Փաշինյանն իրեն պատառոտում էր, թե բա՝ Սերժ Սարգսյանը գազի գնի մեջ 30 տոկոս փայ է մտել, հասեք հա, թալանում են
Էժանագին մանիպուլյացիաներով հնարավոր չի լինելու երկար ճանապարհ գնալ:
Հիշու՞մ եք հեքիաթի հայտնի արտահայտությունը՝ «ով այնպիսի սուտ ասի, որ ես ասեմ սուտ է, թագավորությանս կեսը կտամ նրան»: Նիկոլ Փաշինյանը Հայաստանի թերևս ամենատաղանդավոր սուտասանը դուրս եկավ, և զոմբիացած հասարակությունը նրան տվեց ողջ թագավորությունը:
Նրա ամենացայտուն, աչքի ընկնող ստերից մեկը վերաբերում է գազի գնին: Եթե հիշում եք, իր ելույթներում նա մի քանի անգամ խոստացել էր անել ամեն ինչ, որպեսզի գազի գինը իջնի հայ սպառողի համար: Այդ խոստումներից անցավ որոշ ժամանակ՝ նա խոստացավ, որ գազի գինը կմնա նույնը: Իսկ այսօր արդեն ասում է, որ թեպետ գազի գինը բարձրանում է, այն սպառողի համար մնալու է նույնը:
Այն, որ վարչապետի խոսքը օրվա մեջ մի քանի անգամ կարող է փոխվել՝ բոլորս արդեն սովորել ենք: Բայց հարցը կայանում է նրանում, թե մինչև ե՞րբ կարելի է հիմարացնել մարդկանց, գցել նրանց մոլորության մեջ: Եթե գազի գնի արժեքի իջեցում ես խոստացել, և չես կատարել խոստումդ, ապա բարի եղիր գոնե ցինիկ չլինել և չասել, թե՝ հա, ինչ անենք, գազը Բելառուսի համար էլ է թանկ, Գերմանիայում էլ է թանկ, ինչու՞ պիտի հայերի համար էժան լինի: Այստեղ էլ ակամա հիշում ենք Գիքորի հայտնի արտահայտությունը՝ «խազեին, բալը թանկ էր»:
Մեկ այլ աչքակապություն: Վարչապետը հանգստացնում է մարդկանց, ասելով, որ սպառողի համար գազի գինը մնալու է նույնը, բայց չի նշում, որ այդ պարագայում ճռռալու է պետական բյուջեն, այսինքն՝ շարքային քաղաքացին, ում հարկերից էլ գոյանում է երկրի գանձարանը:
Մեկ այլ նկատառում: Նախահեղափոխական օրերին Փաշինյանն իրեն պատառոտում էր, թե բա՝ Սերժ Սարգսյանը գազի գնի մեջ 30 տոկոս փայ է մտել, հասեք հա, թալանում են: Այսօր, երբ ինքն է պետության ղեկին, այդպես էլ չհասկացանք՝ թալանը դադարեցվել է, թե ոչ, որովհետև դադարեցվելու դեպքում գազի գինը պետք է առնվազն 30 տոկոսով էժանանար: Եթե նման բան չի գրանցվել, ուրեմն՝ կամ գողոնը հիմա այլ ուղղությամբ է գնում, կամ թալան չի էլ եղել:
Նման էժանագին մանիպուլյացիաներով հնարավոր չի լինելու երկար ճանապարհ գնալ: