Ազատամարտիկները վաղուց են ընդունել մարտը. ֆիլմի շնորհանդես
“Մարտը ընդունում ենք” ֆիլմաշարի գաղափարը վաղուց էր ծագել եւ արցախյան գոյամարտի թեժ օրերից հետո այն կյանքի կոչեց ազատամարտիկ-կինոռեժիսոր, դոկումենտալիստ Ռուբեն Հովհաննիսյանը:
Ֆիլմը պատմում է “Արաբո” եւ “Արցախ” ջոկատների մարտիկների եւ անհետ կորածների մասին, որոնք մասնակցել են արցախյան գոյամարտին: Ինքը նույնպես “Արաբո”-ի անդամ է, եւ արդեն մի քանի ֆիլմեր ստեղծվել են Հոկտեմբերյանի ջոկատի մարտիկների մասին: Ռուբենը մեծ ցանկություն ունի, որ տղաների սխրանքների մասին բոլորն իմանան:
Հեղինակի խոսքով, “Արաբո”, “Զեյթուն”, “Արցախ” ջոկատի մարտիկներն ընկել էին շրջափակման մեջ, սակայն նրանք որոշեցին կռվել, նրանք ընդունեցին մարտը, եւ բոլորը զոհվեցին քաջի մահով: Ֆիլմը նկարահանվել է նրանց հիշատակը վառ պահելու համար նաեւ:
32 րոպեանոց ֆիլմը պատերազմի մասնակից տղաների քաջության, խիզախության մասին է, ինչն էլ օգնեց, որպեսզի շատերը փրկվեն եւ դուրս գան շրջափակումից:
Ֆիլմը չի վաճառվում, Հովհաննիսյանը ինքը բաժանում է ուսհաստատություններին, ցուցադրվել է հեռուսաընկերություններով:
“Ես իմ պարտքն եմ համարում ցուցադրել այն նյութերը, որոնք ես եմ նկարահանել պատերազմի ժամանակ: Արդեն ունեմ մոտ 20 ֆիլմեր արցախյան պատերազմի մասին”,-“Հենարան” ակումբում լրագրողներին ասաց նա: