05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Նոր կառավարության անդամները «կլասիկ կոռուպցիոներներ» են. Զարուհի Փոստանջյան

«Սպասենք մեկ-երկու ամիս՝ ոչ ավելի, և գնահատականը կլինի հենց հանրության կողմից, և դա կլինի արդար գնահատական: Եթե ես հիմա գնահատեմ, ապա կգնահատեմ այնպես, ինչպես գնահատում եմ այս շուրջ ինն ամիսների կառավարությանը: Այսինքն, ոչինչ չի փոխվել մեր երկրում»,- հունվարի 15-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը:

«Կարելի է ասել, տեղի է ունեցել տեղափոխություն. երկրորդ ուժը շարունակում է մնալ երկրորդ ուժ արդեն տարիներ շարունակ: Ուղղակի ՀՀԿ-ին փոխարինել է ՔՊ-ն: Սա է այս տեղափոխությունների ամբողջ էությունը: Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որպեսզի հանրությունն ինքը համոզվի՝ ինչպիսին է թե այս կառավարությունը, թե խորհրդարանը: Ես ինքս համոզմունք ունեմ, որ մեր պետությունը իրավական չէ»,- հավելեց նա:

Խոսելով այն մասին, որ ԱԺ նախագահի թեկնածուն ստացավ 131 և ոչ մի դեմ կամ ձեռնպահ ձայն, տիկին Փոստանջյանը պատասխանեց. «Դա վտանգավոր ցուցիչ է և խոսում է այն մասին, որ Հայաստանում չկա բազմակարծություն: Եթե խորհրդարանն իրապես ներկայացնում է մեր ազգի հատվածները, ապա պետք է լինեին ազգի բոլոր հատվածների կարծիքները: Մինչդեռ, մենք տեսնում ենք՝ ազգը ներկայացված չէ, տեղի չունեցան այն բարեփոխումները, որի միջոցով կարող էր ազգի բոլոր հատվածների ներկայացվածություն ապահովել: Ոչինչ չի փոխվել: Էությունը դրանից չի փոխվել: Միատեսակ քվեարկություններ են լինելու, որի ականատեսը մենք եղանք»:

Դիտարկմանը, թե «Լուսավոր Հայաստանը» իրեն համարում է միակ ընդդիմությունը, Զարուհի Փոստանջյանը հակադարձեց. «Եթե դու մասնակցում ես մի գործընթացի և ի սկզբանե ակնհայտ է, որտեղ պետք է լինեն այն մարդիկ, որոնք արդեն գծված սցենարով պետք է լինեն, ապա այդտեղ չի կարող լինել իրապես ընդդիմություն: Եթե նախորդ սահմանադրությունը, ընտրական օրենսդրությունը ինչ-որ մի փոքրիկ հնարավորություն, ճեղք թողնում էր իրապես ընդդիմությանն այնտեղ լինելու, այս դեպքում՝ այս սահմանադրության, կուսակցությունների մասին այս օրենքով և ընտրական օրենսգրքով, ընդհանրապես կարելի է ասել, որ այլևս Հայաստանում ընտրությունների միջոցով բազմակարծության խորհրդարան ձևավորելը անհնար է: Դա ցույց տվեց այս կարգը: Եթե դու հագնում ես նույն բռնապետի վերարկուն, դա անդրադառնում է քո վրա: Իսկ այդ բռնապետի վերարկուն, որն այսօրվա խորհրդարանն է, հագել են այդ քաղաքական ուժերը: Եվ այդ քաղաքական ուժերի հենց առաջին քվեարկությունը ցույց տվեց, որ այնտեղ ընդդիմություն չկա»:

Խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի մասին, Զարուհի Փոստանջյանը նշեց, որ նոր կառավարության անդամները «կլասիկ կոռուպցիոներներ» են. գործադիր իշխանության ներկայացուցիչը, ճնշում գործադրելով իրավապահ մարմինների՝ ԱԱԾ և ՀՔԾ պետերի նկատմամբ, ցուցումներ է տալիս նրանց, ինչը բացահայտ կոռուպցիայի օրինակ է: Նրա խոսքով՝ սա գոյություն ունեցող ռեժիմին հակակշիռի բացակայության հետևանք է. «Կոռուպցիայի դեմ պայքարի մասին հայտարարությունները ուղղակիորեն հակասում են այն փաստին, որ, օրինակ «Իմ քայլը» անունով բարեգործական հիմնադրամ է ստեղծվում: Սա դասական կոռուպցիոն սխեմա է»:

Փոստանջյանն անդրադարձավ նաև «Երևան» հիմնադրամի գործունեությանը՝ նշելով, որ ԱԱԾ-ի մուտքը քաղաքապետարան բեմադրված էր:

Խոսելով փաստաբանների նկատմամբ վերաբերմունքին և սպառնալիքներին՝ «Երկիր Ծիրանի»-ի ղեկավարը շեշտեց, որ գործադիրը պետք է քաղաքականություն վարի և հստակ ցույց տա, որ հարգում է մարդու իրավունքները, քանի որ փաստաբանի նկատմամբ ոտնձգությունն արդարադատության դեմ ոտնձգություն է:

«Պետության ներկայացուցիչները՝ ի դեմս  ոստիկանության, ցուցաբերել են անգործություն: Եվ այս անգործությունը պիտի դատապարտվի: Պետք է հասկանանք, որ ցանկացած մարդ ունի պաշտպանվելու իրավունք՝ անկախ նրանից, թե որ ուժին է պատկանում, ինչի մեջ է մեղադրվում: Այս մարդիկ ունեն պաշտպան ունենալու, իրավաբանական և բժշկական օգնություն ստանալու իրավունք: Մենք հարգում ենք, որ կա հանրություն, որն ուզում է իր բողոքն արտահայտել, բայց նույն հանրությունը պիտի հասկանա, որ 9 ամսվա ընթացքում այս կառավարությունը, որի կողմից նշանակվել են ԱԱԾ, ՀՔԾ ղեկավարները, եթե արդար է և ցանկանում է բացահայտել հանցագործությունները, ապա արդեն մեղադրական եզրակացություններ պիտի լինեին այս գործերով դատարանում: Հանրությունը պիտի հասկանա՝ սա բեմադրություն է և իրեն օգտագործում են այդ բեմադրության մեջ՝ բռնել և հետո բաց թողնել, շահարկել»,- նշեց Փոստանջյանը՝ շեշտելով, որ նախնական կալանքն ազատազրկման ձևով պատիժը չէ:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ