Ի տարբերություն Հայկ Մարությանի՝ Տարոն Մարգարյանը հրապարակում էր պարգեւավճարների ցուցակը. Անի Սամսոնյան
Այո՛, պետական ծառայություն իրականացնող անձինք եւ պետական պաշտոնյաները իրավունք ունեն օրենքով պարգեւատրվելու, բայց այստեղ կա հարցի այլ կողմը՝ ինչի՞ համար են այդ մարդիկ պարգեւատրվում, ի՞նչ աշխատանքի դիմաց են այդ մարդիկ պարգեւատրվում։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։
Աշխատողներին պարգեւավճարներով խրախուսելու պրակտիկան մեզ համար անընդունելի է, մենք ասում ենք՝ օպտիմալացրեք եւ բարձրացրեք աշխատավարձերը. «Դեռ նախկին իշխանություններից պահպանվել է այդ կամայական պարգեւատրման պրակտիկան։ Շատ դեպքերում պարգեւատրումների հիմնավորումները, թե ինչի համար են այդ պաշտոնյաները պարգեւատրվել, պետական հիմնարկները չեն ապահովում թափանցիկություն, որ հանրություն էլ տեսնի, թե, օրինակ, շռայլորեն պարգեւատրված մարզպետը այդ ընթացքում ինչ է արել կամ ինչ է փոխել»։
Անի Սամսոբնյանի համար հիմնավորում չէ նաեւ աշխատանքային ժամից երկար աշխատելը. «Պետական պաշտոնյայի աշխատանքային ժամերը ֆիքսված են, յուրաքանչյուրը պետք է տեղավորվի իր աշխատանքային ժամում, եթե նա աշխատում է այդ ժամից ավելի, նա պետք է ստանա հավելավճար, իսկ ես ինչ իմանամ գուցե մինչեւ կեսգիշեր աշխատող պաշտոնյան այդքան էլ արդյունավետ չի աշխատում եւ մեկ այլ պաշտոնյա լավ «թայմ մենեջմենթի» շնորհիվ անի դա 4-5 ժամում»։
Նա նաեւ հայտնեց, որ Երեւանի ավանագու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կդիմի վարչական դատարան, քանի որ քաղաքապետարանը հրաժարվում է տրամադրել պարգեւատրումների հավելվածը, որտեղ կերեւա՝ թե ով ինչքան պարգեւավճար է ստացել. «Հանրային միջոցների ծախսումը պետք է վերահսկվեն եւ լինեն թափանցիկ»։
Նրա խոսքով՝ իրենք կասկածներ ունե, որ Երեւանի քաղաքապետարանում մարդիկ շատ բարձր պարգեւավճար են ստացել, որը փորձ է արվում թաքցնել։
Անի Սամսոնյանը շեշտեց՝ Հայկ Մարությանի եւ Տարոն Մարգարյանի գործելաոճի մեջ տարբերությունը այն էր, որ ի տարբերություն Հայկ Մարությանի՝ Տարոն Մարգարյանը հրապարակում էր պարգեւավճարների ցուցակը, թե ում ինչքան էր տրամադրվել։ Բացի այդ, նրա խոսքով, այս տարի տրամադրված պարգեւավճարների չափը գերազանցում է նախորդ տարիներին տրված պարգեւավճարների չափին։
Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանը 2018 թվականին 474 մլն դրամ կամ 974 հազար ԱՄՆ դոլար է հատկացրել պարգեւատրումներին: Միաժամանակ Երեւանի քաղաքապետը հրաժարվել է ներկայացնել պարգեւատրումների ցանկը, որտեղ նշված է, թե որ աշխատակցին որքան գումար է տրվել: Քաղաքապետարանից պատճառաբանել են, որ դա համարվում է անձնական տվյալների պահպանման խախտում։