Առաջին նախագահը փող չի ուզում, բայց դիմել է
Օրեր առաջ, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը սոցկայքի իր էջում գրել էր, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը դատի է տվել Հայաստանի Հանրապետությանը` 2008թ-ի նախագահական ընտրություններից հետո 3 օր տնային կալանքի համար:
“Լեւոն Տեր-Պետրոսյանը փող է ուզում մեր երկրից այն բանի համար, որ ինքը մի քանի օր մնացել է տանը եւ դա տնային կալանք է դիտարկում: Լավ կարա՞ր չէ գոնե նրա գրասենյակի ղեկավարը դատի տար, իսկ սենց մի ձեւ ախմախ բան ա ստացվում”,-գրել էր քաղաքագետը: Առաջին նախագահի գրասենյակի ղեկավար Լեւոն Զուրաբյանը հերքել էր դա` համարելով “անհեթեթություն”:
Լ. Տեր-Պետրոսյանի փաստաբան Վահե Գրիգորյանը Henaran.am-ի հետ զրույցում հաստատեց, որ դիմել են Եվրադատարան: Հայցը վերաբերում է ընտրության ազատ իրավունքին, նստացույցի օրերին նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի անձնական ազատության եւ տեղաշարժի իրավունքի սահմանափակմանը, 2008-ի փետրվարի 20-ից մինչեւ մարտի 1-ը տեղի ունեցած հավաքների ազատության սահմանափակման ու մարտի 1-ին հանրահավաքը ցրելու օրինականությանը եւ մարտի 1-ին` Լեւոն Տեր-Պետրոսյանի տնային կալանքին:
“Ես չգիտեմ, թե որտեղից տվյալ քաղաքագետին նման տեղեկություն, բայց առաջին նախագահը փող չի ուզում: Ճիշտ է, թեկուզ եւ պատճառվել է բարոյական, նյութական վնաս, կատարվել են ծախսեր եւ ծախքեր, սակայն այստեղ Տեր-Պետրոսյանը պահանջում է արդարացի փոխհատուցում իր խախտված իրավունքների ձեւով”,-ասաց փաստաբանը: Վահե Գրիգորյանի խոսքով, Հրանտ Մելիք-Շահնազարյանը կամ տեղյակ չէ, կամ միտումնավոր ստում է: “ Ի վերջո մենք խոսում ենք մի իորղության մասին, որը փաստում ենք դատաիրավական փաստաթղթերով”,-մեր զրույցը եզրափակեց փաստաբանը: