փոխնախարար՝ Գագիկ Մելքոնյանը: Ավելին, նախագահին էին ներկայացվում օպերատիվ ճանապարհով ստացված տվյալներ այն մասին, որ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների կողմից աշխատանք է տարվում Զինված ուժերում, որպեսզի բանակի առանձին ստորաբաժանումներ և զինծառայողներ անցնեն ցուցարարների կողմը: Պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը 2018թ․ օգոստոսի 6-ի հարցազրույցում ասաց, որ Հատուկ գնդի անձնակազմի 80 տոկոսը 2008թ․ այդ իրադարձությունների ժամանակ պատրաստ էր անցնել ցուցարարների կողմը:
Ցուցարարներին էր միացել գլխավոր դատախազի տեղակալ, զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը։ Ի դեպ, Գագիկ Ջհանգիրյանն ուշագրավ ձևակերպում է տալիս հարցին, թե ինչու առանց հրաժարական տալու միացավ Լևոն Տեր-Պետրոսյանին․ «Գիտեի, որ հանելու են»։
Բնականաբար, երկրի ղեկավարը պարտավոր էր կատարել քայլեր, որ բանակը քաղաքականությանը չխառնվի, որից էլ բխում էր խորհրդակցությունն ու 0038 հրամանը։
Որ զինված ուժերը զենք չեն կիրառել, բախումների մեջ չեն եղել, այդ մասին հայտարարել են բազմաթիվ բարձրաստիճան զինվորականներ, այդ թվում՝ այժմ ՀՀ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը»:
- ՄԵՂԱԴՐԱՆՔ – «2008 թվականի մարտի 1-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը, համաձայն ՀՀ Սահմանադրության 56-րդ հոդվածի՝ պարտավոր լինելով հրապարակել ՀՀ Սահմանադրությանը և օրենքներին չհակասող հրամանագրեր, ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետի խախտմամբ ընդունել է «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՆՀ-35-Ն հրամանագիրը: Նշված հրամանագրով Երևան քաղաքում 2008 թվականի մարտի 1-ից հայտարարվել է արտակարգ դրություն, իսկ արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովումը ՀՀ ոստիկանությունից բացի, վերապահվել է նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը»:
ԱՌԱՐԿՈւԹՅՈւՆ – Նշված մասով ևս մեղադրանքն ակնհայտ անհիմն է: Այսպես, 2008 թ. մարտի 1-ի դրությամբ գործող՝ ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետի համաձայն. «Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում, խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի և վարչապետի հետ, հայտարարում է արտակարգ դրություն, իրականացնում է իրավիճակից թելադրվող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում է ժողովրդին: Արտակարգ դրություն հայտարարելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ…»: Նույն Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի հանաձայն. «Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ և նրա նորմերը գործում են անմիջականորեն»:
Նույն Սահմանադրության 117-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն.
«Մինչև արտակարգ դրության իրավական ռեժիմի սահմանումն օրենքով սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում Հանրապետության Նախագահը, խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի և վարչապետի հետ, իրականացնում է իրավիճակից թելադրվող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում ժողովրդին»:
Այսինքն այս նորմը իրավունք է տվել գործող նախագահին, առանց որևէ սահմանափակման, իրականացնել ցանկացած ողջամիտ միջոցառում, որն իր կարծիքով թելադրվում էր իրավիճակից:
Իր սահմանադրական լիազորությունների շրջանակներում գնահատելով 2008 թ. մարտի մեկին Հանրապետությունում ստեղծված իրավիճակը որպես սահմանադրական կարգին անմիջականորեն սպառնացող վիճակ, Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետի և 117-րդ հոդվածի 6-րդ կետի ճշգրիտ պահպանմամբ, արձակել է «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՆՀ-35-Ն հրամանագիրը: Մինչ այդ հրամանագրի ընդունումը նախագահը, Սահմանադրության պահանջներին համապատասխան, խորհրդակցել է ԱԺ նախագահի և վարչապետի հետ /մեղադրանքում այս հանգամանքը կասկածի տակ չի դրվում/:
Արտակարգ դրություն հայտարարելուց հետո անհապաղ գումարվել է Ազգային ժողովի հատուկ նիստ /մեղադրանքում այս հանգամանքը նույնպես կասկածի տակ չի դրվում/: Հրամանագիրը՝ Սահմանադրությամբ նախատեսված կարգով քննարկվել է ՀՀ Ազգային ժողովում և թողնվել է ուժի մեջ: Մինչև օրս նախագահի ՆՀ-35-Ն հրամանագիրը չի վիճարկվել, անվավեր կամ առ ոչինչ չի ճանաչվել, հետևաբար՝ գործում է դրա օրինականության սկզբունքը: Այժմ ոչ քննչական մարմինը և ոչ էլ դատարանը լիազորված չեն գնահատելու այդ հրամանագրի և ԱԺ որոշման օրինականության հարցը: Դատարանը չէր կարող համարել, որ առկա է հիմնավոր կասկած, որ արձակելով այդ հրամանագիրը, Ռոբերտ Քոչարյանը խախտել է Սահմանադրությունը:
Նախագահի հրամանագիրը որպես հանցավոր գնահատելով քննիչը, իսկ այն հանցավոր լինելու վերաբերյալ «հիմնավոր կասկած» արտահայտելով՝ դատարանը հենց իրենք ուղղակիորեն խախտել են սահմանադրական կարգը, իրենց վերագրելով սահմանադրական մեկ այլ ինստիտուտի՝ ՀՀ Սահմանադրական դատարանի լիազորություն: Այսպես, ՀՀ նախագահի հրամանագրերի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը ՀՀ Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի /2008 թվականի մարտի 1-ին գործող Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի/ համաձայն վերապահված է ՀՀ Սահմանադրական դատարանին: Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման բացակայության պայմաններում ոչ ոք չի կարող իրավական պետությունում, այդ պետության անունից, կասկածի տակ դնել իշխանության ճյուղերից մեկի՝ ՀՀ նախագահի հրամանագիրը: Դատարանի նման մոտեցումն ամենակոպիտ կերպով խախտում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը:
Խմբագրության կողմից – Որ ՀՀ ներքին անվտանգությանը կար սպառնացող լուրջ վտանգ, փաստում էն այդ օրերին հանրահավաքների թե՛ ականատեսները, թե՛ տեսանյութերը՝ թալանված խանութների, այրված մեքենաների և այլ ավերածությունների բովանդակությամբ, և այն գաղտնալսումները, որ արվել են և տարբեր փուլերում և դարձել հրապարակային՝ Ալեքսանդր Արզումանյանի, Նիկոլ Փաշինյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի, Սուրեն Սիրունյանի, Արարատ Զուրաբյանի և այլոց հեռախոսազրույցներից։ Դրանք են, մեր կարծիքով, ապացույցներ, թե ինչպես է տեղի ունեցել հետընտրական ողբերգությունը և որոնցից ելնելով նաև՝ նաև եղել են դատավճիռներ։
7․ ՄԵՂԱԴՐԱՆՔ – «ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, անցնելով իր պաշտոնեական լիազորությունները, հանձնարարել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարին՝ տարբեր եղանակներով և միջոցներով, այդ թվում՝ դատարանի անդամների վրա ճնշում գործադրելով՝ ներազդել դատարանի անդամների վրա, որպեսզի վերջիններս քվեարկեն Կենտրոնական հանձնաժողովի հիշյալ որոշման վավերական և օրինական ճանաչելու օգտին: Ռոբերտ Քոչարյանի անմիջական ցուցումներով և հանձնարարությամբ Սահմանադրական դատարանի անդամների վրա գործադրված ճնշումների ազդեցության արդյունքում, չնայած ընտրախախտումների առկայության փաստին, ՀՀ Սահմանադրական դատարանի 2008 թ․ մարտի 8-ի որոշմամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2008 թվականի փետրվարի 24-ի թիվ 24-Ա որոշումը ճանաչվել է վավերական և օրինական»:
ԱՌԱՐԿՈւԹՅՈւՆ – Այսպիսի գործողությունը, եթե անգամ այն տեղի ունեցած լիներ /ինչի վերաբերյալ հիմնավոր կասկածը բացակայում է/, կարող էր որակվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով միայն մեկ դեպքում՝ եթե այդ գործողությունը ազդած լիներ ՀՀ Սահմանադրական դատարանի 08.03.2008 թ․ որոշման վրա: Սակայն ոչ քննիչը և ոչ էլ դատարանը, ներկայում քննարկվող հարցի շրջանակներում, իրավունք չունեն կասկածի տակ դնելու ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը: Նման կասկածը կխաթարի իրավական որոշակիության սկզբունքը և, առհասարակ, կասկածի տակ կդնի Սահմանադրական կարգը:
Խմբագրության կողմից – Սահմանադրական դատարանի նախկին անդամ Վալերի Պողոսյանը հերքել էր Հատուկ Քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանիայն այն հայտարարությունը, թե ՀՀ նախկին նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևրորգյանը իր եղբոր միջոցով ճնշում է գործադրել իր վրա։
ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ ՆՇՈւՄ ԵՆ
Ռոբերտ Քոչարյանին վերագրվում է մի արարք, որը՝ 2008 թվականի դրությամբ հանցագործություն չի համարվել
Այսպես, ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն․ «Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել»:
Այնինչ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը, որը մեղսագրված է պարոն Ռ.Քոչարյանին, ուժի մեջ է մտել քննարկվող դեպքերից հետո՝ 18.03.2009 թվականին։ Վարույթն իրականացնող մարմինը փորձ է անում հարցը ներկայացնել այնպես, իբրև ներկայիս 300.1-րդ հոդվածի դիսպոզիցիան լիովին ընդգրկվում էր 2008 թ. գործող օրենսգրքի 300-րդ հոդվածի դիսպոզիցիայի մեջ: Նման պնդումը հեռու է իրականությունից:
Խմբագրության կողմից – 14․01․2019թ․ հրապարակված հոդվածում մանրամասն անդրադարձել ենք հայտնի 7-ի գործին և Քր․օր 300-րդ հոդվածի փոփոխությանը, որից ելնելով՝ մեղադրանքը հանվեց զանգվածային անկարգություններ հրահրած 7 անձանց նկատմամբ։ Իսկ այժմ, փաստորեն, օրենսդրության խախտումով մեղադրանք է առաջադրվում։
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ Է
Բացի ներկայացված բոլոր հիմնավորումներից, որոնցով փաստաբանները ցույց են տալիս Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գործի անհիմն լինելը, բերում են նաև մեկ կարևոր հանգամանք՝Ռոբերտ Քոչարյանը անձեռնմխելի է 02.11.2018 թվականին առաջադրված մեղադրանքով իրեն վերագրվող հանցագործությունների համար քրեական պատասխանատվությունից։
Մեղադրանքում նկարագրված գործողությունների ժամանակ գործող՝ ՀՀ Սահմանադրության 56.1-րդ հոդվածի համաձայն՝ «Հանրապետության Նախագահն անձեռնմխելի է: Հանրապետության նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար: Իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար Հանրապետության նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել իր լիազորությունների ավարտից հետո»:
Այսինքն՝ որպեսզի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվի քրեական հետապնդում, վարույթն իրականացնող մարմինը պետք է ցույց տա, որ մեղսագրվող գործողությունները կապ չունեն պարոն Քոչարյանի պաշտոնի հետ:
Խմբագրության կողմից – Անձեռնմխելիության հետ կապված վերաքննիչ և վճռաբեկ դատարանները տարբեր դիրքորոշում ունեն, ինչպես երևաց երկու տարբեր որոշումներից։ Սակայն սա այն հարցն է, որի շուրջ վերջնական որոշումը պատկանում է Սահմանադրական դատարանին։ Yerevan.Today-ի հետ զրույցում սահմանադրագետ Արամ Վարդևանյանն ասաց․ հասունացել է պահը, որ պետք է վարույթը կասեցվի, քանի դեռ անձեռնմխելիության հարցը վերջնական լուծում չի ստացել։ Իսկ լուծումը պետք է տա Սահմանադրական դատարանը։
ԱՆՄԻՏ ՁԵՎԱԿԵՐՊՈւՄՆԵՐ՝ ՄԵՂԱԴՐԱՆՔՈւՄ
Թեև մեղադրանքը ինչպես պնդում էին Քոչարյանի կողմը շինծու է, հիմնազուրկ և որևէ քննադատության չի դիմանում, կարելի է պարզել այս փաստաթղթից՝ մեղադրանքից ու առարկություններից։
ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ ՆՇՈւՄ ԵՆ – Քննիչի 02.11.2018 թ․ որոշմամբ մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է և նրան նոր մեղադրանք է առաջադրվել, որի կապակցությամբ պարոն Քոչարյանը և նրա պաշտպանը հայտարարել են, որ մեղադրանքի մեջ կան ձևակերպումներ, որոնք անհասկանալի են: Մեղադրանքն առաջադրելուց անմիջապես հետո պարոն Ռ. Քոչարյանին առաջարկվել է ցուցմունք տալ առաջադրված մեղադրանքի շուրջ, որին պարոն Ռ․ Քոչարյանը պատասխանել է, որ մեղադրանքն իրեն հասկանալի չէ: Պաշտպանը, ինչպես տվյալ քննչական գործողության ժամանակ, այնպես էլ հետագայում՝ առանձին փաստաթղթով մանրամասնորեն ներկայացրել է մեղադրանքի այն ձևակերպումները, որոնք հասկանալի չեն և, դրանից ելնելով, խոչընդոտում են պաշտպանությունը նախապատրաստելուն:
02.11.2018 թվականին Ռոբերտ Սեդրակի Քոչարյանին առաջադրված մեղադրանքի մեջ նկարագրած են մի շարք անձանց հանցավոր գործողություններ, առանց մատնանշելու, թե ովքեր են այդ անձինք: Կա այսպիսի ձևակերպում․ «Ոստիկանության մի խումբ ծառայողներ հետին ամսաթվով՝ 2008 թ. փետրվարի 29-ի թվագրմամբ, կազմել, ստորագրել և շրջանառության մեջ են դրել ակնհայտ կեղծ, իրականությանը չհամապատասխանող բովանդակությամբ պաշտոնական փաստաթղթեր …», կամ՝ «Քաղաքական գործընթացները ճնշելու գործին ներգրավվել են նաև Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի որոշ անձինք, ովքեր … իրենց թիկնազորի անդամներից կամ վստահելի, այդ թվում՝ հանցավոր հեղինակություն վայելող անձանցից ստեղծել են խմբեր, որոնց ապօրինի զինել են տարբեր տեսակի հրազեններով …»:
Հասկանալի չէ, թե վերը նշված անհայտ անձանց գործողությունները քննիչի որոշման մեջ ո՞նց են կապվում Ռոբերտ Քոչարյանի հետ, ի՞նչ կերպ է, ըստ մեղադրանքի, այդ գործողությունների համար պատասխանատվություն դրվում նախագահ Ռոբերտ Քոչարյանի վրա. արդյոք նկատի է ունեցվել, որ այդ անձինք իրենց գործողություններն իրականացրել են պարոն Քոչարյանի ցուցումո՞վ, թե՞ նկատի է ունեցվել, որ պարոն Քոչարյանը իմացել է այդ գործողությունների մասին ու չի կանխել դրանք կամ այլ կերպ անգործություն է դրսևորել:
Քննիչի որոշումից նաև պարզ չէ, թե ի՞նչ կերպ է քննիչը Ռոբերտ Քոչարյանի հետ կապել և ի՞նչ իմաստով է նրան մեղսագրել այդ անձանց գործողությունները: Կրկին պարզ չէ, թե արդյոք քննիչը նկատի է ունեցել, որ այդ գործողությունները կատարվել են պարոն Քոչարյանի անմիջական ցուցումո՞վ, թե՞ նկատի է ունեցել, որ պարոն Քոչարյանն իմացել է այդ գործողությունների մասին ու չի կանխել դրանք կամ այլ կերպ անգործություն է դրսևորել:
Մեկ այլ անհասկանալի դրույթի մասին․ «Մի շարք նպատակների հասնելու դիտավորությամբ որոշվել է 2008 թվականի մարտի 1-ի գիշերը բռնությամբ ցրել Ազատության հրապարակում շուրջօրյա նստացույց իրականացնող ցուցարարներին»: Մեղադրանքի ձևակերպումից պարզ չէ, թե ո՞ւմ կողմից է որոշվել, ի՞նչ առնչություն է այդ որոշման կայացմանն ունեցել Ռոբերտ Քոչարյանը:
«ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, շարունակելով ՀՀ սահմանադրական կարգի տապալմանն ուղղված գործողությունները, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի ներգրավմամբ, տարբեր եղանակներով և միջոցներով, այդ թվում՝ դատարանի անդամների վրա ճնշում գործադրելով՝ ներազդել է դատարանի անդամների վրա, որպեսզի վերջիններս քվեարկեն Կենտրոնական հանձնաժողովի հիշյալ որոշման վավերական և օրինական ճանաչվելու օգտին»:
Մեղադրանքի այս ձևակերպումից
պարզ է դառնում, որ բացի ՍԴ անդամների վրա ճնշում գործադրելը, պարոն Քոչարյանին վերագրվում է նաև ինչ-որ այլ եղանակներով ու միջոցներով նրանց վրա ազդելը, սակայն չի մանրամասնեցված, թե ինչ է քննիչն ի վերջո նկատի ունեցել,
պարզ է դառնում, որ պարոն Քոչարյանին վերագրվում է ՍԴ անդամների վրա ճնշում գործադրելը, սակայն չի նշված, թե ի՞նչ ճնշում է նկատի ունեցվել մեղադրանքի մեջ, ինչո՞ւմ է այն դրսևորվել
Սահմանադրական դատարանի հատկապես ո՞ր անդամների վրա է, ըստ մեղադրանքի, գործադրվել այդ ճնշումը:
Նման կերպ շարադրված մեղադրանքը հնարավորություն չի տալիս նախապատրաստելու և իրականացնելու պարոն Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունը:
Բողոքում կա նաև Կալանավորման հիմքերի բացակայության մասին, գրավի մասին, դատավարական խախտումների մասին, օրենքի հիման վրա ստեղծված դատարանի կողմից գործը քննելու իրավունքի խախտման մասին։
Ի դեպ, մի ուշգրավ ձևակերպում էլ տվել է դատարանը․ «Դեպքը, որի կատարման մեջ Ռ. Քոչարյանը մեղադրվում է, համընկնում է իրեն վերագրվող ենթադրյալ հանցագործության դեպքին»։Փաստաբանները նշում են, որ այս արտահայտությունն իր մեջ որևէ միտք չի պարունակում: Եվ այսպես շարունակ։
Այս ամենից հետո փաստաբանները եզրակացնում են․ «Այսպիսով, պարոն Ռ. Քոչարյանին առաջադրված մեղադրանքի վերլուծությունը ցույց է տալիս, որ բացակայում է նրա կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածը: Հենց այսքանն արդեն իսկ բավարար է, որպեսզի պարոն Ռոբերտ Քոչարյանն անհապաղ ազատ արձակվի՝ անկախ մյուս պայմանների և հիմքերի առկայությունից կամ բացակայությունից»:
Համացանցում հայտնված այս փաստաթուղթն ընթերցելուց մեկ զգացողություն ունեցանք՝ շոկային։ Որ գործը քաղաքական երանգ ուներ, պարզ էր հենց սկզբից, ՀՔԾ տարածած հաղորդագրությունից, վարչապետի արձագանքներից։ Բայց որ այն այսպինն է, դժվար կլիներ պատկերացնել։
Այս ամենից երկու կարճ եզրահանգման կարելի է գալ․
1․ ապացուցում են Ռոբերտ Քոչարյանի միտքը, թե՝ «փաստաբաններն ուղղակի ջախջախել են, քարը քարի վրա չեն թողել մեղադրանքը»
2․ ապացուցում են հենց դատական համակարգի ներկայացուցչի՝ ԱԱԾ տնօրենի միջոցով Փաշինյանին փոխանցած խոսքը, որ «Գործը ջուր է»։