Արարատ Միրզոյանն ազատվում է ԱԺ աշխատակազմի պրոֆեսիոնալներից
Խորհրդարանում իրավիճակը լարված է, բայց ոչ թե խնդիրը իշխանություն եւ ընդդիմության պատգամավորների հարաբերությունների մեջ է, ինչը տրամաբանական կլիներ, այլ` Ազգային ժողովի աշխատակազմի:
Պարզվում է` ԱԺ նորընտիր նախագահ Արարատ Միրզոյանն առաջին հերթին խորամուխ է եղել ոչ թե օրենսդրական աշխատանքների մեջ, այլ` կադրային փոփոխությունների: ԱԺ աշխատակազմի այն պրոֆեսիոնալներին, որոնք աշխատել թե՛ ԱԺ 5-րդ գումարման նախագահ Գալուստ Սահակյանի, թե՛ ԱԺ վեցերորդ գումարման նախագահ Արա Բաբլոյանի ժամանակ եւ նույնիսկ շատ ավելի վաղ, ուղղակիորեն Ա.Միրզոյանի կողմից ասվել է, որ «քաղաքական իրավիճակից ելնելով» պետք է ազատվեն աշխատանքից: Ըստ էության, նրանց միակ «մեղքը» նախկին իշխանությունների օրոք իրենց աշխատանքը կատարելն էր:
Այս որոշումը բավական լայն արձագանք է գտել խորհրդարանում,այժմ թե՛ հանձնաժողովների, թե՛ վարչությունների աշխատակիցները մնացել են «փշերի վրա»,որովհետեւ ամեն րոպե հերթը կարող է նրանց էլ հասնել: Հաշվի չեն առնում ո՛չ հին աշխատակիցների փորձը, ո՛չ էլ պրոֆեսիոնալիզմը, նոր իշխանավորները, պարզապես, տեղ են ազատում` իրենց յուրայիններին Ազգային ժողով բերելով: