Սպանություն Կարագանդայում. հարուցվել է քրեական գործ ազգամիջյան թշնամանք հրահրելու հարցով
Կարագանդայի շրջանի դատախազությունը հաղորդել է ազգամիջյան թշնամանք հրահրելու հարցով քրեական գործ հարուցելու մասին, հաղորդում է Sputnik-Ղազախստան-ը:
«Կասկածյալը սոցցանցերում որոշակի ազգության ներկայացուցիչների նկատմամբ բռնության կոչ էր անում ռեստորանում ամանորի գիշերը աղմկահարույց սպանությունից հետո »,-նշում է գործակալությունը:
Այսօր երիտասարդի սպանության հետ կապված հարյուրավոր ղազախներ բողոքի ցույց են անցկացրել:
Հիշեցնենք, որ հունվարի 1-ին Կարագանդայում «Դրեւնի Րիմ» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ծեծկռտուք մի խումբ երիտասարդների միջեւ, ինչի հետևանքովսպանվել է 23-ամյա ղազախ տղամարդ:
Կասկածյալներից երեքը հայեր են:
Ավելի վաղ NUR.KZ գործակալությունը հայտնել էր, ոստիկանության աշխատակիցների կողմից անցկացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել եւ ձերբակալվել է երեք տղամարդ՝ Մալխասյան Թորգոմ Մանվելի, Մալխասյան Սոխակ Սամվելի եւ Նադիրբեկով Քաիր Խամիտովիչ: Ձերբակալվածները լուրջ հանցագործություն կատարելու մեջ կասկածյալներ են ճանաչվել: Կարագանդա քաղաքի դատարանով նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Նաեւ Կարագանդայի մարզի ոստիկանական դեպարտամենտի աշխատակիցների կողմից Գուրուրյան Նարեկի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, հաղորդել են գերատեսչությունում:
Ավելի վաղ այս կապակցությամբ Ղազախստանում Հայաստանի դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ, որում իր ցավակցություններն է հայտնել սպանվածի հարազատներին ու մտերիմներին:
«Ղազախստանը բազմազգ պետություն է, որտեղ ավանդաբար իշխում են միջմշակութային համերաշխությունը եւ բացառիկ հանդուրժողականությունն էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ:
Հուսով ենք, որ զանգվածային լրատվամիջոցները կհենվեն պաշտոնական աղբյուրների վրա եւ չեն տարածի սոցիալական ցանցերում չճշտված տեղեկատվություն, որը կարող է դառնալ հասարակական կարծիքի մանիպուլյացիայի աղբյուր եւ այս ողբերգությանը հաղորդել ազգամիջյան հիմքի վրա հակամարտության երանգ», – ասված է դեսպանատան հայտարարության մեջ: