Տպավորություն կա, որ գաղտնալսման գործը մարսվեց, բայց դրա ձայնը դեռ կլսեք եվրոպական դատարաններից․ Մարուքյան
Տպավորություն կա, որ գաղտնալսման գործը մարսվեց գնաց, ուրեմն իմացեք չի մարսվել, ԱԺ ամբիոնից հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Դրա ձայնը դեռ կլսեք եվրոպական դատարաններից։ Պատահական չէր, որ ԱԺ նախագահից հետաքրքրվեցի, թե արդյոք մենք էս խորհրդարանում պատրաստվում ենք կանչել ու լսել մարդկանց, հասկանանք՝ ինչ դատավորներ են զանգում ու ո՞ւր են զանգում, ինչի՞ համար են զանգում։ Գաղտնալսման մասով գործ կա հարուցված, բայց ոնց որ ձեն-ձուն չկա, հարցնող չկա՝ ի՞նչ եղավ, ես կոնկրետ հարցնելու եմ», – ասաց Մարուքյանը։
Դատարաններին անդրադառնալով՝ Մարուքյանը նշեց, որ ստեղծվել է իրավիճակ, երբ դատավորները խուսափում են քրեական գործերով գործ քննելուց:
«Գործադիր իշխանությունը պետք է հստակ ձևակերպումներ տա, որ այսօր ՀՀ-ում փաստաբանները պաշտպանված են։ Նրանք պիտի պաշտպանվեն պետության կողմից, դատարանները պիտի լինեն անկախ, և դրանք ոչ թե հայտարարությունների տեսքով պետք է լինեն, այլ՝ գործողությունների։ Հասել ենք նրան, որ թերթի խմբագիրն ա բողոքում իշխանություններից, ընդ որում՝ հեղափոխությանը սատարած թերթի խմբագիր, ո՞ւր են ՀՀ մեդիա կազմակերպուննները», – նկատեց պատգամավորը։
Մարուքյանն ընդծեց՝ այսօր իրավական ոլորտում նույն պրակտիկան է շարունակվում, ինչ նախորդ իշխանությունների օրոք էր:
«Նախաքննության մարմնի կողմից արգելքներ կան։ Այն ժամանակ հիմնավորվում էր, որ պատգամավորը իրավունք չունի քննիչի կողմից տեսակցության արգելք ունեցող մարդուն տեսակցել, նույն պրակտիկան շարունավում է։ Այս հիմնավորման հիման վրա ես, Նիկոլը չէինք կարում Ժիրայր Սեֆիլյանին տեսնել, հիմա նույն հիմնավորումը գործում է։ Սա ի՞նչ է նշանակում, այս ի՞նչ եք անում», – ասաց ԼՀԿ պատգամավորը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Youtube» տեսահոսթինգում հրապարակվել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը, որտեղ իրավապահ մարմինների բարձրաստիճան պաշտոնյաները խոսում են մարտի 1-ի քրեական գործով անցնող մեղադրյալների, անելիքների, գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովին կալանավորել-չկալանավորելու մասին։