Առաջընթացի տարի ենք ունենալու. Հերմինե Նաղդալյան
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ելույթը` 2013 թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկմանը.
‘Հարգելի’ խորհրդարան, 2013թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկումն արձանագրեց խորհրդարանական գործընթացի առանձնահատուկ բարձր նշաձող: Ինչպես հանձնաժողովների համատեղ նիստերում, այնպես էլ լիագումար նիստում աննախադեպ ակտիվության պայմաններում փաստաթուղթը ենթարկվեց խորքային քննարկման և քննության: Ի պատիվ գործընթացի բոլոր մասնակիցների՝ կարող եմ ասել, որ իմ խորհրդարանական հիշողության մեջ չի տպավորվել ևս մեկ տարի, երբ թե պոզիցիայի, թե’ օպոզիցիայի կողմից բարձրացվեին այսքան սկզբունքային հարցեր, մասնագիտական խորը վերլուծություն, սուր հարցադրումներ, քննարկում, որ վայել է երկրի տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթին:
Կարծում ենք՝ սա մեծ մասամբ պայմանավորված է նրանով, որ համաշխարհային տնտեսությունը շարունակում է իր ջանքերը ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները հաղթահարելու և բնական ընթացքին վերադառնալու ուղղությամբ, բայց աշխարհի տնտեսությանը հասցված վնասը այնքան մեծ է, որ դեռ բավական ժամանակ և ճիգեր պիտի գործադրվեն նախաճգնաժամային իրավիճակին վերադառնալու, էլ չեմ ասում, վերելքի ճամփա բռնելու համար: Եվրոպական բազմաթիվ երկրներ կքած են պետական պարտքի բեռի ներքո, շատ տեղերում շարունակվում է ռեցեսիան, կրճատվում են աշխատատեղեր: Իտալիան, Իսպանիան, Պորտուգալիան ցնցվում են, Ուժասպառ Հունաստանը, վերջապես, դժվարին գործընթացից հետո ընդունեց լիովին կրճատված բյուջեն, իսկ օրերս բյուջեի ծախսային մասը էականորեն կրճատելու մասին հայտարարեց եվրոպական տնտեսության ծանրքաշային Գերմանիան (սա Եվրոպայի միջին տնտեսական աճի և վերելքի վերադառնալու մասին խոսողների համար): Հիմնավորումներից մեկը մակրոտնտեսական խաթարված հավասարակշռության ապահովումն է: Եվ ճգնաժամի տարիներին մենք բազմիցս ականատես եղանք այն մոտեցման, որ տարբեր երկրներ գնում էին անգամ սոցիալական ծրագրերի կրճատման՝ առավել նախընտրելի համարելով մակրոտնտեսական կայունության վերականգնումը, ինչը մեր ընդդիմադիրների համար դարձել է քննադատության թիրախ:
Հաշվարկը պարզ է՝ թողնենք մակրոտնտեսական կայունության ապահովման նպատակը և անցնենք ոմանց առաջարկած պոպուլիստական քայլերին, որոնք կկլանվեն, կքամվեն այդ պարագայում առաջացող ինֆլյացիոն երևույթներով, կտանեն ժողովրդին մասսայական աղքատացման, և դա կլինի քաղաքական պրոտեստի իրենց լավագույն բազան:
Բյուջետային քննարկումների գործընթացի վրա, բնականաբար, չէին կարող չազդել և քաղաքական զարգացումները, հատկապես այն հանգամանքը, որ առջևում ընտրություններ են, և շատերն իրենց քաղաքական պլատֆորմը կառուցում են մեր բնակչությանն սոցիալական խնդիրների վրա, տնտեսական դժվար իրավիճակների վրա, շատ ընտանիքներում դեռևս առկա չքավորության և թշվառության վրա խաղալով, փորձելով լավամարդ լինել և այլն: Այս քննարկումների ժամանակ երբեմն թվում էր, թե աշխարհի բոլոր հիմնախնդիրները, ցանկությունները, երազանքները, մուրազները հենց հիմա, այս պահին պիտի լուծվեն, և շատ դեպքերում էլ կիրառվում էր մեկ վարքագիծ՝ չտենսնել ակնհայտը և հերքել բացարձակ փաստերը: Օրինակները շատ են, ասենք, Մեղրիի հէկ-ի մեկնարկեքի արարողությունը, որ նախատեսվում էր 2012-ին, տեսել է ողջ հանրապետությունը և ոչ միայն մեր, և այլն…Սակայն մենք՝ հանրապետականներս, չունենք նման հնարավորություն՝ սահմանափակվելու ամբոխահաճո առաջարկություններով, ինչքան էլ որ հարցադրումներ էինք անում և խնդիրներ բարձրացնում, այնուամենայնիվ, պարտադրված ենք գործել, ոչ թե խոսել, և գործել՝ հստակ պատկերացնելով հնարավորությունների չափը:
Անտրամաբանական է մտածել, թե ինչ-որ մեկը այս դահլիճում դեմ է կամ՝ կա հնարավություն և չի արվում ավելին. չեն բարձրացվում աշխատավարձերը, կենսաթոշակները կամ այս կամ այն ոլորտին տրվող ծախսերը: Հակառակը, կարող էինք հենց այսօր բարձրացնել աշխատավարձերը և դրանով հսկայածավալ ընտրազանգված գրավել: Բայց մենք չենք ուզում կորցնել երկիրը, շեղվել տնտեսության զարգացման ուղուց: Մեզ համար առաջնահերթ են տնտեսության կայունությունը և զարգացումը, և ոչ թե պահի թելադրանքով լուծումները: Թող չթվա, թե մենք չգիտենք՝ ինչ թերություններ ու բացթողումներ կան, ավելին, մենք աշխատել ենք թերացումներն արտացոլել քննարկվող բյուջեի փաստաթղթում: Մենք բազմիցս շեշտադրում ենք, ասում ենք, որ ունենք հիմնախնդիրներ: Վերջին շրջանում ընդդիմութունը շահարկում է այն փաստը, որ մենք այդ քայլով նախապատրաստվում ենք ընտրություններին, հիմնախնդիրների բարձրաձայնումը անվանում են քաղաքական ներկայացում…Ամո՛թ է… Իհարկե, հրաշալի կլիներ և ընտրության գնացող ուժի համար շատ հարմարավետ ընտրություններից առաջ խոստանալ բարձր աշխատավարձեր և հեշտությամբ համակրանք շահել: Բայց, կրկնում եմ, մեր նպատակն է ունենալ բարեկեցիկ և զարգացող երկիր: Վերջին հաշվով՝ բյուջեն կոմպրոմիս է, ռեալ իրավիճակում ցանկությունների և հնարավությունների կոմպրոմիս, և, իհարկե, մենք կուզեիքն ունենալ հնարավորություն և կատարել բոլոր հնչած և չհնչած առաջարկությունները: Օրինակով ներկայացնեմ, թե ինչ է կատարվել այդ ուղղությամբ:
2012 թվականին 2011 թվականի համեմատ նախատեսված է հարկային եկամուտների աճ 101.0 մլրդ դրամի չափով, որը ոչ միայն Հայաստանի համար պատմականորեն շատ բարձր, այլև որևէ երկրի ճգնաժամ-հետճգնաժամային ժամանակահատվածի համար դժվար հասանելի հանձնարարական: Նման կամ մոտիկ եկամտային մասի աճ մենք ունեցել ենք միայն տնտեսական աճի, վերելքային ցիկլի ժամանակահատվածում: Իսկ 2013 թվականին նախատեսված է 2012 թվականի համեմատ` 87.6 մլրդ դրամի աճ: Ընդհանուր առմամբ պատկերավոր ներկայացնելու համար նշեմ, որ այս 2 տարիներին հարկային եկամուտների աճը ավելի մեծ է, քան, ասենք, օրինակ, 1996 և 1997 թթ պետական բյուջեի հարկային ողջ եկամուտները: 2013 թվականի հարկային եկամուտների ծրագրային ցուցանիշի աճը 2012 թվականի համեմատ շուրջ 24 մլրդ դրամով գերազանցել է 2003 թվականին 2002 թվականի համեմատ ՀՀ պետական բյուջեի եկամուտների աճին: Սա ստվերի դեմ պայքա՞ր չէ:
Նման աճը պայմանավորված է նախորդ բարդագույն ժամանակահատվածում հավաքագրման, մակրոտնտեսական միջավայրի զարգացման միտումներով, այս տարի գրանցած և կանխատեսվող տնտեսական աճով և վարչարարական միջոցառումների իրականացմամբ:
Ասում են՝ այն, ինչ մեզ չի սպանում, մեզ ավելի ուժեղ է դարձնում: Ճգնաժամի ժամանակ մեր տնտեսության խոցելի կողմերը երևացին ավելի ցայտուն կերպով, նկատելի դարձավ տնտեսության կառուցվածքի դիվերսիֆիկացիայի և վերափոխման անհրաժեշտությունը: Կառավարության կողմից որդեգրվեց արտադրողական ճյուղերի օժանդակամն և աջակցման, իրական սեկտորին նպաստող և արտահանման ներուժ ունեցող ճյուղերի զարգացման ռազմավարությունը, այսինքն արտադրությանը և արտահանմանը օժանդակելու քաղաքականությունը: Նորանկախ Հայաստանի համար առաջին անգամ այս կառավարության կողմից մշակվեց արդյունաբերական քաղաքականություն և արտահանման զարգացման հայեցակարգերը: Իսկ այն քաղքական ուժը, որն իր կառավարման օրոք արմատապես դեմ է եղել որևէ աջակցության, օժանդակության և կամ գերակայության, այսօր քննադատում է: Երբ Դուք ղեկավարում էիք գործադիրը, ասում էիք, մեջբերում եմ՝ ինչու ես պիտի աջակցեմ գինեգործությանը Հայաստանում. չէ՞ որ չիլիական գինին համաշխարհային շուկայում ավելի լավ է ընդունված…Իսկ այսօր կառավարությունը աջակցում է գինեգործությաը, կոնյակագործությանը, պանրեգործությանը, բարձր և միջին տեխնոլոգիաների զարգացմանը, ՓՄՁ-ների զարգացմանը և այլն:
Եկամուտների աճը պայմանավորված է նաև վերջին տարիներին իրականացված լրջագույն բարեփոխումներով/շատերի մասին արդեն խոսվել է/: Հատկապես կարևորվում և ուզում ենք ընդգծել հարկային ոլորտում էլեկտրոնային հաշվետվողականության ներդրումը, հսկողության ընթացքում «Ռիսկային չափանիշների հիման վրա ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգի» կիրառումը, հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը: Պատահական չէ, որ հարկեր/ՀՆԱ աճին զուգահեռ հնարավոր է եղել նաև ապահովել “doing business-ի” շրջանակներում «հարկերի վճարում» ցուցանիշի ավելի քան 44 կետով բարելավում: Ի միջիայլոց, “doing business”-ը մենք չենք վերլուծում-հաշվարկում, սա միջազգային անկախ փորձագետների աշխատանքի արդյունքն է, իսկ միշտ միայն <<բացարձակ ճշմարտություննը>> ասող, իմ կողմից շատ հարգված գործընկերոջը ուզում եմ ասել, որ այդ հիմա է, որ Դուք ուզում եք մանրամասնորեն իմանալ տորթի չափի մասին ամեն ինչ, այնինչ նախկինում, երբ ղեկավարում էիք գործադիրը անառարկելիորեն, ուլտիմատիվ կերպով հանրությանը ասում էիք՝ համակերպվեք, որ տորթի կտորներն ավելի քիչ են, քան այն ուտելու ցանկություն ունեցողների թիվը (սա մեջբերում էր): Մենք չենք համակերպվել և չենք համակերպվելու:
- ՀՆԱ- Իրական ՀՆԱ-ի աճը մինչև 2012-ի վերջ նախատեսվում է շուրջ 7.1%, նախապես ծրագրված 4.2%-ի փոխարեն: Հիշեցնենք, որ 2010-ին նախատեսվել էր 1.2%, փաստացի ունեցանք 2.7%, 2011-ին՝ 4.7%: 2013-ի համար նախատեսվում է 6.2%: Մենք ընթանում ենք կայունացման ճանապարհով:
- Պետական բյուջեի դիֆիցիտը՝ 2009-ին ՀՆԱ-ի 7.5% էր, 2010-ին՝ 4.98%, 2011-ին 3.9%, 2012-ին` 2.8%, 2013-ին՝ 2.64%. այսինքն ՝ դիֆիցիտի հետևողական և շարունակական նվազում:
- Կապիտալ ներդրումները կաճեն 8.7% և որ հատկանշական է՝ կաճեն թե պետական, և թե մասնավոր ներդրումները:
- Էլ ավելի կարագանան ապրանքների արտահանման աճի առաջանցիկ տեմպերը ներմուծման տեմպերի նկատմամբ:Ապրանքների արտահանումը կաճի 15%-ով, իսկ ներմուծումը՝ 5.3%-ով:
Ինչպես տեսնում եք՝ բոլոր միտումներն ու տենդենցները դրական են և կայունություն ապահովող:
Ծախսային առումով՝ ճգնաժամային բոլոր տարիներին կառավարության կողմից ընտրվեց և անշեղորեն իրագործվեց մեկ շարունակական քաղաքականություն, որը կարելի է բնորոշել որպես սոցիալական աջակցության ոլորտում աննահանջություն: Բազմաթիվ եվրոպական երկրներ ճգնաժամի առաջին իսկ տարում մեծապես կրճատեցին, տեղ-տեղ էլ վերացրեցին բազմաթիվ սոցիալական աջակցության ծրագրեր: ՀՀ կառավարության քաղաքական որոշումը եղել է՝ սոցիալական ծրագրերի կասեցումն անթույալտրելի՛ է: Հիմա մեզ քննադատում են, թե սոցիալական ծրագրերը մնացորդային ենք համարում, պաշտպանության ծախսերը՝ հիմնական: Դե իհարկե, պաշտպանության ծախսերը չենք կարող հիմնական չհամարել (հայտնի պատճառներով), իսկ սոցիալականը՝ այդ եվրոպական երկրներում է մնացորդային, ո՛չ Հայաստանում: Այս տարվա բյուջեի ծախսային մասի բոլոր ծրագրերի համար, որոնք համարվում են ծախսումներ մարդկային կապիտալի մեջ, աճ է նախատեսված, ինչպես սոցիալական բնույթի, այնպես էլ ապագային միտված ծախսերի մեջ:
Հարգելի՛ խորհրդարան, շատ ցավում եմ, բայց պիտի համաձայնվեմ, երեկ մեր գործընկերներից մեկի խոսքում հնչած այն մտքի հետ, որ 2008-ի համարձակ, հավակնոտ ծրագրերն ի դրև եղան: Իսկապես, համաշխարհային ճգնաժամը ձախողեց աշխարհի բոլոր երկրներում մշակված կառուցողական ծրագրերը: Փոքրիկ Հայաստանում անկումը կազմեց 14.1%, նույնքան, որքան Եվրոպայի խոշորագույն երկրներից մեկում՝ Ուկրաինայում, կամ զարգացած Բալթիայի 3 երկրներում: Բայց մենք դիմակայել ենք, կարողացել ենք հաղթահարել ամենադժվար փորձությունները ու հիմա առաջընթացի ճանապարհին ենք: 2013թ-ին իրականացնելով ՀՀԿ-ի և նրա առաջնորդ, երկրի նախագահ Ս. Սարգսյանի ծրագրերը, մենք առաջընթացի տարի ենք ունենալու’: