Հունգարա-ադրբեջանական սկանդալն արդարացնում է Արցախի անկախության ձգտումը. Հ. Սասունյան
Աշխարհասփյուռ հայերը խիստ վրդովված են Ալիեւի կողմից Ռամիլ Սաֆարովին (ադրբեջանցի մի լեյտենանտի, որը 2004 թվականին Բուդապեշտում տեղի ունեցող ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ կացնահարելով սպանել էր քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին) ներում շնորհելու եւ հունգարական կառավարության կողմից նրան ազատ արձակելու կապակցությամբ:
Դժվար է որոշել, թե ո՞ր երկրին պետք է ավելի շատ մեղադրել այս աղմկահարույց եւ խայտառակ գործում` Հունգարիայի՞ն, թե՞ Ադրբեջանին: Մեղադրանքների մի մասն էլ պետք է ուղղել միջազգային հանրությանը, որն անտեսել է Արցախի հայերի բազմաթիվ բողոքները, որ նրանք այլեւս երբեք չեն կարող ապրել Ադրբեջանի բռնատիրական լծի տակ:
Երբ 2004 թվականին Սաֆարովը գործեց իր բարբարոսական արարքը, ադրբեջանցիները փառաբանում էին նրա ստոր ոճրագործությունը: Այդ ժամանակից ի վեր, Ադրբեջանը հնարավոր ամեն ինչ անում էր Հունգարիայի կառավարությանը խթանելու համար կացնահարող մարդասպանի ազատ արձակումը, իսկ Հայաստանի իշխանությունները ձգտում էին հավաստիանալ, որ Սաֆարովը կրում է իր ցմահ բանտարկությունը:
Հունգարիայի ղեկավարները բազմիցս վստահեցրել են Հայաստանին, որ չնայած Ադրբեջանի համառ ճնշումներին, ադրբեջանցի բանտարկյալը ազատ չի արձակվի: Սակայն, 2012 թվականի օգոստոսի 31-ին, առանց նախազգուշացման, հունգարական իշխանությունները խախտեցին իրենց պաշտոնական երաշխիքը` Սաֆարովին հանձնելով Բաքվին:
Ինչո՞ւ իրադարձությունների նման շրջադարձ տեղի ունեցավ: Հնարավոր բացատրություն կարելի է գտնել մեկ շաբաթ առաջ “Բլումբերգ” գործակալության կողմից հրապարակված կարճ տեղեկատվությունում. “Ադրբեջանը բանակցությունների մեջ է մտել Հունգարիայի հետ` նրա երեք միլիարդ եվրո արժողությամբ պետական պարտատոմսերը գնելու համար…. Ադրբեջանի խնդրանքով, պարտատոմսերը կարող են վաճառվել Թուրքիայում` արտահայտված թուրքական լիրայով, եւ կարող են վաճառվել մինչ Հունգարիան համաձայնության կգա Արտարժույթի միջազգային հիմնադրամի հետ …. Ադրբեջանը համաձայն է ընդունել շուկայականից ցածր տոկոսադրույքներ Հունգարիայի պարտքի առնչությամբ”:
Ակնհայտ է, որ Հունգարիան դավաճանեց Հայաստանին “30 կտոր արծաթի”, տվյալ դեպքում` 3 միլիարդ եվրոյի (3.77 մլրդ ԱՄՆ դոլարի) դիմաց: Նման մի խոշոր գումար կարող է Հունգարիային փրկել ֆինանսական կործանումից, սակայն այն չի փրկի հունգարական պաշտոնյաներին բարոյական սնանկացումից: Հունգարիայի համար Ադրբեջանի նավթային գումարն ավելի թանկ է, քան հայկական արյունը:
Իր չարամիտ գործարքն արդարացնելու համար Հունգարիան բացահայտեց Ադրբեջանի արդարադատության փոխնախարար Վիլայաթ Զահիրովի 2012 թվականի օգոստոսի 15-ի թվագրությամբ նամակը, որը հաստատում է, որ Սաֆարովին Բաքվին հանձնելուց հետո Ադրբեջանը չի փոխի նրա նկատմամբ կիրառված պատիժը: Զահիրովը վկայակոչել է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 57.3 հոդվածը` հավաստիացնելով, որ ցմահ ազատազրկման դատապարտվածը կարող է ազատ արձակվել միայն այն դեպքում, եթե նա կրել է իր պատժի առնվազն 25 տարին:
Զարմանալի չէ, որ Ադրբեջանը խախտել է ոչ միայն իր ստանձնած պարտավորությունը Հունգարիայի հանդեպ, այլ նաեւ իր սեփական օրենքները, երբ նախագահ Ալիեւը անմիջապես ներում է շնորհել Սաֆարովին` Ադրբեջանական ավիաուղիների հատուկ չարտերային չվերթով Բաքու ժամանելուց անմիջապես հետո: Ադրբեջանցի լեյտենանտին շնորհվել է մայորի կոչում, հատկացվել է անվճար բնակարան, վճարվել է ութ տարվա չվճարված աշխատավարձ, եւ քնած հային սառնասրտորեն սպանած մարդասպանին դիմավորել են հերոսին վայել:
Հաշվի առնելով այս խայտառակ զարգացումների հանդեպ աշխարհասփյուռ հայության խիստ վրդովմունքը, նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 31-ին Ազգային անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրեց` հայտարարելով, որ Հայաստանը կասեցնում է Հունգարիայի հետ իր դիվանագիտական հարաբերությունները եւ պաշտոնական բոլոր կապերը: Հետո նա կանչեց Հայաստանի ազգային անվտանգության ծառայության ղեկավարին եւ “հատուկ հանձնարարություն” տվեց նրան: Այնուհետեւ նախագահ Սարգսյանը խիստ ուղերձով դիմեց Հայաստանում հավատարմագրված դեսպաններին, նախազգուշացնելով նրանց, որ Հայաստանի հետագա հարաբերությունները նրանց կառավարությունների հետ կախված կլինի այս միջադեպի հանդեպ նրանց արձագանքից: Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները արձագանքեցին` իրենց մտահոգությունը հայտնելով Սաֆարովի ազատ արձակման եւ ներում շնորհելու առնչությամբ` բացատրություն պահանջելով Հունգարիայից եւ Ադրբեջանից:
Քանի որ Ադրբեջանը, անկասկած, մերժելու է իր “ազգային հերոսին” Բաքվում բանտարկելու կամ ցմահ բանտարկությունը շարունակելու համար Հունգարիային վերադարձնելու ցանկացած առաջարկ, ապա հայերը պետք է ձեռնամուխ լինեն մի շարք նախաձեռնությունների` միջազգային հանրությանն ապացուցելու, որ Արցախը երբեք չի կարող ընդունել կացնով զինված մարդասպանների եւ նրանց պետական հովանավորների իշխանությունը: Հայերը պետք է օգտագործեն արդարադատության վիժեցման հետեւանքով առաջացած միջազգային կարեկցանքը, ամրապնդելու համար Արցախի անկախ պետականության հիմնավորումը:
Առաջիկա օրերի եւ շաբաթների ընթացում, հայերը պետք է ճնշում գործադրեն Հունգարիայի եւ Ադրբեջանի վրա` բողոքի ցույցեր կազմակերպելով նրանց դեսպանատների եւ հյուպատոսարանների առջեւ, պահանջելով բոլոր պետություններից, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ից, Եվրամիությունից եւ ԵԱՀԿ-ից դատապարտել Բուդապեշտի եւ Բաքվի կողմից արդարադատության միջազգային նորմերի խայտառակ խախտումը:
Հայաստանը պետք է անհապաղ դադարեցնի բանակցություններն Ադրբեջանի հետ եւ ճանաչի Արցախի անկախությունը` կոչ անելով մյուս բոլոր պետություններին հետեւել իր օրինակին: Երբ Ալիեւը ստորագրեց Սաֆարովի ներումը, նա ակամա հիմնավորեց Արցախի անկախության պայքարը:
Աշխարհասփյուռ հայերը պետք է միավորեն իրենց ուժերը Հայաստանի քաղաքական, տնտեսական եւ ռազմական հզորացման համար` կանխելու Ադրբեջանի, Թուրքիայի եւ այլ երկրների կողմից հետագա ցանկացած թշնամական ոտնձգություն:
Հարութ Սասունյան`
“Կալիֆորնիա Կուրիեր” թերթի հրատարակիչ եւ խմբագիր
Թարգմանիչ` Ռուզաննա Ավագյան