Պաշտպանը վիճարկում է կենսաթոշակառուների դրությունը վատթարացնող օրենքի սահմանադրականությունը
“Պետական կենսաթոշակների մասին” ՀՀ օրենքի վերջին փոփոխությունները նախկին օրենքի համեմատ գործնականում որոշակիորեն վատթարացրել են կենսաթոշակառուների վիճակը: Նոր դրույթների միջոցով կենսաթոշակի հաշվարկման դեպքում թոշակառուն ավելի նվազ գումար է ստանում, քան նախկինում, մասնավորապես` տարիների ընթացքում տարբեր պատճառներով չստանալով կենսաթոշակ՝ քաղաքացին վճարվում է ավելի կարճ ժամանակահատվածի համար։
Այսպես, եթե նախկինում քաղաքացուն վճարվում էր 3 տարվա համար, ապա այժմ կենսաթոշակը վճարվում է միայն մեկ տարվա համար։ Մեկ այլ փոփոխությամբ սահմանափակվել է մասնակի կենսաթոշակ ստանալու իրավունքը, ինչպես նաև կատարվել է փոփոխություն աշխատանքային ստաժում հաշվառվող ժամանակահատվածներում:
ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածը նախատեսում է, որ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն: Իր հերթին, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 723 որոշմամբ սահմանվել է. «Օրենսդիրն իրավասու է օրենսդրական փոփոխությունների արդյունքում սահմանելու կենսաթոշակի հետ կապված իրավահարաբերությունների կարգավորման լիովին նոր համակարգ: Սակայն նման փոփոխությունները չեն կարող վերացնել այն կենսաթոշակները, այդ թվում՝ արտոնյալ կարգով նշանակվող, որոնք ստանալու իրավունքն անձը ձեռք է բերել նախկինում գործող օրենսդրության հիման վրա»:
Անձի իրավական վիճակը վատթարացնող իրավական ակտերի հետադարձության ուժի մերժման սկզբունքը ամրագրված է նաև մի շարք միջազգային պայմանագրերում։ Այսպես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` անձի կենսաթոշակային վիճակը վատթարացնող իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն, եթե նախատեսում են անհարկի լրացուցիչ պարտավորություններ, անհամաչափորեն սահմանափակում են անձի կենսաթոշակային իրավունքները, մասնավորապես՝ արտոնյալ կարգով տրամադրվող կենսաթոշակները։
Այսպիսով, մտահոգված լինելով կենսաթոշակային տարիքի անձանց խնդիրներով, հիմք ընդունելով Սահմանադրության դրույթները, Սահմանադրական դատարանի նախկին որոշումներով արտահայտված դիրքորոշումներն ու միջազգային իրավունքի պահանջները՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Սահմանադրական դատարանում վիճարկում է կենսաթոշակառուների դրությունը վատթարացնող օրենքի սահմանադրականությունը: