Ի՞նչ մեխանիզմներով եք վերահսկելու ԿԲ-ին. Բաբկեն Թունյանը՝ Մանե Թանդիլյանին
ԱԺ-ին Կենտրոնական բանկի հաշվետվողականությունը պետք է բարձրանա տարբեր մեխանիզմների միջոցով: Դրա համար ԱԺ-ն ունի լիազորություններ: Այս մասին ԱԺ հերթական նիստում հայտարարեց հայտնեց Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հետաքրքրվեց` արդյոք Թանդիլյանը ԿԲ-ի նկատմամբ վերահսկողության մեխանիզմների անհրաժեշտություն տեսնում է:
Ի պատասխան Մ.Թանդիլյանը նշեց, որ Կենտրոնական բանկին տրված են սահմանադրական մի շարք լիազորություններ, օրինակ` գնաճի զսպման:
«Այն անկախություն ունեցող կառույց է, որը շատ լավ է: Սակայն միևնույն ժամանակ պետք է հասկանանք, որ նրա վարած ֆինանսավարկային քաղաքականությունը բերում է լրջագույն հետևանքների, և, հետևաբար Ազգային ժողովը պետք է և ունի լիազորություն` աշխատելու ԿԲ-ի նկատմամբ վերահսկողական մեխանիզմներ օգտագործելու համար:
Ես կարծում եմ, որ ԱԺ-ին Կենտրոնական բանկի հաշվետվողականությունն պետք է բարձրացվի տարբեր մեխանիզմների միջոցով: Այդ թվում այն պետք է արվի նաև ֆինանսավարկային հարցերով հանձնաժողովում ավելի հաճախ քննարկման, խնդիրների բարձրացման միջոցով»,-ասաց Թանդիլյանն ու հավելեց` այս առումով ԱԺ-ն ունի այդ լիազորությունները:
Թանդիլյանը նշեց, որ այս առումով կարող են նաև բարձրացված խնդիրների համար Ազգային ժողով հրավիրել համապատասխան մարմինների: Նա շեշտեց` ճիշտ է և պետք է, որ Կենտրոնական բանկն ունենա անկախություն, սակայն միևնույն ժամանակ այն պետք է լինի հաշվետու Ազգային ժողովին, ինչը նշանակում է հաշվետու լինել հանրությանը:
Նա կարևորեց, որ կարողանան ԿԲ-ի լիազորություններն օգտագործել ի նպաստ մեր երկրի տնտեսական և ֆինանսական համակարգի: