7-8 ամիս վատնել ենք անիմաստ վենդետաների, «սեւ ու սպիտակի» բաժանելու, թշնամանք ու չարություն սերմանելու վրա. Հրապարակ
Բանակի օրվա տոնակատարությունների պաշտոնական լուսանկարների մեջ նկատեցի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին եւ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանին, մեկ ուրիշ նկարում երեւաց Յուրի Խաչատուրովը։
Թեեւ այս բոլոր նախկին պաշտոնյաներին մենք ժամանակին դաժանաբար քննադատել ենք, բայց երեկվա միջոցառումներին նրանց ներկայության փաստն ինձ ուրախացրեց։ Ինչպես ուրախացրեց այն, որ ԱԺ գիտության, կրթության, սփյուռքի հարցերով հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Արմեն Աշոտյանի հետ, իսկ Նիկոլ Փաշինյանն իր մոտ է հրավիրել ՀՅԴ նորընտիր Բյուրոյին։
Սա համազգային համերաշխության, տարբեր հայացքներ ու գաղափարախոսություն ունեցող անձանց խաղաղ գոյակցության առաջին փորձերն են։ Մենք շատ քիչ ենք եւ չենք կարող մեզ նման շռայլություն թույլ տալ, որ մի քանի միլիոնանոց ազգի մեջ թշնամիներ ու հակառակորդներ, «սեւեր» ու «սպիտակներ» փնտրենք։ Մենք չենք կարող տուրք տալ նեղմտությանն ու քինախնդրությանը, չենք կարող մերժել ու մեկուսացնել մտածող մարդկանց, պրոֆեսիոնալներին, որոնք առանց այն էլ շատ չեն։ Մեզ հարկավոր է հասարակության ողջ պոտենցիալը, մարդկային ամբողջ ռեսուրսն օգտագործել։ Անգամ նրանց փորձն ու գիտելիքը, որոնք նախկինների հետ շփվել են, նրանց օրոք աշխատել եւ այլն։
Հուսանք, որ այս առաջին քայլերը շարունակություն կունենան։ Առանց այն էլ մենք հսկայական ժամանակ ենք կորցրել՝ 7-8 ամիս վատնել ենք անիմաստ վենդետաների, «սեւ ու սպիտակի» բաժանելու, թշնամանք ու չարություն սերմանելու վրա։ Մինչդեռ դա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է, որից պետք է օր առաջ հրաժարվել։ Համազգային համերաշխության, իրական սիրո, բարեկամության, ներողամտության, հանդուրժողականության կարիք կա մեզանում:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: