Այս տխուր ազդանշանից մենք՝ հայերս, պետք է հետևություն անենք. Դավիթ Գասպարյանը՝ Կարագանդայում տեղի ունեցած սպանության մասին
Դեկտեմբերի 31-ի գիշերը, լույս հունվարի 1-ին Ղազախստանի Կարագանդա քաղաք «Հին Հռոմ» ռեստորանում վիճաբանություն էր տեղի ունեցել։ Մեկ մարդ մահացել է, երեքը վնասվածքներ են ստացել։
Ոստիկանության աշխատակիցների կողմից անցկացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել են երեք տղամարդ՝ Մալխասյան Թորգոմ Մանվելի, Մալխասյան Սոխակ Սամվելի և Նադիրբեկով Քաիր Խամիտովիչ: Ձերբակալվածները լուրջ հանցագործություն կատարելու մեջ կասկածյալներ են ճանաչվել: Կարագանդա քաղաքի դատարանով նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Կարագանդայի մարզի ոստիկանական դեպարտամենտի աշխատակիցների կողմից Գուրուրյան Նարեկի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, ով հունվարի 7-ին ֆեյսբուքյան ուղերձի միջոցով ցավակցել է զոհվածի ընտանիքի անդամներին, ապա հայտնել է, որ ինքը չի սպանել տղային։ Պատրաստ է հանձնվել իրավապահներին, եթե միայն ապահովեն իր անվտանգությունը:
«Հայերը սփռված են աշխարհով մեկ: Ղազախստանը թյուրքական ցեղերից մեկն է, այնտեղ 119 ազգություններ են ապրում: Իսկ կատարվածն ազդանշան է: Հրեաները, մինչև պետություն ստեղծելը, հակահրեական ընդհարումներ էին հրահրում, որպեսզի միավորվեն: Այն ուժեղացնում էիր հայրենիքում հավաքվելու գաղափարը: Այս տխուր ազդանշանից մենք՝ հայերս, պետք է հետևություն անենք: Ինչքան աշխատեցին Ղազախստանի համար՝ լավ է, հիմա թող գան ու իրենց հայրենիքում աշխատեն: Կամաց-կամաց իրենց հայացքը Հայաստան պետք է ուղղեն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը:
Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն էլ նշեց. «Ցանկալի կլիներ, որ ստույգ իմանայինք, թե ի՞նչ է եղել: Ինֆորմացիայի պակաս կա: Վերջերս Ղազախստանում էի, ուր տարբեր ազգեր են ապրում: Ամեն վայրկյան հնարավոր են կոնֆլիկտներ, և այստեղ կարևոր է, թե ի՞նչ ենք անում այդ համայնքներում: Ինչ վերաբերում է ադրբեջանցիների մասնակցությանն այս վեճին, ապա վեճեր հրահրելը, նման պայմաններ ստեղծելը նրանց ծրագրերից է, իսկ մենք այս առումով միամիտ ենք: Շատ վտանգներ կարող են լինել, որովհետև նրանք ամենուր այդ ծրագրով են գործում, անգամ Հայաստանում: Ինչո՞ւ չենք մտածում, որ տարբեր երկրների միջոցով գաղափարներ, ծրագրեր կարող են ՀՀ ներմուծել: Նախկինում ունեինք Միգրացիայի վարչություն, այն հիմա նույնպես անհրաժեշտ է, որպեսզի ճանաչի սփյուռքը: Սփյուռքը քարացած մարմին չէ: Միշտ պետք է հայերի վիճակի, խնդիրների մասին տեղյակ լինենք: Մենք սթափվելու կարիք ունենք»: